Երևան

Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը

2454
(Թարմացված է 23:26 03.03.2020)
Երթուղային նոր համակարգը նման է լինելու շարժվող հոդերով տիկնիկի. հիմնական երթուղիներից («մարմնից») «ձեռքեր» ու «ոտքեր» են դուրս գալու։ Մի երթուղին մյուսով փոխելիս հավելյալ վճարելու կարիք չի լինելու, քանի որ գործելու է միասնական տոմսի համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ավելի քան մեկ տարի է` Երևանում քննարկվում է տրանսպորտային նոր համակարգի սխեման։ Տրանսպորտային համակարգը, ամենայն հավանականությամբ, ավելի արագ չի աշխատի դրանից, բայց աշխատավայր և տուն կհասնենք ոչ այնպես ճմռթված, ինչպես հիմա։

Միկրոավտաբուսների երթուղիները քաղաքում ամբողջովին կփակվեն։ Հիմնական քաղաքային մայրուղիներով կերթևեկեն խոշոր ավտոբուսները։ Հիմնական գծերից բացի, կլինեն նաև երկրորդական գծեր։ Երթուղիների մոտ կեսի դեպքում հարկավոր կլինի փոխել տրանսպորտը, սակայն քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու համար ուղևորությունը մի քանի րոպեով, բայց կկրճատվի (կտևի 55 րոպե)։ Իսկ փոխելու դեպքում երկրորդ անգամ վճարելու կարիք չի լինի. կգործի վճարման միասնական էլեկտրոնային համակարգ։ Մեկ ուղևորության համար վճարելով` հնարավոր կլինի 55 րոպե երթևեկել ցանկացած ավտոբուսով։

Տրոլեյբուսների և մետրոյի մասին

Միասնական տոմսով հնարավոր կլինի նաև ավտոբուսից իջնել և մետրո նստել։ Ճիշտ է, նոր տրանսպորտային սխեմայում ոչ մի տեղ չի երևում Աջափնյակ համայնքում նախատեսված մետրոյի նոր կայարանը (որի կառուցման աշխատանքները դադարեցվել են ԽՍՀՄ–ի փլուզումից հետո)։ Մի քանի տարի է` այն պատրաստվում են վերակառուցել, բայց սառույցը տեղից դեռ չի շարժվում։

«Մենք հիմնվում ենք ուղևորահոսքի առկա, ոչ թե կանխատեսումային ցուցանիշների վրա։ Իսկ երբ կհայտնվի նոր կայարանը, տրանսպորտային սխեման կարելի է փոխել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վազգեն Հարությունյանը ։

Մասնավոր ընկերություններից մեկը (որի անունը դեռ չի բացահայտվում) ցանկանում է ապագա կայարանի կողքին խոշոր առևտրի կենտրոն կառուցել։ Որպեսզի այն ավելի գրավիչ դառնա, ընկերությունը պատրաստ է վճարել կայարանի կառուցման գումարի մի մասը։ Անցած տարվա աշնանը քաղաքապետարանը հրապարակեց դրա էսքիզը։ Դրանից հետո բանակցային առաջընթացի մասին լուր չի եղել։

Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, ապա այս պահին Երևանում հինգ երթուղի կա (հինգ անգամ պակաս, քան խորհրդային ժամանակներում)։ Այժմ քննարկվում է Կոմիտասի պողոտայից մինչև Դավթաշեն թաղամաս տանող տրոլեյբուսային գիծ անցկացնելու հնարավորությունը։ Երկու տարբերակ կա` մալուխ անցկացնել Դավթաշենի կամրջով և շարունակել դեպի թաղամաս, կամ դուրս բերել էլեկտրաբուսներ, որոնք, Դավիթաշեն թեքվելով, կանջատվեն մալուխներից և կընթանան մարտկոցների հաշվին, իսկ հետդարձին նորից կմիանան մալուխային ցանցին։

Սակայն սրանք բոլորը ընդամենը տեսական քննարկումներ են։ Դրանց համար դեռևս ոչ մի նախագիծ կազմված չէ։

Ավտոբուսները մետրոյից արա՞գ են

Մետրոն ոչ միայն էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, այլ նաև արագընթաց տրանսպորտային միջոց է։ Առաջ երևանցիներին թվում էր, թե մետրոյի կայարանից դեռ պետք է քայլել, երթուղայինը ավելի շուտ կհասցնի, համարյա տան մոտ է հասնում։ Մյուս համընդհանուր կարծիքն այն էր, թե տրոլեյբուսը հազիվ է սողում, իսկ երթուղայինը մի ակնթարթում տեղ է հասնում։

Հիմա երկու պատկերացումներն էլ հնացել են։ Քաղաքում այնքան մեքենա կա, որ դրանց մեջ «խրվում–մնում են» թե՛ երթուղայինները, թե՛ տրոլեյբուսները։ Ավտոբուսների և երթուղայինների միջին արագությունը 16-17 կմ/ժ է։ Արագության հարցում շատ չեն տարբերվում տրոլեյբուսներից։ Հարմարավետության առումով` առավել ևս։ Ընդ որում` տեսնելով նոր ավտոբուսների մասին հայտարարությունները` պետք չէ մոռանալ, որ դրանք կարող են երթուղայիններից ավելի գեղեցիկ ու հարմարավետ լինել, բայց ոչ ավելի արագ։

«Ավտոբուսային նոր համակարգով միջին արագությունը կարելի է ավելացնել առավելագույնը մինչև 20կմ/ժ։ Ավելին սպասել պետք չէ»,–նշեց փոխքաղաքապետը։

Ուրեմն ի՞նչ կապ ունի այստեղ մետրոն։ Ասե՛նք։ Գնացքի արագությունը գրեթե 1.5 անգամ բարձր է` 35 կմ/ժ, և ոչ մի խցանումից կախված չէ։

Ինչու են վարորդները զրկվել վարորդական իրավունքի վկայականից. տեսանյութ

Ի լրումն դրա, ինչպես նշեցինք, թե՛ մետրոն, թե՛ տրոլեյբուսները ավտոբուսներից շատ ավելի հարմարավետ են։ Ներսում շարժիչի աղմուկ և վիբրացիա չկա, դրսում էլ արտանետվող գազեր չկան։

Չարյաց փոքրագույնը

Երթուղային տաքսիներին զուգահեռ քաղաքից կանհետանան նաև դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսները։ Քաղաքապետարանը ցանկանում է միայն սեղմված գազով աշխատող ավտոբուսներ գնել, որովհետև գազի գինը եռակի էժան է, իսկ արտանետումները` ավելի քիչ։

«Աշխարհում քիչ չեն սեղմված գազով աշխատող ավտոբուսների մոդելները։ Ամբողջ աշխարհի տարբեր արտադրողներ մեզ ներկայացրել են այդ մոդելները»,– նշեց Հարությունյանը։

Այժմ ավտոարտադրողները իրենք են ներկայացնում իրենց մոդելները` հետաքրքրություն ցուցաբերելով երևանյան ծրագրերի հանդեպ։ Նախկինում երթուղային ցանցը բաժանված էր երկու տասնյակ ընկերությունների միջև, և դրանցից յուրաքանչյուրը մի քանի գիծ էր կառավարում։ Հետևաբար նրանք մեկ կամ մի քանի միավոր ավտոբուսներ էին գնում։ Հիմա ամբողջ ցանցը կառավարելու է քաղաքապետարանը, որին մի քանի հարյուր ավտոբուս հարկավոր կլինի։ Իսկ այդպիսի խոսակցությունն արդեն հետաքրքրում է աշխարհի ցանկացած ավտոգործարանին։ Ամենաշահավետ առաջարկը կընտրվի մրցութային հիմունքով։

«Մենք նաև ճշտել ենք դրանց տեխնիկական բնութագրերը` հաշվի առնելով Երևանի ռելիեֆը` արդյո՞ք դրանք կկարողանան բարձրանալ 18 աստիճան ճանապարհային թեքությունը։ Գրեթե այս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ստացել ենք»,– ասաց Հարությունյանը։

Ավելի լավ է քիչ, բայց լավ

Քաղաքային տրանսպորտի վրա կատարվող ծախսերը կկրճատվեն, քանի որ ավտոբուսներ (և երթուղիները) երկու անգամ քիչ կլինեն։ Նոր ավտոբուսներն ավելի մեծ կլինեն, բայց հարցը միայն դա չէ։

«Հիմա քաղաքում զուգահեռ երթուղիներ շատ կան։ Քաղաքի ամենաաշխույժ փողոցներից մի քանիսում զուգահեռ մինչև 10 երթուղի է անցնում։ Նոր ցանցում նման բան չի լինի»,– ընդգծեց փոխքաղաքապետը։

Երթուղային նոր ցանցը շարժվող հոդերով տիկնիկ կհիշեցնի. հիմնական երթուղիներից («մարմնից») «ձեռքեր» ու «ոտքեր» դուրս կգան։ Մի երթուղին մյուսով փոխելիս, ինչպես արդեն նշեցինք, հավելյալ վճարելու կարիք չի լինի։

Որպեսզի երթուղային ցանցը գոնե մի քիչ ավելի արագ լինի, հիմնական մայրուղիներում հատուկ գծեր կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար (որոնց նախանձով են նայելու գերծանրաբեռնված Երևանի մեքենաների վարորդները)։ Այդպես հնարավոր կլինի քիչ թե շատ ճշգրիտ հաշվարկել ավտոբուսների ընթացքի ժամանակը։ Դա խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ երթուղիները կապված են լինելու մեկը մյուսի հետ։

«Եթե երկրորդական ավտոբուսն ուշ հասնի կանգառ, գլխավորն արդեն գնացած կլինի, և ուղևորները ստիպված կլինեն սպասել։ Այդպիսի շեղումներ չպետք է լինեն»,–ընդգծեց փոխքաղաքապետը։

Պիկ ժամերին ավտոբուսները կգան 6 րոպեն մեկ, սովորական ժամերին` 10-15 րոպեն մեկ։

Էլեկտրաբուսներ

Տարեցտարի էլեկտրաբուսներն ավելի ու ավելի են էժանանում` հիմնականում Չինաստանի շնորհիվ։ Այնտեղ դրանց թիվն արդեն հարյուր հազարների է հասել։ Իսկ մարտկոցների գինը (ինքնարժեքի կարևոր բաղադրիչն է) շարունակ իջնում է։ Համաձայն մի ուսումնասիրության` մարտկոցների գինը 2030թ.–ին 2017թ.–ի համեմատ երեք անգամ կարող է իջնել։

Բացի այդ, էլեկտրաբուսների օգտագործման ծախսերը ևս շատ ավելի քիչ են (քանի որ դրանց շարժիչի կառուցվածքը շատ ավելի պարզ է)։ Ճիշտ է, բացի մարտկոցներից, պետք է լուծել նաև լիցքավորման կայանների հարցը։ Դրանք կարելի է տեղավորել ավտոբուսային կայաններում, բայց այդ դեպքում լիցքավորումը երկար կտևի (օրինակ` երեկոյից մինչև առավոտ)։ Կան նաև արագ լիցքավորման կայաններ։ Այդպիսիք օգտագործելու դեպքում հնարավոր կլինի ավտոբուսների վրա ոչ այդքան խոշոր մարտկոցներ տեղադրել։ Սակայն առայժմ նման կայանները բավական թանկ արժեն։ Հաշվի առնելով այդ ամենը` քաղաքապետարանն առայժմ պատրաստ չէ էլեկտրաբուսներ գնել, եթե որևէ մեկը դրանց համար դրամաշնորհ չառաջարկի։

Ով է վճարելու

Ավտոբուսների գնման վարկերի բանակցություններ են ընթանում թե՛ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, թե՛ Ասիական զարգացման բանկի, թե մի քանի այլ կազմակերպությունների հետ։

Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

Ընդ որում` ցանկանում են ֆինանսական բեռի մի մասը թողնել ավտոբուսներ մատակարարողների վրա։ Ինչպես արդեն նշեցինք, նրանք հետաքրքրված են երևանյան տրանսպորտով (ո՞վ չի ուզում մի քանի հարյուր ավտոբուս վաճառել, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ հազարավոր կամ ավելի քան հարյուր հազար դոլար արժե)։ Սակայն գնման մրցույթում պայման է լինելու. մատակարարը պարտավոր կլինի մի քանի տարի շարունակ ինքնուրույն սպասարկել իր տեխնիկան։

«Այդ դեպքում մատակարարը կմտածի ոչ միայն այն մասին, որ մեզնից եկամուտ ստանա, այլև որ որակյալ մեքենաներ մատակարարի»,–ընդգծեց Հարությունյանը։

Իսկ որքա՞ն ենք վճարելու մենք

Դեռ պարզ չէ, թե որքան է լինելու ուղեվարձը, և արդյոք ուժի մեջ կմնա գործող 100 դրամը։ Ուղեվարձի վերջնական արժեքը կհաստատեն քննարկումների արդյունքում։ Բայց գինը հնարավոր չէ շատ բարձրացնել, օրինակ` կարելի է դարձնել 120, բայց ոչ 200 դրամ։ Մանրադրամով վճարելը շատ անհարմար կլինի, իսկ այ քարտերով` շատ հեշտ։ Բացի այդ, մեկ ուղևորության ընթացքում հնարավոր կլինի մի քանի տեսակի տրանսպորտ փոխել։

Մենք փոքր–ինչ շտապեցինք` հարցնելով` որքա՞ն ենք մենք, ի վերջո, վճարելու։ Այս դեպքում ավելի կարևոր է հարցնել` ե՞րբ է այս ամենը, ի վերջո, գործելու։ Հենց այդ է, որ առայժմ լրիվ հասկանալի չէ։ Բայց քաղաքապետարանում բանակցություններն ու քննարկումները շարունակվում են։

2454
թեգերը:
ավտոբուս, տրոլեյբուս, մետրո, Երևանի քաղաքապետարան, Տրանսպորտ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները
Դուռը կամաց փակեք. գիտե՞նք, թե ում ենք վստահում մեր կյանքը
Քեյան. «Նոր օրինագծի համաձայն` շատ տեղերից կարմիր գծերը կվերանան»
Դավիթ Անանյան. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը

431
(Թարմացված է 00:50 05.06.2020)
Անանյանի անսպասելի հեռացումը կապում են ծխախոտի մաքսանենգության լուրերի հետ։ Գուցե նա չի ցանկացել, որ այդ լուրերն իր հետ որևէ կերպ առնչություն ունենան։ Սակայն սա ամենևին էլ միակ բանը չէ, ինչ կարելի է հիշել Անանյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik, Արամ Գարեգինյան. ՀՀ ՊԵԿ–ի ղեկավարի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականը շատերի համար անսպասելի էր։ «Գլխավոր հարկային ծառայողը» որևէ պարզաբանում չի տվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երբեք չի հապաղում արտահայտվելիս, նման կարևոր հարցին դեռ չի արձագանքել։

Անանյանի հետ միշտ հնարավոր է եղել երկխոսություն վարել, նա ունակ է լսել ուրիշի կարծիքը, նույնիսկ եթե համաձայն չէ նրա հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը։ Անանյանի հետ նա մշտապես հարցեր է քննարկելիս եղել, քանի որ ՊԵԿ–ին առընթեր հանրային խորհրդի անդամ է։

«Մեր քննարկումները ձևական չեն եղել։ Երբ ես որևէ հարց եմ առաջ քաշել, նույնիսկ անհարմար, կամ կապված բիզնեսի և հարկայինի աշխատանքի հետ, նրա հետ միշտ հնարավոր է եղել քննարկել այդ ամենն ըստ էության», – հավելեց նա։

Ինչ վերաբերում է նրա հեռանալու հավանական պատճառներին, ապա շատերը դրանք տեսնում են, սակայն էթիկայից ելնելով` նախընտրում են ոչինչ չասել։ Ասում են` թող նախ խոսի ինքը` Անանյանը։

Նրա հետ շփված մարդիկ նշում են, որ եթե հրաժարականի պատճառը վերջերս տեղի ունեցած «ծխախոտային սկանդալն» է, ապա նա իսկապես կարող էր դրա համար հեռանալ։ Անանյանը սկզբունքային մարդ է, ասեկոսեներ իր մեջքի հետևից չի հանդուրժի։ Հավանաբար նա պարզապես չի ցանկացել, որ այդ լուրերը որևէ կերպ կապեն իր անվան հետ (քանի որ որպես ՊԵԿ–ի ղեկավար, նա համակարգում էր և՛ հարկայինը, և՛ մաքսայինը)։

Այսպես են ասում ոչ միայն նոր իշխանության կողմնակիցները։ Ընդհանրապես Հայաստանում տնտեսագետներն ու ֆինանսիստները միմյանց գնահատում են ոչ թե որպես «հներ» կամ «նորեր», այլ որպես մասնագետներ։ Իրենց համար, օրինակ, Վարդան Արամյանը կամ Վաչե Գաբրիելյանը նախևառաջ բարձրակարգ մասնագետներ են և հետո միայն անցած իշխանությունների օրոք աշխատած նախարարներ (առավել ևս, որ այն ժամանակվա իշխանությունների քաղաքական «բարիկադներում» իրենք երբեք էլ չեն եղել)։

Նույնը Դավիթ Անանյանի հետ է։ Նրա դեպքում «նախկինների» և «ներկաների» բաժանումը նույնպես պայմանական է` այդ թվում նաև այն պատճառով, որ նախկին իշխանությունների օրոք նա ֆինանսների փոխնախարար էր։ Այստեղ նրան «բերել էր» նույն Վարդան Արամյանը։ Երբ Կարեն Կարապետյանի (ՀՀ նախկին վարչապետ) օրոք նա գլխավորեց Ֆինանսների նախարարությունը, անմիջապես Անանյանին բերեց իր տեղակալ նշանակեց։ Անձնական զրույցներում Արամյանն այդ փաստը մեծ հաջողություն էր անվանում` համոզել և պետական ծառայության բերել պրոֆեսիոնալի, որը մասնավոր ընկերությունում մի քանի անգամ ավել էր վաստակում (նույնիսկ պարգևավճարները հաշվի առնելով, որոնք նրան սկսեցին վճարել պետական հատվածում)։

Կարեն Կարապետյանի օրոք Անանյանը պատասխանատու էր հարկային օրենսդրության մշակման համար, իսկ Փաշինյանի կառավարության օրոք ՊԵԿ–ում հուսալի թիկունք ստեղծեց նոր իշխանությունների համար։ Վարչապետը բազմիցս ասել է (և ոչ անհիմն), որ նոր իշխանությունը կատարում է կենսաթոշակառուներին և բժիշկներին, զինծառայողներին և փրկարարներին ուղղված խոստումները։ Սակայն աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ։

Պետբյուջեի կատարողականն ավելացել է, բայց Անանյանը խորհուրդ է տալիս այլ հարցի շուրջ մտածել

Երբ 2019 թվականին առաջին անգամ հնչեց, որ բյուջեի եկամուտները միանգամից 25%–ով աճել են, քչերը դրան ուշադրություն դարձրին։ Իսկ դա նշանակում էր, որ հարկային տեսուչները ստվերից դուրս են բերել այնպիսի «տուզերի», ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանն իր «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցով և Գագիկ Ծառուկյանը` իրեն պատկանող գազալցակայաններով։ Եթե հարկային ծառայությունը գոնե փոքր ինչ սխալվեր նրանց պարտավորությունների հաշվարկներում, եթե նրանց ավել գեթ մեկ հազար դոլար վերագրեր, նրանց փորձառու (և բարձր վարձատրվող) իրավաբաններն ու մենեջերները հայցեր կներկայացնեին դատարաններ, իսկ նախկին իշխանությունները կխոսեին անցանկալի գործարարների «հարկային տեռորի» մասին։

Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը տեղի չեն ունեցել։ Հարկայինի աշխատանքը, ինչպես լավ բժիշկի աշխատանքը, պարզապես չնկատեցին։ Եվ երբ սկսեցին աճել աշխատավարձերը և կենսաթոշակները, ոչ ոք չհիշեց` որտեղից և ինչպես այդ ամենի համար գումար գտնվեց։

Ճիշտ նույն կերպ` առանց բարձրագոչ հայտարարությունների, ՊԵԿ–ը սկսեց նոր հարկեր գանձել առցանց տոտալիզատորներից և խաղատներից։ Նախկինում նրանք ֆիքսված տուրք էին վճարում։ Եվ կարևոր չէ, որ իրենց շրջանառությունը մշտապես աճում էր և գնալով ավելի շատ մարդիկ էին սկսում խաղադրույքներ կատարել` նրանք գրեթե նույն հարկն էին վճարում։

Եվ ահա 2020 թվականից Փաշինյանի կառավարությունը սկսեց խաղատներից եկամտահարկ գանձել։ Պարզ ասած` որքան խաղատներում մարդիկ ավելի շատ գումարներ թողնեն, այնքան նրանք շատ հարկ պետք է վճարեն։ Հեշտ է ասելը, իսկ ինչպե՞ս ստուգել, թե որքան խաղադրույք է ընդունել առցանց խաղատունը, առավել ևս, եթե նրա սերվերներն արտերկրում են գտնվում։

Այդ հարցին Անանյանն իր «ֆիրմային» ժպիտով պատասխանեց. «Ձեր թույլտվությամբ` չեմ բացահայտի մեր գործողությունների ամբողջ համակարգը։ Բայց մի անհանգստացեք, կտեսնենք։ Այն էլ ինչպես կտեսնենք»։

ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան

Եվ նա գիտեր` ինչ էր ասում։ 2020 թվականի առաջին կիսամյակում ոլորտի խոշոր հարկատու «Դիջիթեյն» ընկերությունը (TotoGaming տոտալիզատորի կառավարիչ) կրկնակի շատ է հարկ վճարել, քան 2019 թվականի նույն եռամսյակի ընթացքում, իսկ «Վիվարո բեթինգ» ու «Վիվարո գրուպ» ընկերությունները (մեկ այլ խոշոր խաղային հոլդինգի կառավարողներ)` մեկ երրորդով ավել։ Եվ եթե այսօր ճգնաժամից տուժածներին չեն ասում «դիմացե՛ք, ամեն ինչ լավ կլինի» (ինչպես դա անում էին իշխանությունները 2008-2009 թվականներին), այլ թող որ փոքր, բայց օգնություն են տրամադրում, դա ինչպես կառավարության ձեռքբերումն է ընդհանրապես, այնպես էլ ՊԵԿ–ինը` մասնավորապես։

Անկախ նրանից` ծխախոտի մաքսանենգություն եղել է, թե ոչ, Անանյանի իրավահաջորդը ոչ միայն պետք է պարզի դա, այլև նույնքան հստակ բյուջե գումար բերի։ Այսօր, վիրուսի պայմաններում, սա անհրաժեշտ է` ինչպես երբեք։

Բեռների առաքման նորագույն տարբերակ. Անանյանը խոսել է մաքսային հսկողության թվայնացման մասին

431
թեգերը:
Հրաժարական, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Դավիթ Անանյան
Ըստ թեմայի
Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես
ՀԿ-ների հաշվետվողականությունն ու «բարի թագավորի» վարկածը. Անանյանը նախագիծ ներկայացրեց
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
Ախտահանում են ԱԺ նիստերի դահլիճը. արխիվային լուսանկար

Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների․ լուսանկարներ

80
(Թարմացված է 22:31 04.06.2020)
Ավելի վաղ ԱԺ մի քանի պատգամավորներ կորոնավիրուսի թեստ էին հանձնել, սակայն նրանց մեջ վարակված դեռևս չկա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ԱԺ-ում պատրաստվում են հեռավար աշխատանքի անցնել։ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Facebook–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ։
«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների», - գրել է Գալստյանը։

Լուսանկարներում երևում են մեծ հեռուստաէկրաններ, որոնք տեղադրված են նիստերի և քննարկումների դահլիճներում։

Ավելի վաղ ԱԺ մի քանի պատգամավորներ կորոնավիրուսի թեստ էին հանձնել, սակայն նրանց մեջ վարակված դեռևս չկա։

Հեռավար աշխատանքի պրակտիկան երկրում լայնորեն կիրառվել է կրթական համակարգում, ինչպես նաև մասնավոր ընկերությունների շրջանում։

Կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։ Երկրում պարտադիր է դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը, ախտանշաններ ունենալու դեպքում բուժկենտրոններ դիմելը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։

«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

80
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, ԱԺ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
ՌԴ ընկերությունների 25%-ն ուզում է, որ աշխատակիցների մի մասը շարունակի հեռավար աշխատել
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

529
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

529
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները