Բուրդ գզելու ժողովրդական արարողություն

«Ամենալավ բարձը մաքուր խիղճն է». ինչ են հուշում հին հայկական ավանդույթները

134
(Թարմացված է 09:29 17.02.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշել է ոչ վաղ անցյալում լայնորեն կիրառվող և դեռ որոշակի տարածում ունեցող հայկական ավանդույթներն ու դրանք նրբորեն կապել քաղաքական օրակարգի հետ։

Անցած ամառ Վարդավառին Ազգային ժողովի շենքի դիմաց գորգեր էին լվանում։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե որոշեին վերմակների համար բուրդ չփխել։ «Z» սերնդի (մոտավորապես 1997-2003 թվականներին ծնվածները) ներկայացուցիչներն հազիվ թե հասկանային՝ ինչ է կատարվում, իսկ հասակավոր տատիկ-պապիկները կարոտով կհիշեին այդ մոռացված ավանդույթը։

Գլուխլվայից մինչև ատամհատիկ, կամ ինչպես են հայերը պահպանել հին ավանդույթները

Իսկ ի՞նչն է անհետացել։ Նախորդ դարի հիսուն-վաթսունականներին մարդիկ ավելի լավ ու ավելի հանգիստ էին քնում ոչ թե այն պատճառով, որ օրվա քաղաքական գործիչները մի բան էին ասում, ընդդիմադիրները մեկ ուրիշ, այլ նրա համար, որ ոչխարի բրդից  «դոշակների» վրա էին քնում ու բրդյա վերմակներով ծածկվում։ Փորձը ցույց է տալիս, որ բրդյա դոշակն ու վերմակը ցանկացած քաղաքական եղանակի ժամանակ հոգու և մարմնի ներդաշնակություն են ապահովում։

Բաղրամյան պողոտայում գորգ լվանալուց սահուն անցում կատարենք բուրդ չփխելուն։

Բուրդը, բնականաբար, ամռանն էին լվանում։ Վաղ առավոտյան բակերում փալասներ էին փռում, վրան բարձ էին դնում։ Ինչ-որ մեկի մայրը (քույրը, մորաքույրը, հարսը) նստում էր բարձի վրա, ապա փալասի վրա էր լցնում լվացած ու չորացրած բուրդն ու սկսում էր թափահարել կախարդական փայտիկը։

Հարված հարվածի հետևից․․․ Հարյուր, հազար, երկու հազար հարված` լուսաբացից երեկո, մինչև բրդի գնդերը բարակեին ու փափկեին ոսկե գեղմի պես։

Բայց ինչու՞ ոսկե գեղմ։ Ոսկե գեղմի մասին առասպելը խոսում է Հին Հունաստանի ու Կովկասի միջև դեռևս վաղնջական ժամանակներից եղած կապի մասին։ Ըստ ավանդության՝ Կովկասում ոսկին ստանում էին ոչխարի մորթին ոսկեբեր գետի մեջ իջեցնելով։ Ոսկու մասնիկները մնում էին մազիկների արանքում ու այդպես գեղմը շատ արժեքավոր էր դառնում։ Ոսկի ստանալու այս տարբերակը հաստատված չէ, մինչդեռ չփխած բրդով դոշակների ու վերմակների առողջարար նշանակությունը փաստ է, որը կարող են հաստատել բազմաթիվ հայեր։

Այսօր քչերն են բրդյա դոշակներ ու վերմակներ օգտագործում, իսկ ով այդպիսիք օգտագործել է, կարող է փաստել, որ դրանց տակ ավելի լուսավոր, բարի ու մաքուր երազներ են տեսել, մինչդեռ արհեստական նյութերից պատրաստած բարձեր, վերմակներն ու դոշակներն իրենց հետ մղձավանջ են բերում։

Բուրդը մի լավ ծեծելուց հետո կանայք այն մտցնում էին վերմակասավանի մեջ, հավասարաչափ բաշխում էին, և այն արդեն պատրաստ էր։ Պատրաստի վերմակ-դոշակները նվիրում էին նորապսակներին` «Մի բարձի ծերանաք» ավանդական բարեմաղթանքով։

«Մի բարձի ծերանալը» միշտ չէ, որ ստացվում էր... Այս առիթով մի առակ պատմեմ։ 

Գեղարդը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը. ուրիշ ի՞նչ մասունքներ է նվիրել և ստացել Հայ եկեղեցին

Հնում մի հարուստ մարդ (ժամանակակից լեզվով ասած՝ օլիգարխ) տառապում էր անքնությունից։ Հաբերը, մերսումներն ու աղով լոգանքները չէին օգնում։ Հարուստը ժամանակ առ ժամանակ անգամ անկողինն էր փոխում, սակայն ապարդյուն։ Ու մի օր ծեր ծառան նրան ասաց․ «Պետք է գտնեք մի մարդու, որն ամուր ու անուշ քուն ունի, ու գնեք նրա բարձը»։

-          Գնա, ինձ համար նման բարձ գտիր, - ուրախացավ հարուստը։

Ծառան հիշեց, որ իր հայրենի գյուղում բոլորը հանգիստ քուն են մտնում։ Գնաց գյուղ ու տներից մեկից բարձր խռռոց լսեց։ Նա երկար ծեծեց դուռը, մինչև մի տղամարդ դուրս եկավ ու ասաց.

-          Այ անխիղճ, կիրակի օրով չես թողնո՞ւմ մարդ քնի։

-          Իսկ դու անքնությունից չե՞ս տառապում, - հարցրեց ծառան։

-          Հիմար հարցեր տալու փոխարեն գնա գործերովդ զբաղվի», - բարկացավ տղամարդը։

-          Բարի մարդ, վաճառիր ինձ քո բարձը,-ասաց ծառան։

Տղամարդը քմծիծաղ տվեց ու ասաց։

-          Ես բարձ չունեմ։ Առանց դրա էլ հանգիստ քնում եմ։ Ասում են՝ ամենալավ բարձը մաքուր խիղճն է։ Թող տերդ դա փորձի։

Բոլոր դեպքերում մաղթում ենք բարի գիշեր և բարի գործեր ցանկացած բարձի վրա:

134
թեգերը:
ավանդույթ, օլիգարխ, Հայաստան
Ըստ թեմայի
Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը
Աղջիկ ունեցող հայրերի համար, կամ ինչպես էին երևանցի «լավ տղերքը» ազատվում աներես փեսացուից
Այդ չարաբաստիկ գրիչը, որ սկզբում Թովմասյանի ձեռքում էր, իսկ հետո հայտնվեց Փաշինյանի մոտ