Генеральная прокуратура Армении

«Մահացած երեխան իմ ծննդաբերածը չէ». կինը պահանջում է վերաբացել իր զավակի մահվան գործը

122
(Թարմացված է 23:52 13.02.2020)
Հայաստանում անօրինական որդեգրումների թեման շարունակում է նոր թափ հավաքել: Դատախազությունն այս հարցով հերթական դիմումն է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ՀՀ քաղաքացին դիմել է իրավապահներին` պահանջելով վերացնել իր երեխայի մահվան փաստով 2017թ.-ին հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Այվազյանը Facebook-ում հայտնում է, որ կինը նախապես դիմել է Քննչական կոմիտե, որտեղից դիմումն ուղարկվել է դատախազություն։

Դիմումի քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացել են բժիշկների մասնագիտական ոչ պատշաճ գործողությունների հետևանքով երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները»,– գրում է դատախազի խորհրդականը։

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում նշված է եղել, թե «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, դատախազությունում որոշվել է դիմումն ուղարկել Քննչական կոմիտե` նյութեր նախապատրաստելու և հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով։

«Բոլորի մեջ փնտրում եմ նրա դիմագծերը». մայրը որոնում է երեխային, որին խլել են ծննդատանը

Նյութերի նախապատրաստման ընթացքում ևս, ըստ Աբրահամյանի, Նաիրա Այվազյանը պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Իսկ երբ վերջերս իր փաստաբանի հետ ծանոթացել է փորձաքննության եզրակացությանը, համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց:

«Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ, և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) հարուցվել է քրեական գործ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Իր երեխային հետ պահանջող մայրը` Նաիրա Այվազյանը, արձագանքել է Գոռ Աբրահամյանի գրառմանը։ Շնորհակալություն հայտնելով միջամտելու համար` նա այնուամենայնիվ նշում է, որ իրենք չեն հավատում, թե այսօրվա իշխանությունն արդար կգտնվի, քանի որ համակարգում դեռ մնացել են նախկին իշխանության ժամանակ աշխատած անձինք։

«Դրա համար ամուսինս ՌԴ–ում պայմանավորվել է, որ մենք նույն փորձանմուշներից ուղարկենք ՌԴ։ Այնտեղ կանցկացվի նորից փորձաքննություն`արդարության մեջ համոզված լինելու համար»,– հայտնում է կինը։

Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին

Հիշեցնենք` «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն անցնում է նաև ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով, որով կասկածվում է նորածին երեխային ծնողներից բաժանելու համար։

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։

Թե քանի երեխայի որդեգրումների փաստերի է վերաբերում գործը, նախաքննական մարմինը չի բացահայտում։

Հիշյալ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ։

122
թեգերը:
որդեգրում, նորածին, երեխա, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան
Ըստ թեմայի
Անտոնյան. «Որդեգրող ծնողն իր կարիքն է բավարարում, խնամատարը` երեխայի»
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվեց
Հայաստանում ոչ մի որդեգրում գաղտնի չի մնում. Միրա Անտոնյանը` աղմկահարույց դեպքերի մասին