Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

2368
(Թարմացված է 23:30 11.02.2020)
Եկեք անկեղծ լինենք: Արևելքում մի զարմանահրաշ երկիր կա, որի մասին իրականում, այնքան էլ շատ բան չգիտենք, այնինչ այստեղ՝ Երևանում երթևեկում ենք այդ երկրում արտադրված մեքենաներով, դիտում ենք այդ երկրում արտադրված հեռուստացույցը, կրում ենք այդ երկրում պատրաստած ժամացույցը:
Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Եվ, ի վերջո, նույնիսկ այն արևը, որով ամեն առավոտ բացվում է մեր օրը, ծագում է հենց այդ երկրում: Այո, իհարկե, խոսքը Ճապոնիայի մասին է: Փետրվարի 11-ին այնտեղ նշում են իրենց ազգային տոնը՝ Ճապոնիայի ստեղծման տարեդարձը: Ուղիղ 2680 տարի առաջ՝ մեր թվարկությունից առաջ 660 թվականին, Ճապոնիայում թագադրվեց առաջին կայսրը, և հենց այդ տարվա փետրվարն էլ համարվում է պետության հիմնադրման սկիզբը:

Ու գիտեք, հիմա, երբ խոսում եմ այս մասին, մտաբերում եմ նորանկախ Հայաստանի առաջին տարիները, երբ միանգամից էլ մի ճապոնական թեմա սկսեց շրջանառվել: Հիշում եք՝ այն ժամանակ բոլորս վստահ էինք, որ մեր «Ջերմուկով» կլցնենք ողջ աշխարհը: Ու երբ ուզում էինք նաև Ճապոնիան հեղեղել «Ջերմուկով», հանկարծ հայտնաբերեցինք, որ իրենք մեր բերած «Ջերմուկը» պարզապես բացում ու լցնում են ծովը: Ինչո՞ւ՝ որովհետև շշերն այն ժամանակ չէինք կարողանում լավ փակել, մինչև հասցնում էինք Ճապոնական  ծովի ափը, գազը դուրս էր գալիս, համն անհետանում էր ու ճապոնացիները, այդ անհամ հեղուկը փորձելուց անմիջապես հետո շիշը դատարկում էին, բայց միաժամանակ կատակում էին՝ ոչինչ, դուք ձեր «Ջերմուկը» բերեք, մենք դատարկ շշերը կօգտագործենք:

Չգիտեմ, չեմ համարձակվի պնդել, որ այս ամենը հավաստի է, բայց փաստն այն է, որ հիմա՝ մոտ 30 տարի անց մենք` հայաստանցիներս, շատ քիչ բան ենք արտահանում Ճապոնիա: Այնինչ, կարող էինք այնտեղ տանել գոնե մեր անուշահամ միրգը։ Որովհետև Ճապոնիայում շատ քիչ մրգեր են աճում։ Չեք հավատա, բայց ինչպես մենք ենք միմյանց տուն այցելելիս ծաղիկ, շոկոլադ կամ խմիչք նվիրում, այնպես էլ ճապոնացիները միմյանց միրգ են նվիրում։

Ընդհանրապես մեր` հայաստանցիներիս, և ճապոնացիների միջև կան շատ նմանություններ, բայց նաև էական տարբերություններ: Օրինակ` իրենց մոտ լեռները կազմում են երկրի ողջ տարածքի 70 տոկոսը: Համաձայնեք՝ շատ ծանոթ պատկեր է: Իրենց մոտ բնակչության 98 տոկոսը ճապոնացիներ են: էլի ծանոթ պատկեր: Իրենց մոտ գրեթե բոլորը գրագետ են, չեմ ուզում գլուխ գովել, բայց մենք էլ այս ցուցանիշով հետ չենք մնում:  Վերջապես իրենց մոտ ծխողների համար շատ հարմար տեղ է՝ գրեթե սահմանափակումներ չկան: Մեզ մոտ էլ՝ գոնե առայժմ որտեղ ուզեք հանգիստ կարող եք ծխել: Համաձայն չե՞ք` առաջին պատահած երթուղայինը նստեք: Կարող եմ գռազ գալ, որ առնվազն հինգերորդ կանգառից հետո վարորդն անպայման սիգարետը կդնի բերանին։  

Ի դեպ, տրանսպորտի մասին: Այսօր կարդացի՝ չհավատացի: Ճապոնիայում այնքան հստակ են աշխատում գնացքները, որ դրանց ուշացման միջին տևողությունը կազմում է ընդամենը 18 վայրկյան։ ՎԱՅՐԿՅԱՆ… Մի պահ պատկերացրի, որ գնում եմ, ասենք, մեր համալսարանի կանգառը, մոտենում եմ այնտեղ կանգնած ուսանողին ու հարցնում՝ տղա ջան, չես ասի, 38 համարի ավտոբուսը քանի՞ րոպեից է գալու։ Բա չի ասի՝ հոպար ջան, դու հո լուսնի՞ց չես իջել, այդ ի՞նչ հարց ես տալիս: Ավելի լավ է հարցնեիր՝ Ղարաբաղի հարցը ամսի քանիսին է լուծվելու:

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

Ի դեպ, մի այսպիսի դիտարկում էլ՝ զուտ լրագրողական, երբ աշխարհում մեծ աղետ կամ վթար է տեղի ունենում, միշտ փորձում ենք պարզել՝ տուժածների մեջ հայեր կամ հայաստանցիներ կա՞ն: Հիշում եմ` երբ 2011-ի ցունամին տեղի ունեցավ, առանձնապես չէինք էլ փորձում պարզել, որովհետև գիտեինք՝ Ճապոնիայում հայեր գրեթե չկան: Ընդամենը մի քանի տասնյակ հայկական ընտանիք է ապրում, այն էլ հիմնականում Տոկիոյում: Այնինչ մենք` հայաստանցիներս, Ճապոնիայում հյուպատոս ենք ունեցել դեռ  100 տարի առաջ՝ առաջին Հանրապետության օրոք: Եվ այդ կինը՝ Անահիտ Աղաբեկյան-Աբգարյանը, որին նաև Դիանա կամ Դայանա էին անվանում, ի դեպ, ամբողջ աշխարհում առաջին կին հյուպատոսն է եղել:

Посол Армении в Японии и на Дальнем Востоке Диана Абгар
© Sputnik / Aram Nersesyan
Դիանա Աբգար
2368
թեգերը:
հայ, Ճապոնիա, Մերձավոր Արևելք, հյուպատոսություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (428)
Ըստ թեմայի
Ինչպես են ճապոնացի փոքրիկները փայտիկներով ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչպե՞ս կառավարել միջուկային վառելիքն ու թափոնները. ՀՀ նախագահը Ճապոնիայում է
Նախագահ Սարգսյանին հրավիրել են մասնակցելու Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը
Ճապոնիայի խանութներում Պուտինի նկարներով օրացույցները վաճառքի հիթ են դարձել. տեսանյութ
Աղջիկը` հոգեբանի մոտ. արխիվային լուսանկար

8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրում

27
(Թարմացված է 19:22 31.07.2021)
Ծրագրի շահառուներն են անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամները, վերադարձած գերիները, պատերազմի մասնակիցները` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողները, տեղահանվածները։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Հայաստանում առաջին անգամ գործարկվել է պետական հոգեբանական աջակցության ծրագիր։ Ծրագրի առաջարկը կառավարությունում եղել է 44-օրյա պատերազմից հետո` 2021-ի փետրվարին։ Այն ընդունվել և ներդրվել է մայիսից և տևելու է մինչև դեկտեմբեր ամիսը։

Ծրագրի շրջանակում պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն է տրվում անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամներին, վերադարձած գերիներին, պատերազմի մասնակիցներին` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղահանվածներին։

«Մեր ժողովուրդը շատ զգայուն և շատ հայրենասեր է, և ոչ մեկը անմասն չի մնացել պատերազմի ցավից։ Ուսումնասիրելով հանրության անկումային տրամադրությունները` որոշեցինք հոգեկան առողջության կազմակերպման ծրագիր իրականացնել, թույլ տալ մեզ այն շռայլությունը, որ շատ զարգացած երկրներ կարողանում են անել», – լրագրողների ասել է արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբվյանը։

Ծրագիրն ապրիլին հանձնարարվել է ԱԻՆ–ին, մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է ընդամենը երկու կենտրոն։ Մրցույթը շահել է Սեդա Ղազարյանի անվան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, սակայն սահմանափակ ռեսուրսներ ունենալու հետևանքով այս ծրագրի վրա փոխհամաձայնությամբ աշխատում են նաև այլ կենտրոններ։

«Մինչև այս ծրագիրն էլ ԱԻՆ-ի թեժ գիծն աշխատում էր ու շարունակում է աշխատել, ստանում էինք հազարավոր զանգեր` հոգեբանական անկումնային վիճակների մասին։ Նման ահազանգեր ստանում էին նաև ՊՆ–ն և ոստիկանությունը», – բացատրելով ծրագրի կարևորությունը` ասում է Հակոբյանը։

Ծրագիրն արժե 100 մլն դրամ, դրանում ներառված են 60 հոգեբաններ, շահառուների թիվը 726 է։ Թեև շահառուները հիմնականում պատերազմից ուղիղ տուժածներն են (պատերազմի մասնակիցներ կամ տեղահանվածներ), ցանկացած քաղաքացի կարող է զանգել ծրագրի թեժ գծին։ Պարզապես, ի տարբերություն շահառուների, նման քաղաքացին կարող է անվճար հոգեբանական օգնություն ստանալ հեռախոսով, այլ ոչ թե տետ–ա–տետ։

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

«Ծրագրի շրջանակում հոգեբանը շահառուի հետ անցկացնում է ութ անվճար սեանս։ Արդեն ունենք 70-ից ավելի ավարտած դեպքեր` 70–ից ավելի մարդու հետ 8 սեանսն արվել է։ Ընդհանուր առմամբ արդեն արվել է 1700 սեանս», – նշում է արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ հոգեբանները աշխատելու են ոչ միայն անհատական սեանսներով, այլև խմբային։ Բացի այդ, կան հոգեբանների շարժական խմբեր, որոնք աշխատում են հեռավոր բնակավայրերում, մարզերում։ Կա նաև սեանսները հեռախոսով և առցանց կատարելու տարբերակ, սակայն Գրիգորյանը նշում է, որ հիմնականում մարդիկ ձգտում են կենդանի շփման։

Ինչպես բացահայտել երեխաների հոգեբանական տրավմաները. փորձագետները լուծումներ են առաջարկում

Ծրագրի իրականացման մեծ խնդիրն այն է, որ Հայաստանում մարդկանց մոտ չկա հոգեբանին այցելելու մշակույթ։ Դրա համար էլ է լուծում գտնվել` հոգեբանական կենտրոնն ինքն է փնտրում շահառուներին։

«Եթե մենք ունենում ենք փորի ցավ, դիմում ենք բժշկի, ատամի ցավ, գնում ենք ատամնաբույժի մոտ, բայց հոգու ցավի դեպքում մտածում ենք` ինքներս կլուծենք այդ հարցը։ 75-80% դեպքերում այդպես էլ կա, բայց կա 20-25% դեպքեր, երբ առանց մասնագետի դժվար է լուծել հարցը և այն գնալով բարդանում է»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Заведующий кафедрой медицинской психологии, доцент Хачатур Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Խաչատուր Գասպարյանը

Գասպարյանն ասում է, որ հոգեբանության մեջ էթիկական սկզբունք կա` անձը ինքը պետք է դիմի հոգեբանի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընդունված չէ հոգեբանական ծառայություններից օգտվել, «Ինթրա» կենտրոնի սոցիալական աշխատողներն ամեն օր զանգում են պոտենցիալ շահառուներին, տեղեկացնում, որ նման ծառայություն կա։ Համաձայն մեկ օրվա տվյալների` 34 հոգուց 6-ը ցանկացել էին օգտվել ծառայություններից (մոտ 20%–ը)։

Ծրագրի թեժ գիծն է`060 834 777։ Գծին զանգելուց և խնդիրները ներկայացնելուց հետո, քաղաքացուն ուղղորդում են կոնկրետ հոգեբանի հետ աշխատելու։ Հոգեբանական խորհրդատվության խիստ գաղտնիությունը պահպանվում է։ Ծրագրի բոլոր ութ սեանսները անվճար են։ Նշենք, որ Հայաստանում մեկ հոգեբանական սեանսը կարող է արժենալ 5 հազար դրամից 25 հազար դրամ, այսինքն` ութ սեանսի համար ընդհանուր գինը կլիներ 40 հազարից 200 հազար դրամ։

27
թեգերը:
Արցախ, Արցախյան պատերազմ, հոգեբան, օգնություն, գերի, Զոհ, Վիրավոր
Ըստ թեմայի
Պատերազմում տուժած զինծառայողների ընտանիքները հոգեբանական աջակցություն կստանան
Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները
Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին
Սոֆի Դևոյանները

«Հանգստություն է պակասում ինձ...». Սոֆի Դևոյանը ծովից լուսանկարներ է հրապարակել