Զինծառայող. արխիվային լուսանկար

«Ձյան շերտը բացվեց, մենք ձորը սահեցինք». զինվորը պատմում է ողբերգական դեպքի մասին

532
(Թարմացված է 19:56 10.02.2020)
Յոթ ամսվա պայմանագրային զինծառայողն օրեր առաջ կորցրել է իր 3 մտերիմ ընկերներին։ Նա ինքն էլ հրաշքով է ողջ մնացել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում ձնահյուսի տակ մնացած 4 պայմանագրային զինծառայողները, պարզվում է, սարի վրայից սահել են ձորակը։ Sputnik Արմենիային իրենց հետ պատահած դեպքի մանրամասները պատմեց պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։

Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում, Սյունիքի զորամասում պայմանագրային զինծառայողներ Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը մահացել էին` մնալով ձնահյուսի տակ, իսկ Համլետ Միրզոյանը մարմնական թեթև վնասվածքներ էր ստացել։

«Դիրքերից զորամաս էինք գնում։ Մենք սարի վրա էինք, ներքևում ձորն էր։ Ձյան շերտը բացվեց, ու մենք ձորակը սահեցինք։ Ընկերներս ինձնից ներքև էին սահել ու ամբողջությամբ էին խրվել ձյան մեջ, նրանց չէի էլ տեսնում»,–պատմեց Միրզոյանը։

Նրա խոսքով` չնայած այն հանգամանքին, որ ինքն էլ է ձյան մեջ թաղված եղել ու ձեռքերն ու ոտքերը չի կարողացել շարժել, բայց ի վիճակի է եղել գոռալու, օգնություն կանչելու։ Միրզոյանը նշեց`ձյան առատ շերտի տակ էլ զգացել ու հասկացել է` ինչ է կատարվում։

Որոշ ժամանակ անց տղայի ծառայակիցները լսել են նրա ձայներն ու օգնության հասել։ Միրզոյանը նշեց նաև, որ իր 3 ընկերները մահացել են ինչպես սահելու հետևանքով ստացած վնասվածքներից, այնպես էլ սառելու պատճառով։

«Ես ինձ լավ եմ զգում, արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից։ Գնում եմ քույրիկիս տուն»,–ասաց նա։

7 ամսվա պայմանագրային զինծառայողն ասում է, որ ծառայությունը շարունակելու ցանկություն չունի, քանի որ դեպքն իր վրա շատ է ազդել` մահացած զինծառայողների հետ բավական մտերիմ է եղել։

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր` ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։

Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ, մեկին չի հաջողվել գտնել. ՊՆ

532
թեգերը:
Սյունիքի մարզ, Սյունիք, Մահ, Դժբախտ պատահար, զինծառայող, Զինվոր
Ըստ թեմայի
Գեղարքունիքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել
Գեղարքունիքում ձնահյուսի տակ մահացած զինծառայողը գնացել էր ձեռնոցի հետևից. «Ժողովուրդ»
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել