ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում զինծառայողները խրամատում են եղել, երբ ձյան հաստ շերտը փլուզվել է։
Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի զորամասում պայմանագրային զինծառայողներ Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը մահացել էին` մնալով ձնահյուսի տակ, իսկ Համլետ Միրզոյանը մարմնական թեթև վնասվածքներ էր ստացել։
«Չորս պայմանագրային զինծառայողներն էլ այդ պահին եղել են մարտական հերթապահության»,–ասաց Հովհաննիսյանը։
Ողբերգական դեպք Սյունիքում. 3 զինծառայող մնացել են ձնահյուսի տակ և մահացել
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր` ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին
Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հայ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։ Ռուսական ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ենթադրում է` գեներալները չեն ուզում, որ անգամ իրենց ամենափոքր գործողությունն ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ։
«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,–ասել է Քոչարյանը։
Նախկին նախագահն ընդգծել է`չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ: Իր կարծիքը, ինչպես նշել է նա, զուտ վերլուծական հիմնավորում է։
Հիշեցնենք, որ իրադրությունը Հայաստանում հատկապես սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 4-ին օրը ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ինտեգրման այնպիսի բանաձև գտնենք, որը թույլ կտա արագ վերականգնել մեր ԶՈւ-ն»,-ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը, թաքնվելով ռազմական գաղտնիքի հետևում, չի խոսում ոչ նյութական, ոչ էլ մարդկային կորուստների մասշտաբների մասին։ Սակայն վերականգնման համար, փորձագետների գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլար է անհրաժեշտ ։
«Պետք է ԶՈւ-ն վերականգնել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ, իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք»,-նշել է Քոչարյանը։
Նա շեշտել է, որ հսկայական աշխատանք է սպասվում. պետք է ունենալ համախմբված հասարակություն, ինտելեկտուալ էլիտա, որն ունակ է գիտակցել սպառնալիքներն ու լուծումներ գտնել։
Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել։ Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։
«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։
«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։
«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։