Երեխա

Գրանցել կարող են, բայց... ինչ է պետք երկու տարեկան երեխային մանկապարտեզ ընդունելու համար

225
(Թարմացված է 15:15 10.02.2020)
Հասարակության մեջ թյուրըմբռնում կա։ 2 տարեկան երեխաների ծնողները կարծում են, որ փետրվարի 10–ից կկարողանան երեխաներին մանկապարտեզ տանել։ Sputnik Արմենիան թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. 2020 թվականի փետրվարի 10–ից ծնողները կկարողանան 2 տարեկանը լրացած իրենց երեխային հերթագրել նախընտրելի մանկապարտեզում։ Քաղաքապետարանի` վերջերս ընդունած այս որոշումը ուրախացրել էր հատկապես աշխատող ծնողներին, բայց նաև թյուրըմբռնում առաջացրել շատերի մոտ։ Sputnik Արմենիան փորձել է պարզաբանումներ ստանալ իրավասու անձից։

2017 թվականին Երևանի ավագանին մի որոշում էր կայացրել, ըստ որի՝ ծնողները երեխաներին կարող էին մանկապարտեզներում հերթագրել 3 տարեկանը լրանալուց հետո միայն։ Այս նոր որոշումը, սակայն, բնավ չի նշանակում, որ Երևանի մանկապարտեզներում ավտոմատ կերպով մսուրային խմբեր են ավելանում։

«Ծնողների մոտ թյուր կարծիք է ստեղծվել, որ եթե 2 տարեկանը լրացած երեխային հերթագրեն մանկապարտեզում, ապա նա միանգամից կընդունվի։ Բայց եթե իրենց նախընտրելի մանկապարտեզը չունի 2 տարեկան երեխաների խումբ ունենալու համապատասխան լիցենզիա, ապա չի կարող ընդունելություն կատարել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց` 2019թ.-ին մանկապարտեզներում ձևավորվել են նոր խմբեր վաղ տարիքի (կրտսեր 1) երեխաների համար։ Երևանի 161 մանկապարտեզներից 76-ում արդեն գործում են 89 մսուրային խմբեր։

Մանկապարտեզներում նոր խմբեր բացելու գործընթացը կշարունակվի նաև այս տարի։ Քաղաքապետարանը մանկապարտեզներում նոր խմբեր բացելու համար հենվում է հերթագրման թվերի վրա։

Ցուրտ միջանցքներ, տաք մթնոլորտ. Կոտայքի մարզի դպրոցներում «ուրիշ» ջերմաստիճան է

Ստեփանյանի խոսքով` քաղաքապետարանը Երևան քաղաքի մանկապարտեզների բոլոր տնօրեններին հանձնարարել է, որ իրենց մանկապարտեզների համար իրականացնեն համապատասխան լիցենզիա ստանալու գործընթացը, որի համար պետք է բարելավեն շենքային, գույքային պայմանները, որպեսզի մանկապարտեզը կարողանա կրտսեր տարիքի երեխաների համար նախատեսված խումբ ունենալ։

Մանկապարտեզները համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ են, և ֆինանսավորման հիմնական բեռը դրված է համայնքի ուսերին, սակայն երբեմն մանկապարտեզների գույքային խնդիրը կամ մասնաշենքի վերանորոգման հարցը լուծվում է միջազգային դոնոր կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ։  

«Սա մեծ գործընթաց է, որի մեկնարկն արդեն տվել ենք: Ակնկալում ենք, որ մինչև սեպտեմբեր մի շարք բարեփոխումներ կլինեն այս առումով»,–եզրափակեց վարչության պետը։

Ստեփանյանի խոսքով` նախկինում ծնողը երեխային կարող էր հերթագրել միայն իր բնակության վայրում գտնվող մանկապարտեզում, ինչն անհամաչափություն էր առաջացնում։ Այսինքն` մեծ թաղամասերում, որտեղ երեխաների թիվը շատ էր, մեծ հերթեր էին գոյանում, և հաճախ ծնողը երկար ժամանակ սպասելուց հետո ստիպված էր լինում մեկ այլ մանկապարտեզ դիմել։

«Մանկապարտեզ» կառավարման համակարգում (mankapartez.yerevan.am կայքում) ծնողները կկարողանան ոչ միայն հերթագրել երեխաներին իրենց նախընտրած մանկապարտեզում, այլև հետևել հերթին և ստանալ անհրաժեշտ տեղեկություն։

«Այս նոր կարգով կլուծվի մանկապարտեզների հերթագրումների համաչափությունը։ Չի լինի այնպես, որ մի մանկապարտեզում հերթագրումները լինեն չափից դուրս շատ, իսկ մեկ այլ մանկապարտեզում չլինեն»,–նշեց վարչության պետը

Եթե նախկինում աշնան վերջին կամ ձմռան սկզբին ծնված երեխաների հերթը 1-2 ամսվա պատճառով մեխանիկորեն հետ էր ընկնում, ապա քաղաքապետի առաջիկա որոշումներից մեկով երեխաները տարեթվով կընդունվեն մանկապարտեզ։

Հիշեցնենք, որ 2019թ․ մայիսի 3-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ անդամներ հանդես եկան մանկապարտեզներում երեխաների հերթագրումը 2 տարեկանից թույլ տալու առաջարկով։ Այն ժամանակ սույն առաջարկը մերժվեց։

Դայակ՝ պետության հաշվին․ որ դեպքերում է պետությունը կիսում ծնողի ծախսը

Հերթագրման կարգում փոփոխությունն ուժի մեջ կմտնի այս տարվա փետրվարի 10-ից։ Հերթագրում կկատարվի ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ առցանց տարբերակով։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 161 մանկապարտեզ, որոնցում կա 974 խումբ։ Երևանի մանկապարտեզներ են հաճախում  30 536 երեխա։ Այժմ մանկապարտեզներում  հերթագրված են և իրենց հերթին են սպասում 6372 երեխա։

225
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Երևան, երեխա, մանկապարտեզ
Ըստ թեմայի
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյանը խորհուրդներ է տվել
Փաշինյանը գիտի` սա էժան PR կհամարեն. վարչապետը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ