Նիկոլ Փաշինյան

«Օպերա լսեք, հանգստացեք». Նիկոլ Փաշինյանը խոսեց նախագահի որոշման մասին

238
(Թարմացված է 00:06 10.02.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ առաջարկում է ապրիլի 5-ին «այո» ասել հեղափոխությանը և դուռը շրխկացնել կոռուպցիոներների վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։

«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում ենք «այո», ազատությանը ասում ենք «այո», ապագային ասում ենք «այո» և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»,– գրել է նա։

Գրառումից րոպեներ անց Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում իր հետևորդներին օպերային երաժշտություն հրամցրեց` հավանաբար նախագծից դժգոհողներին հանգստացնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ավելի ուշ Փաշինյանը նաև հայտարարությամբ հանդես եկավ և, դիմելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, առաջարկեց ապրելի 5–ին Հայաստան գալ և կատարել քաղաքացիական պարտքը։

Փաշինյանը սփյուռքահայերին խորհուրդ տվեց օգտվել էժան ավիատոմսերից և տոմսերն ամրագրել հենց այսօրվանից։

238
թեգերը:
Արմեն Սարգսյան, հանրաքվե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան