Ռոբոտ, արխիվային լուսանկար

Հայաստանում ստեղծված ռոբոտը կփորձարկեն նաև ԱՄՆ-ում. «Մի վախեցիր, փոքրիկ»

401
(Թարմացված է 07:40 10.02.2020)
Ռոբին անունով ռոբոտը դառնում է հիվանդանոց տեղափոխված երեխաների ընկերը, օգնում է նրանց ուրախանալ ու հաղթահարել անհանգստությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Expper Technologies հայկական ընկերության ռոբոտը շուտով կարող է աշխատել ամերիկյան հիվանդանոցներում։ Ռոբոտներն աշխարհում արդեն օգնում են վիրահատություններ անել ու ախտահանել հիվանդասենյակները։ Իսկ այդ ռոբոտն ուրիշ խնդիր ունի. նա ընկերակցում է հիվանդանոց տեղափոխված երեխաներին։

«Սա Ռոբինն է, նա ընկերդ է»,- այսպես են ասում երեխաներին, որոնց բերում են երևանյան հիվանդանոցներից մեկը։ Ռոբինը պարզապես ուշադրությունը շեղող մեխանիկական խաղալիք չէ։ Նա ինչպես կարողանում է հանգստացնում է երեխաներին, կատակում նրանց հետ։

Աշխարհում արդեն սպասարկող ռոբոտներ կան, դրանց մեջ բարդ համակարգեր են օգտագործվում։ Հեշտ չէ ստեղծել ռոբոտ, որը ճանաչում է հաճախորդին, հասկանում է նրա խոսքն ու կարող է պատասխանել նրան․ «Այո, պարոն։ Ձեր համարը հինգերորդ հարկում է` վերելակի մոտ երկրորդ դուռը»։ Սակայն եթե տեխնիկապես ամեն ինչ ճիշտ արվի, ապա պետք չէ երկար մտածել՝ ինչ արտահայտություններ է պետք ներբեռնել նրա  հիշողության մեջ։ «Բարի օր, ուրախ ենք տեսնել ձեզ», «Մեր բանկը ձեզ համար նոր առաջարկ ունի»։ Պետք չէ ամեն բառը փնտրել ու հարմարեցնել։ Իսկ ի՞նչ ասել հինգ տարեկան երեխային, որին վիրահատության են տանում։ Բավական է ասել `անունս Ռոբին է, ես քո ընկերն եմ, ամեն ինչ լավ կլինի, և վերջ։

Այ քեզ բան. ռոբոտն աշխատանքի է ընդունում մարդուն, իսկ վարորդը «ոչ» է ասում արագաչափին

«Մենք երկու փորձառու հոգեբան ենք մեր թիմ հրավիրել։ Նրանք օգնել են մեզ ճիշտ խոսքեր գտնել։ Ցանկացած հարցում պետք է մասնագետ լինել, բայց սա ոչ միայն համբավի, այլ պարզապես խղճի հարց է»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Expper Technologies ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։

Հիվանդանոց եկած աղջիկներից մեկը ծնողներին ու բժշկին ասել էր` ուզում եմ նորից հիվանդանալ, ինձ հետ տարեք, ուզում եմ խաղալ Ռոբինի հետ։ Բազում այլ աղջիկներ և տղաներ ոչինչ չեն արել, պարզապես ժպտացել են, նույնիսկ ծիծաղել։ Կես ժամից այն աղջկա նման պետք է գնային դեպի անհայտություն, որը մեծերը անհասկանալի ու երեխաների համար օտար «վիրահատություն» բառով են կոչում։ Իսկ նրանք ուրախ էին։

Expper-ի թիմը ռոբոտի առաջի մոդելները հայկական խոշոր առցանց-խանութի համար է հավաքել։ Նախագծից ստացած եկամտով սկսել են կատարելագործել ռոբոտին հիվանդանոցների համար։

«Իհարկե, կարելի է շուկայում այնպիսի տեղ գտնել, որտեղ կարելի է ավելի շատ գումար վաստակել։ Բայց կարծում ենք՝ մարդու համար դա քիչ է։ Պետք է ստեղծել արժեքավոր մի բան, որն ինչ-որ բան կփոխի մեր կյանքում ու պետքական կլինի»,- ասաց Կարենը։

Ռոբոտը ոչ թե պարզապես տեղաշարժվում է ու էկրանի վրա բառեր գրում, նրա (չեմ կարող Ռոբինին գրեմ «դրա», հետո ի՞նչ, որ շնչավոր չէ) հույզերը կախված են իրավիճակից ու իրեն ուղղված խոսքերից, իր տեսած դեմքի արտահայտությունից։ Այսինքն` եթե երեխան, ասենք, բղավի ռոբոտի վրա՝ կորի գնա, հիմար, ռոբոտը հերթական անգամ չի կրկնի՝ ամեն ինչ լավ է լինելու, ընկեր, այլ կպատասխանի. «Մի բարկացիր, Արմեն (կամ Կարինե, կամ Պետյա, կամ Ջոնի), դա մեզ չի օգնի։ Դու առողջ ես լինելու։ Գիտես, չէ՞՝ դու ինչքան ես բոլորից պետք»։ Ռոբոտը մտապահում է երեխաներին, որոնց հետ շփվում է, ու յուրաքանչյուրի հետ խոսելիս հիշում է՝ ինչ հիվանդություն ունի երեխան ու ինչի մասին է խոսել։

Ռոբոտին սովորեցրել են կրկնօրինակել մարդու ձեռագիրն ու նկարել Մոնա Լիզային. տեսանյութ

Իհարկե ո՛չ ռոբոտը, ո՛չ հեռախոսը, ո՛չ էլ պլանշետը չեն կարող փոխարինել կենդանի շփմանը (հուսանք՝ երբեք չենք մոռանա դրա մասին)։ Բայց երբ երեխան անհանգիստ է, ինչ-որ տեղն է ցավում կամ պարզապես վախենում է, նրան ամեն բան կարող է օգնել, անգամ ժպտացող ռոբոտը։  

«Իհարկե, ծնողներն էլ, բժիշկներն էլ երեխայի կողքին են։ Իսկ ռոբոտը կօգնի մեկ անգամ էլ ժպտալ»,- նշեց Խաչիկյանը։

Նա ավելացրեց, որ բժշկական որոշ գործողությունների ժամանակ ռադիացիոն ֆոն է ստեղծվում, օրինակ՝ տոմոգրաֆիայի ժամանակ։ Այնպես որ ավելի լավ է՝ ռոբոտը երեխայի կողքին լինի, որ ծնողներն ավելորդ ճառագայթում չստանան։

Expper-ը Հայաստանում անցկացված փորձարկումները կներկայացնի ամերիկյան մի քանի հիվանդանոցներում, Մասաաչուսեթս ու Կալիֆոռնիա նահանգներում, որից հետո ռոբոտը կսկսի օգնել նաև ամերիկացի երեխաներին, նրանց հետ արդեն անգլերեն կխոսի։

«Անգլերեն ավելի հեշտ է ռոբոտի համար խոսքեր գրել․ նյութն ավելի շատ է։ Հայերեն, իհարկե, ավելի դժվար է, բայց Հայաստանում անցկացվող փորձարկումների համար նաև հայերեն տարբերակն ենք սարքել», - ավելացրեց Խաչիկյանը։

Expper-ի ինժեներները ոչ միայն մշակել են ռոբոտի ծրագրային ապահովումը, այլև մեխանիկան ու էլեկտրոնիկան։ Հայաստանում լավ ծրագրավորողներ (որոնց երբեմն ինժեներ են անվանում, անգլերեն software engineer արտահայտությունից) կան։ Այդ պատճառով արտասահմանցիներից կարելի է հաճախ լսել` Հայաստանում շատ լավ ինժեներներ ունեք։ Սակայն բառի սովորական իմաստով ինժեներներն այդքան էլ շատ չեն։ Բայց Կարենին հաջողվել է հավաքել համախոհների։

Ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Խորասանջյանն անձամբ է ռոբոտի համար մոնտաժում տպագիր պլատաները։ Նա է ստեղծել նաև ռոբոտի տեղաշարժվելու հարթակը։ Դրա շնորհիվ Ռոբինը տեղաշարժվում է հնարավոր բոլոր ուղղություններով՝ ոչ միան առաջ ու հետ, այլև կողք ու իր առանցքի շուրջ։

Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ

Մյուս մասնագետները մշակել ու շարունակում են կատարելագործել դեմքերը, խոսքը, խոսքի երանգներն ու միմիկան ճանաչելու համակարգը։ Կարենն ու նրա ընկերները մի քանի ամիս ԱՄՆ-ում կանցկացնեն, որպեսզի տեղում հետևեն՝ ինչպես է Ռոբինն օգնում երեխաներին. նրանք հաշվի կառնեն նաև բժիշկների կարծիքները։

401
թեգերը:
վիրահատություն, ԱՄՆ, ռոբոտ, Հայաստան
Ըստ թեմայի
Արհեստական բանականությունն արդեն խոսում է Վլադիմիր Պուտինի ձայնով․ տեսանյութ
Այ քեզ բան. թռչող մեքենաները կմրցեն օդում, «տպած» մեքենայով կերթևեկեն ու ռոբոտին չեն նկատի
Հին հեռախոսը ձանձրացրե՞լ է. ամերիկահայ գործարարն ուզում է ՀՀ–ում նոր տեխնոլոգիա գործարկել
«ՆերՈւժ 2»–ը փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահանջված է մնում ամբողջ աշխարհում