ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը Հայաստանում ամենահայտնի տոներից է։ Սովորաբար սկսում են նշել առավոտից։ Այդ պատճառով նախաճաշն էլ է տոնական լինում։ Ուտեստները պատրաստում են հացահատիկային բույսերից։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով` մեր նախնիները, տոն օրերին այս ուտեստները պատրաստելիս, հացահատիկային բույսերը, այսպես ասած, զոհաբերում էին աստվածներին։
«Համարվում էր, որ այդ դեպքում բերքն ավելի առատ կլինի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամուլյանը։
Նա նաև 5 հիմնական ուտեստ առանձնացրեց, որոնք պարտադիր պատրաստում էին տոնական նախաճաշին։
Սուրբ Սարգիսը` ոչ միայն սիրահարների համար
Բաղարջը միջուկով գաթա է, որը եղել է տոնական սեղանի գլխավոր ուտեստը։ Ընդունված էր բաղարջի մեջ դնել տան և այգու բարիքներից: Կտրում էին տոնական սեղանի մոտ, և յուրաքանչյուրի կտորի միջից գտնված բարիքը խորհրդանշում էր ընտանիքի այդ անդամի ժառանգությունը, օրինակ՝ պանրի դեպքում՝ անասունը, դրամի դեպքում՝ պապենական տունը և այլն: Աղջիկների դեպքում, եթե նրա բաժնի մեջ միրգ էր լինում, ապա ասում էին, որ նրա ապագա ամուսինն այգեպան է լինելու:
Սուրբ Սարգսի տոնի ուտեստներից մեկն էլ հագեցնող ու հեշտ պատրաստվող խաշիլն է։ Մատուցում են մածնով և սոխառածով։ Ի դեպ, Սուրբ Սարգսի օրը ժողովուրդը նաև «Խաշիլի» տոն է անվանում։ Սակայն տնային տնտեսուհիներն այս ուտեստը պատրաստում են նաև առանց առիթի և հիմնականում նախաճաշին։ Հնում խաշիլից փոքրիկ գնդեր էին պատրաստում, որոնցից մեկի մեջ դնում էին լոբի կամ կորիզ՝ վիճակահանությամբ տարվա հաջողակին գտնելու նպատակով:
Եթե ցանկանում եք ձեր տոնական սեղանն ավելի բազմազան դարձնել, կարող եք նաև խավիծ եփել։ Ժամանակին ընդունված էր այս սննդարար ուտեստը տալ նաև ծննդկաններին։ Համարվում է, որ այն բուժիչ է և օգնում է շուտ վերականգնել ուժերը։ Պատրաստելը հեշտ է ու արագ. ալյուրը կամ փոխինձը հալած յուղի մեջ բովում են այնքան ժամանակ, մինչև գույնը փոխի։ Խառնուրդին ավելացնում են շաքարավազ կամ մուրաբա և ջուր լցնում վրան։ Թողնում են կրակին մինչև պատրաստվելը։
Տոնական սեղանի իսկական զարդը կլինի հալվան։ Բոված ալյուրին ավելացնում են թթվասեր, շաքարավազ կամ մուրաբա։ Այդ ամենը խառնում են մինչև միասեռ զանգված ստանալը և ավելացնում ընդեղեն կամ չիր։ Սովորաբար հալվան մատուցում են հիմնական ուտեստից հետո` որպես աղանդեր թեյի կամ սուրճի հետ։
Եթե չեք ցանկանում ո՛չ տապակել, ո՛չ թխել, ո՛չ եփել, ապա կատարյալ տարբերակ է կոլոնդրակը։ Պատրաստման համար պետք է 2 բաղադրիչ` փոխինձ և մուրաբա կամ մեղր։ Փոխինձը խառնում ենք մուրաբայի և մեղրի հետ, ստացված զանգվածից գնդիկներ ենք պատրաստում։ Ի դեպ, կարելի է նաև չիր, ընկույզ և չամիչ ավելացնել։
Նշենք, որ հնում կանայք դռան մոտ կամ կտուրին փոխինձ էին դնում: Եթե առավոտյան փոխինձի վրա հետք էին տեսնում, հավատում էին, որ դա սրբի ձիու սմբակի հետքն է, ինչը նշանակում է, որ իրենք արժանացել են սրբի բարեհաճությանը կամ նույնիսկ ավելին, մինչ այդ իրենք դրախտին արժանի կյանք են վարել:
Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։
«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար
Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։
Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:
Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.
1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:
Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը:
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Նախարարությունից տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: