Զինվորական սաղավարտներ

Երրորդ անձ և հետքերը վերացնող կա՞. պաշտպանը զինվորի մահվան գործով այլ վարկած է ասում

456
(Թարմացված է 20:23 31.01.2020)
Արցախում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդների պաշտպանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դեպքի հետ կապված դատագենետիկական փորձաքննության արդյունքները նոր վարկածներ են առաջ քաշել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Արցախում 21–ամյա զինծառայող Արթուր Աջամյանի մահվան գործով մի շարք նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Աջամյանի գործով պաշտպան Հայարփի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` վարկած է ձևավորվել, որ ոչ թե Աջամյանն ու նույն օրը, նույն դիրքում վիրավորված զինծառայող Դավիթ Մելիքբեկյանն են իրար հետ խնդիրներ ունեցել, այլ երկուսով երրորդ անձի կամ անձանց հետ խնդիրներ ունեին։

Աջամյանը հրազենային վնասվածքից մահացել է դեկտեմբերի 2–ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Եվս մեկ զինծառայող` Դավիթ Մելիքբեկյանը, վիրավորվել է, անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Լուրեր էին շրջանառվում, որ երկու զինծառայողներն իրար հետ խնդիրներ են ունեցել ու իրար հետ էլ հարցերը լուծել։

«Դատագենետիկական փորձաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են Աջամյանի ինքնաձիգը, պահեստատուփը։ Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգված է վերցվել, որի վրա արնանման հետք կար։ Ստացվել է` վիրավորի հայտնաբերման վայրից վերցված նմուշի վրա առկա հետքը չի պատկանել Աջամյանին, իսկ Աջամյանի պահեստատուփի և ինքնաձիգի վրայի հետքերը վիրավորինը չեն»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` հենց դա էլ նոր վարկած առաջ քաշելու առիթ է տվել։ Բացի այդ, ըստ Սարգսյանի, հետքերի առումով այժմ անորոշ իրավիճակ է ստեղծվել, քանի որ պարզվել է`մահացած զինծառայողի ինքնաձիգի վրա 3 տարբեր անձանց հետքեր կան։ Հայտնաբերված հետքերը, ինչպես պաշտպանին է հայտնել փորձագետը, հնարավոր չէ վերծանել։ Սարգսյանը կրկնակի փորձաքննություն է պահանջել, բայց մերժել են։

Ըստ պաշտպանի` Աջամյանի ինքնաձիգի վրա հայտնաբերված երեք հետքերը վկայում են, որ փորձել են որոշ հետքեր կոծկել։

«Ունենք նաև տեղեկություն, որ Աջամյանին ու զենքը մահից հետո սանիտարական մեքենայի մեջ են դրել։ Թե ինչու են զինվորին մեքենա տեղափոխել, չգիտենք։ Խնդիրն այն է, որ մահացածին պետք է թողնեն նույն տեղում, հակառակ դեպքում դեպքի վայրի աղավաղում է տեղի ունենում։ Եթե անգամ մտածել են, որ նա մահացած չէ և որոշել են օգնել, ապա գոնե ինքնաձիգը պետք է դեպքի վայրում թողնեին, բայց այն էլ է մեքենայի մեջ եղել»,–ասաց Սարգսյանը։

Սա, նրա կարծիքով, շահագրգիռ անձանց ձեռքի գործն է եղել, և այս դեպքում նույնպես հետքեր են ոչնչացվել։ Սարգսյանը կարծում է` փորձում են դեպքերին այնպիսի ձևակերպում տալ, որ միայն ձգանի վրա է առկա զինվորի հետքը, ինչը կարող է վկայել, թե Աջամյանն ինքն է իրեն կրակել։ Պաշտպանը գլխավոր դատախազին ուղղված բողոք է նախապատրաստում, որ սպանության հոդվածով քրգործին հանկարծ ինքնասպանության վերաորակավորում չտան։

Անդրադառնալով հարցաքննություններին` պաշտպանը հայտնեց, որ զինվորի հետ նամակագրություն ունեցող նրա հարազատներն են հարցաքննվել, և պարզվել է` Աջամյանը որոշակի խնդիր է ունեցել զորամասում։ Մասնավորապես, հրամանները, որոնք տրվել են նրան, որոշակի չարաշահումներ են պարունակել, հրաման տվողի լիազորությունների անցմամբ են եղել։ Օրինակ` նրանց շարել ու տևական ժամանակ թողել են կանգնած և այլն։ Ինչ վերաբերում է զինվորի ծառայակիցների, վերադասների հարցաքննությանը, ապա դրանք փակ են անցնում։

Պաշտպանը հայտնեց նաև, որ ևս մեկ հարց է պարզ դարձել` զինծառայողի մարմնի մասերին վնասվածքներ են եղել տարբեր վաղեմության, ինչը փաստել է դիահերձման ժամանակ ներկա գտնված անկախ փորձագետը։

«Բացի Արթուրի ճակատի և ծոծրակի վրա առկա հրազենային վնասվածքից, նրա ճակատի վրա թարմ արյունազեղում է եղել, ինչը վկայում է, որ նա կոշտ առարկայով հարված է ստացել։ Եղել են վնասվածքներ նրա ուսին, դաստակներին, մի ձեռքի վրա թարմ պատռվածք կար, մյուսի վրա` հին վերք։ Անկախ փորձագետը հաստատել է` դրանք ոչ թե դիակային բծեր են եղել, ինչպես փորձում էին ներկայացնել, այլ վնասվածքներ»,– ասաց Սարգսյանը` հիշեցնելով, որ զինծառայողի դեպքով զբաղվում է քննչական կոմիտեի հատուկ կարևոր գործերով վարչությունը։

Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողին` Դավիթ Մելիքբեկյանին, ապա նա դեռ կոմայի մեջ է։

Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին` Աջամյանի մահվան դեպքով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները դեպքի օբյեկտիվ քննություն ապահովելու և բոլոր մանրամասները պարզելու համար։

Հիշեցնենք, որ Արթուր Աջամյանի հարազատները դեկտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում ԱԺ–ի շենքի, կառավարության մոտ և արդար քննություն էին պահանջում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Աջամյանի հարազատներին ու հորդորել չկասկածել, որ գործը կբացահայտվի։ Դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` սպանության հատկանիշներով։

456
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. լուսանկարներ
ՊՆ–ն թելադրում է Քննչական կոմիտեին. զոհված զինվորի փաստաբանը չի վստահում նախաքննությանը
Ո՞վ է զինվորի հարազատներին կառավարություն բերել. պատգամավորը տեսնում է լրագրողների մեղքը
Բանակում սպանությունների և ինքնասպանությունների դեպքերն ավելացել են. ԳՇ պետն ամփոփեց տարին