Կարեն Կարապետյանի տունը Երազ թաղամասում

Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել

1782
(Թարմացված է 21:35 26.01.2020)
Տարիներ առաջ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր տունը շրջապատել է Г–աձև պատնեշով։ Այժմ փայտից և մետաղից հավաքված կառուցատարրը մեծ ռիսկ է պարունակում` ուժեղ քամու դեպքում կարող է փլվել։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երևանի Արաբկիր վարչական շրջանի Երազ թաղամասում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տանը, ըստ տեղի բնակիչների, միայն գիշերն է լույս վառվում։ Կան մարդիկ, որոնք պնդում են` Կարապետյանը վաղուց այդ տանը չի ապրում։ Սակայն հարևան բարձրահարկի, հատկապես վերևի հարկում գտնվողները հակառակն են պնդում։ Բոլորին չէ տրված տեսնել նախկին վարչապետի տան ներսի լույսը, որովհետև տունը 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պարսպապատված է։

Вид на дом Карена Карапетяна с верхних этажей соседних зданий в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում

Փայտից և մետաղից կառուցված պատնեշը 2016-ին տեղի բնակիչների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել։ Նրանք նշում էին` երբ այն կառուցվում էր, իրենց ասում էին` Կարեն Կարապետյանի և նրա ընտանիքի անվտանգության նկատառումներից ելնելով են դա անում, քանի որ նա բարձր պաշտոն է զբաղեցնում։

«Սկզբից էլ տեսել եմ` ինչպես են այն կառուցում ու հենց այդ ժամանակ էլ քանիցս բողոքել ենք։ Մի քանի խնդիր է առաջացնում պատնեշը` ստացվում է մինչև 4–րդ հարկի բնակիչները պատուհանից նայելով միայն ճաղեր են տեսնում։ Բացի այդ, հակահրդեհային պայմաններն ապահովված չեն. հրշեջ մեքենան անհրաժեշտության դեպքում ուղղակի շենքի մյուս կողմն անցնել չի կարող»,–ասաց հարևանությամբ` Ադոնցի 6/2 –ում գտնվող շենքի բնակիչ Արմեն Հակոբյանը։

Նույն շենքի մեկ այլ բնակիչ` տիկին Անահիտը, որը վերջերս է Գերմանիայից եկել Հայաստան մշտական բնակության, ասում է, որ տեսել է իրենց շենքը երիզող պատնեշն ու ապշած մնացել։ Բացի այն հանգամանքից, որ կառուցատարրի տեսքն ակնահաճո չէ և փակում է հարևանների լույսը, տիկին Անահիտին զարմացնում է փաստը` ինչի՞ համար են մարդիկ պատնեշներ կառուցում։

Իսկ առջևում գտնվող շենքում տեղակայված գրասենյակներից մեկի աշխատակիցներն առհասարակ չգիտեն` ինչ կա պատնեշի ներսում։ Նրանք նույնպես համաձայն են, որ պատնեշը հեռացվի, բայց զուտ հետաքրքրությունից դրդված։

Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ պատնեշներն ընդգրկված չեն տարածքի կառուցապատման փաստաթղթերում, այսինքն` դրանք ապօրինի են։ Դրանց գերակշիռ մասը` 80 տոկոսը, պատկանում է «Միկշինին» (Երազ թաղամասի բնակարանների մի մասը ևս պատկանում է հենց այս ընկերությանը), կառուցապատողը նույնպես այդ ընկերությունն է։ Սակայն համայնքը չի կարող պատասխանատվության ենթարկել ընկերությանը, քանի որ վաղեմության ժամկետի խնդիր կա։

Вид на ограждение дома Карена Карапетяна в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում

«Ըստ օրենքի` վարչական տույժ կարող ենք սահմանել իրավախախտումն անելուց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։ Կան, իհարկե, բացառություններ, բայց դա այս դեպքին չի վերաբերում։ Միակ ելքը կա՛մ դատարան դիմելն է, որը կարող է երկար ձգձգվել, կա՛մ էլ «Միկշինի» հետ համաձայնության գալը»,–ասաց Մանթաշյանը։

Вид на ограждение дома Карена Карапетяна в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում

Նրա խոսքով` այժմ բանակցություններ են գնում ընկերության հետ, քանի որ ուսումնասիրություններ են արվել և պարզել` ժամանակի ընթացքում փայտե կառուցատարրերը մաշվել են, իրենցից որոշակի ռիսկ են պարունակում։ Այսինքն` ուժեղ քամու դեպքում դրանց փլման վտանգ կա, տախտակները կարող են ընկնել տարբեր ուղղություններով։

Вид на ограждение дома Карена Карапетяна в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում

«Միկշինի» հետ բանակցությունների արդյունքում ընկերությունն ասել է, որ դեմ չէ դրանց ապամոնտաժմանը, եթե միայն դա համայնքն անի։ Համայնքի վրա, սակայն, այն կարող է մեծ ծախս արժենալ։ Բացի այդ, եթե պատնեշը գտնվում է «Միկշինի» տարածքում, ապա նրանք պետք է դա իրականացնեն»,–ասաց Մանթաշյանը։

Մանթաշյանն ասում է, որ խնդրի հետ կապված վերջերս նորից տեղի բնակիչներից բողոք են ստացել ու պատասխան նամակ ուղարկել` փորձում են բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալ։

Вид на ограждение дома Карена Карапетяна в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև «Միկշին» ընկերության հետ` պարզաբանում ստանալու համար, սակայն ընկերության փոխտնօրեն Դավիթ Ստեփանյանը ասաց` տեղյակ է` բանակցություններ եղել են, իսկ թե ինչ արդյունք են ունեցել դրանք, չգիտի։ Նա խոստացավ տեղեկությունը ճշտելուց հետո կապ հաստատել մեզ հետ, սակայն այդպես էլ չզանգահարեց, իսկ մեր զանգերը մնացին անպատասխան...

Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-18 թվականներին։

Вид на ограждение дома Карена Карапетяна в жилом районе Ераз
© Sputnik / Asatur Yesayants.
Կարեն Կարապետյանի տունը և պատնեշը Երազ թաղամասում
1782
թեգերը:
բողոք, Վարչապետ, տուն, Կարեն Կարապետյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել
Սամվել Կարապետյանը հրաժարվել է ներկայանալ քննչական մարմին և ցուցմունք տալ. ՔԿ
Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել