Տարադրամի փոխանակման կետ

Փոխանակման կետերի շուկան վերանում է. կառավարությունն առաջարկում է հանել լիցենզիայի պահանջը

90
(Թարմացված է 14:37 22.01.2020)
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ԱԺ պատգամավորներին հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մարդիկ փողոցում կանգնած գումար էին փոխանակում, իսկ չենջերի վրա հարձակումներ էին լինում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Փոխանակման կետերը Հայաստանում գործում են առանց լիցենզավորման։ Այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով` քանի որ օրենքի այդ կետը չի կատարվում, կառավարությունը որոշել է ընդհանրապես վերացնել լիցենզավորման պահանջը։


«Փոխանակման կետերում արդեն շատ լուրջ սահմանափակումներ կան` սկսած տեսադիտարկումից, գումարի սահմանափակումից, և այդ ռիսկը կրում է ֆիզիկական անձը, այսինքն` փոխանակման բիզնես անողը դիլեր է, որը սահմանափակ քանակով փոխանակումներ է անում ֆիզիկական անձանց միջև, իսկ իրավաբանական անձանց հետևում բանկն է, որն ունի իրավական այլ կարգավորումների դաշտ»,– ասաց Երիցյանը։
Կառավարության առաջարկը ԿԲ նախագահի տեղակալը մեկնաբանեց նաև հնարավոր ռիսկերից ՀՀ տնտեսությունն ապահովագրելու անհրաժեշտությամբ։ Առաջին ռիսկն, ըստ նրա` գնային կամայական տատանումն է։
«Այսինքն` գնագոյացում կա, բայց տակը գործարք չկա, ինչը կարող է շուկաներում էական խեղումներ առաջացնել»,– պարզաբանեց նա։
Այդ նույն ռիսկը կարող է առաջանալ նաև տնտեսվարողների դեպքում, որոնք արժույթի տատանումների հետևանքով կարող են վնասներ կրել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԿԲ նախագահի տեղակալին մեղադրեց ամբողջ ճշմարտությունը չներկայացնելու համար։

«Գրավատներն անսահմանափակ տոկոսներ են վերցնում, բայց բողոքում հարկերից». Դավիթ Անանյան

«Պարո՛ն Երիցյան, ինչո՞ւ չեք ասում, որ լիցենզիա չունեն, ոչ թե նրա համար, որ չեն դիմում, այլ որովհետև դիմում են ու ԿԲ–ից մերժում են ստանում»,– ասաց Թանդիլյանը` հիշեցնելով, որ կա կազմակերպություն, որն արդեն 2-3 տարի ԿԲ մերժման որոշումը բողոքարկում է դատարաններում։
Երիցյանը չհերքեց, որ նման դեպք կա, բայց և նշեց, որ այդ ընկերությունն անհրաժեշտ բոլոր պայմանները չի ապահովել լիցենզիա ստանալու համար։ Այլ մանրամասներ դատական գործընթացի մասին Երիցյանը չբացահայտեց։


«Փոխանակման կետերը հետընթաց են»,– ասաց Երիցյանը` հավելելով, որ այսօր կան գումարի փոխանակման ժամանակակից էլեկտրոնային գործիքներ։
«Բացի այդ, դա շատ լուրջ ռիսկ է պարունակում։ Երևի մեր հիշողության մեջ դեռ թարմ է այն պատկերը, որ մարդիկ փողոցում կանգնած գումար էին փոխանակում, հարձակումներ էին լինում չենջերի վրա և այլն։ Այդ ամենը վերացել է շատ լուրջ աշխատանքի արդյունքում։ Սա հիմա ամբողջ աշխարհում ֆիզիկական անձանց համար շատ սահմանափակ ծառայություն է, հիմնականում` տուրիստների համար։ Չնայած հիմա տուրիստներն էլ այդ խնդիրը չունեն, որովհետև «օնլայն բանքինգի» միջոցով, իրենց քարտերով կարող են վճարումներ իրականացնել»,– ասաց նա։

Հարձակվել են տարադրամի կետի վրա. իրավապահները պարզել են հանցագործի ինքնությունը

ԿԲ նախագահը կարծիք հայտնեց, որ փոխանակման կետերի շուկան պետք չէ նորից մեծացնել։ Այն պետք է մնա խիստ սահմանափակ։

90
թեգերը:
Պատգամավոր, կառավարություն, Շուկա, Հայաստան