Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան, արխիվային լուսանկար

Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells–ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին

508
(Թարմացված է 23:37 11.12.2019)
Երաժիշտը կարծում է, որ իրենց ստեղծած հիթի տակ հնարավոր կլինի պարել և ուրախանալ։ Նա նաև հույս ունի, որ Փաշինյանի ցանկությունը կկատարվի և իր երգը համաշխարհային հիթ կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը հուսով է, որ կկարողանա արդարացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հույսերը և իր գրած ամանորյա երգը իսկապես մրցունակ կլինի Jingle Bells–ի հետ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջի ուղիղ եթերով ասել էր, որ հանձնարարել է Ամանորի երգ գրել, որը պետք է ավելի հայտնի դառնա, քան Jingle Bells–ը։ Նա տեղեկացրել էր, որ մեկ երգ արդեն գրել են։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր հերթին հայտնել էր, որ երգը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ այն կկատարի երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Գարիկ Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավական երկար ժամանակ մտադիր էր Ամանորի երգ գրել և ի սկզբանե ծրագրում էր, որ այն մելոդիկ ստեղծագործություն է լինելու։ Արդեն աշխատում էր իր նոր ստեղծագործության վրա, երբ նրան զանգահարել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և խնդրել աշխույժ հիթ գրել, որի տակ հնարավոր կլինի պարել և ուրախանալ։

Երևանում այս տարվա Ամանորը շքեղ է լինելու. տոնը մոտ 700 հազար դոլար կարժենա

«Կարծում եմ` Ամանորն այն թեման է, որ ցանկացած ստեղծագործություն միտված է շատ կարճատև կյանք ունենալու, և այդ կարճ ժամանակի մեջ այն շատերին, եթե ոչ բոլորին ուրախացնելու համար է։ Բայց երգի վրա կատարվող աշխատանքներն իրենց ծավալով և ժամանակահատվածով չեն զիջում մնացած երգերի աշխատանքներին, այսինքն` տևում են օրեր, ժամեր, շաբաթներ։ Այդքանով հանդերձ, դրա ակտուալությունը կարող է տեղավորվել ուղղակի տասն օրվա մեջ ու անցնել, գնալ։ Ամեն դեպքում ամանորյա երգ ունենալը իմ ու Սոնայի համար վաղուց նպատակ ու երազանք էր», – ասաց նա։

Գարիկը մի քանի օրում գրել է երգի երաժշտությունը և որոշել, որ խոսքերը պետք է գրի Ավետ Բարսեղյանը։ Մինչև Պապոյանը կներկայացներ իր գաղափարն ու երաժշտությունը, Բարսեղյանն արդեն հորինել էր տեքստի կեսը, իսկ ավելի ուշ պատրաստի երգը կատարեց Սոնա Ռուբենյանը։ Այժմ երգը գտնվում է ավարտական փուլում, վերջին շտկումներն են արվում, նաև տեսահոլովակ է նկարահանվելու։

«Ես չգիտեի, որ վարչապետը նման խնդիր է դրել։ Նույնիսկ չէի մտածում որևէ հիթի հետ մրցունակ լինելու մասին, սակայն ինձ շատ է դուր գալիս նրա ցանկությունը։ Հաջողությունը չեն պլանավորում։ Որպես կանոն՝ դա հանկարծակի է ստացվում, սակայն հուսանք, որ Փաշինյանի ցանկությունը կկատարվի», – նշեց երգի հեղինակը։

Պապոյանը ծրագրում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 20-21–ին և ներկայացնել այն ունկնդրին։

Նշենք, որ այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00–ին։ Իսկ ժամը 22:00–ին կբացվի սուրբծննդյան տոնավաճառը։ Այնուհետև երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացվի հայ արտիստների մասնակցությամբ հետաքրքիր մյուզիքլը։

Փաշինյանի կինը հորդորում է ազատվել «խոզի բդի» գերությունից

Բուն միջոցառումները մեկնարկելու են դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00–ին Հանրապետության հրապարակում հայ աստղերի մասնակցությամբ։ 23:45–ին Հանրապետության հրապարակից ուղիղ միացմամբ ամանորյա ուղերձով հանդես է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթը հեռարձակվելու է հրապարակում տեղադրված մեծ էկրաններին։ Կեսգիշերն անց ելույթ է ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր նվագախմբով։

508
թեգերը:
Երևան, տոնածառ, Նիկոլ Փաշինյան, Ավետ Բարսեղյան, երգիչ, երգ, Գարիկ Պապոյան, Ամանոր
Ըստ թեմայի
«Ոնց որ թե 700 հազար դոլարը «պերեբոռ» է. Նաիրա Զոհրաբյանը` Նոր տարվա ծախսերի մասին
«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը
Բրեգովիչի ամանորյա հոնորարը քաղաքապետարանում համեմատում են հայ աստղերի հոնորարների հետ