Նունե Սարգսյան

ՅՈՒՆԻՍԵՖ–ը Նունե Սարգսյանին երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան է նշանակել

1202
(Թարմացված է 19:35 11.12.2019)
ՀՀ նախագահի կինը տեղեկացրել է, որ իր ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նունե Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասել է, որ երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպել է տիկին Սարգսյանին, նա անմիջապես իր աջակցությունն ու օգնությունն է առաջարկել մանկական հիմնադրամին:

«Այնուհետև ես ծանոթացա նրա գործունեությանը, ավելի լավ ճանաչեցի նրան, տեղեկացա, որ մանկագիր է, որի գրքերը շատ հայտնի են և թարգմանվում են տարբեր լեզուներով՝ հնարավորություն ընձեռելով այլ մշակույթ կրող երեխաներին կարդալ դրանք։ Տիկին Սարգսյանն այն անձանցից է, որ հոգ է տանում երեխաների մասին, փորձում է անել հնարավորը՝ երեխաների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել տիկին Սարգսյանին՝ ստանձնել երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի առաքելությունը՝ այս կերպ միավորելով մեր ջանքերը և կարևորելով այս աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»,–ասել է Տանյա Ռադոչայը:

ՀՀ նախագահի տիկինը երթևեկում է Երևանի մետրոյով. տեսանյութ

Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատվի արժանանալու համար: Շնորհավորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում գործունեության 25-ամյակի առթիվ՝ նա ընդգծել է, որ 25 տարի շարունակ մարդիկ նվիրվածությամբ իրենց աշխատանքը, ջանքերն ու եռանդն են ներդրել՝ երեխաների համար ավելի լավ կյանք ապահովելու համար:

Նա կարևորել է երեխաների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ նրանք բոլորը երջանիկ լինելու, ապահով, առողջ մանկություն ունենալու իրավունք ունեն: Տիկին Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է Հայաստանի հեռավոր գյուղերում երեխաների համար պատշաճ որակի կրթության ապահովման հարցը:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իմ ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն,-ընդգծել է նա: Ես մեծ պատվով կկատարեմ այս՝ երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները: Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են, որովհետև ամեն երեխա արտակարգ է, հրաշք է, տիեզերք է: Ամեն երեխա տաղանդ, ձիրք ունի, միայն խնդրում եմ բոլորին՝ գտեք այդ տաղանդը, փայփայեք այն և զարգացրեք, օգնեք, որ երեխան կատարելագործի այն և հետագայում օգտագործի մեր ազգի, ժողովրդի, հայրենիքի համար: Մեր երեխաները մեր կարիքն ունեն, մենք բոլորս պետք է փորձենք տալ նրանց մեր սերը, մեր գուրգուրանքը և ցույց տալ, որ նրանք միայնակ չեն և գտնվում են մի երկրում, որը կարող է նրանց մասին հոգ տանել ու ապահովել նրանց ապագան»,– ասել է ՀՀ նախագահի կինը:

Նունե Սարգսյանը հավաստիացրել է, որ իր ջանքերը կներդնի, որպեսզի երեխաներն ունենան առողջ, երջանիկ և ապահով մանկություն:

Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը

1202
թեգերը:
ՅՈՒՆԻՍԵՖ, երեխա, Նախագահ, Նունե Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր». ՀՀ նախագահը շնորհավորել է քաղաքի օրը
«Իրենցից սովորելու շատ բան ունենք». նախագահը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի հետ
Հունաստանի նախագահը ՀՀ նախագահին խոստացել է նպաստել ԵՄ հետ վիզայի ազատականացման արագացմանը