ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Պարտադիր առողջապահական ապահովագրության անցնելու դեպքում կրկնակի ապահովագրում չի լինելու, այսինքն` աշխատակիցները, որոնց գործատուն տրամադրում է առողջապահական ապահովագրություն, նոր փաթեթ ձեռք բերելու անհրաժեշտություն չեն ունենա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ, առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու Սամվել Խարազյանը։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների համար առողջապահական ծառայություններն անվճար դարձնելու նպատակով նախարարությունը հանդես է եկել առողջապահության պարտադիր հարկ կիրառելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Առաջարկվում է նոր հարկատեսակ կիրառել` բոլոր աշխատող քաղաքացիների ամսական աշխատավարձերից 4-6 տոկոսի չափով պահում կատարելով։
«Եթե արդեն իսկ որևէ մեկն ունի ապահովագրություն, ապա գործատուն կարող է նույն կերպ շարունակել վճարել իր աշխատողների փոխարեն։ Ոչ ոք ստիպված չի լինելու լրացուցիչ ծախս կատարել։ Ուղղակի մեր առաջարկած փաթեթի դեպքում դու ապահովագրում ես ոչ միայն քեզ, այլ նաև քո ընտանիքի չաշխատող անդամներին նույնպես, և քո փաթեթով նրանք էլ կարող են օգտվել բոլոր ծառայություններից»,–ասաց Խարազյանը։
ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ առողջության պարտադիր հարկ լինի. հարցում
Պարտադիր ապահովագրությունը, ըստ մասնագետի, կարևոր է նրանով, որ ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը չի կորցնի աշխատանքը, իսկ ապահովագրությունն այն երաշխիքն է, որը մարդուն հնարավորություն կտա աշխատանքը կորցնելու դեպքում ընտանիքի մեկ այլ աշխատող անդամի փաթեթով բժշկական ծառայություններից օգտվել։
Հարցին, թե ինչո՞ւ է ապահովագրական փաթեթն առաջարկվում պարտադիր սկզբունքով` արդյո՞ք ինչ-որ փորձից ելնելով են եզրահանգմանը եկել, որ կամավոր սկզբունքով այն չի «աշխատի» ՀՀ–ում` Խարազյանը պատասխանեց, թե վիճակագրությունից ելնելով են նման որոշում կայացրել։
«Հասարակության մի հատվածը` 20 տոկոսը, բժշկի չի հաճախում ֆինանսական խնդիրների պատճառով։ Ես ինքս էլ հակված չեմ բժշկի գնալ, սակայն մի հետաքրքիր ասացվածք կա` վիճակագրությանը բոլորը ծանոթ են, սակայն ոչ ոք չի մտածում, որ ինքն էլ կարող է վիճակագրության մաս դառնալ։ Բացի այդ, սովորաբար առողջական խնդիրներն անկանխատեսելի են ի հայտ գալիս ու անակնկալի բերում մեզ»,–ասաց Խարազյանը։
Գաղտնիք չէ, որ մարզերի բնակիչները մեծամասամբ նախընտրում են բուժում ստանալ Երևանի բժշկական կենտրոններում, և մտավախություն կա, որ ապահովագրության դեպքում այդ տենդենցն ավելի կաճի։ Անդրադառնալով այդ խնդրին` Խարազյանը տեղեկացրեց, որ այս փուլում դեռ քննարկվում է հարցը, թե ով որ ԲԿ–ներից կարող է օգտվել և ինչպես է որոշվելու դա։ Խարազյանը նշեց նաև, որ ամեն ինչ կարվի, որ բոլոր մարզային հիվանդանոցներում զարգանան հիմնական ծառայությունները։
Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում
Նրա բնութագրմամբ` «լավ օրից չէ», որ մարզերի բնակիչները նախընտրում են երևանյան ԲԿ–ներ գալ ու նաև ապահովագրության բացակայությունն է պատճառը, որ նրանք կենտրոնանում են մայրաքաղաքի վրա։ «Ապահովագրական փաթեթում ներառվելու համար ԲԿ–ները պետք է համապատասխան մասնագետներով, տեխնիկայով ապահոված լինեն, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը բարձրացնեն»,–ասաց նա։
Հայաստանում գրիպի սեզոն է. ինչ է պետք անել չհիվանդանալու համար
Հիշեցնենք, որ պարտադիր առողջապահական ապահովագրական փաթեթը կներառի թերապևտիկ, մանկաբույժի, ընտանեկան բժշկի ծառայությունները, լաբորատոր հետազոտությունները, օնկոլոգիական ծառայությունները, սրտի վիրահատությունները, քիմիոթերապիան։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Դատախազությունն այսօր շտապեց` հայտարարելով 2014-2018թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում 8.3 մլն դրամի չափով թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին։ Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նման կարծիք է հայտնել «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանը։
Դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Խոսքը պետբյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից 8.3 մլն դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու մասին է։
«Ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,–նշված է Առաքելյանի գրառման մեջ։
Նա հայտնել է նաև, որ հիմնադրամը պատրաստ է ամբողջությամբ ներկայացնել վերոհիշյալ պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։
Առաքելյանի խոսքով` շատ բարձր են գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։
Ավելին, նա նշում է, որ կրթության նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված է` վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ։
Հիշեցնենք, որ «Կրթության գերազանցության ազգային ծրագիրի» մեկնարկը տրվել է 2014 թվականին, երբ «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, սկսել է տասնամյա լայնածավալ կրթական նախաձեռնություն։
«Այբ» դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում. Դավիթ Յանը պատասխանեց կրթության նախարարին
Դրա նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգայնորեն մրցունակ այլընտրանքային դպրոցական կրթական ծրագիր և ստեղծել համաշխարհային դասավանդման լավագույն փորձով ու գիտելիքներով զինված ուսուցիչների համայնք:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հունվարի 13-ին, ժամը 22.05-ին, ահազանգով մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում էր տվել Հրազդանի բնակիչ մի տղամարդ`տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից որդուց լուր չեն ունեցել, շուրջ երկու ամիս առաջ էլ կինն ինչ-որ տեղից տեղեկացել է, թե որդին գտնվում է գերության մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Ոմն Հարութ կնոջը խոստացել էր գումարի դիմաց որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ, իրենց վստահությունը չարաշահելով՝ երկու ամսվա ընթացքում տիրացել է տերմինալով իրեն փոխանցած մեկուկես միլիոն դրամին։ Տղամարդը վերջնականապես համոզվել է, որ իրենց խաբում են, երբ ստացել է որդու զոհվելու լուրը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ»,-հայտնում են ոստիկանությունից։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվել է պարզել Հարութի ինքնությունը։
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: