Twitter

Այ քեզ բան. ներողություն խնդրող սոցցանցը, ամենաբարակ 5G սմարթֆոնը և iPod դարձած iPhone-ը

94
(Թարմացված է 23:05 30.11.2019)
Twitter-ն ապացուցեց, որ իր համար կարևոր է օգտատերերի կարծիքը, Oppo-ի փոխնախագահը հեղափոխական գրառում արեց սոցցանցում, իսկ iPod-ի հարցերով զբաղվող բաժնի նախկին տնօրենը ողջունեց մի ուսանողի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում պարզվեց, որ պարտադիր չէ ունենալ երկու սարք, այլ կարելի է դրանցից մեկի մեջ ներբեռնել հատուկ հավելված, իսկ մնացածն արդեն սարքը կանի։ Պարզվեց նաև, թե որ սարքն է աշխարհի ամենաբարակ 5G հեռախոս կոչվելու պատվին արժանանալու։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

Ներողություն խնդրող Twitter-ը

Այս շաբաթ ամենահայտնի սոցցանցերից մեկը ներողություն խնդրեց իր «բնակիչներից», բայց մինչ այդ ներողությունը մի լա՜վ իրարանցում առաջացրեց համացանցում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Twitter որոշել է հրաժեշտ տալ ծույլ օգտատերերին, այսինքն` նրանց, ովքեր ալարել են վերջին վեց ամսվա ընթացքում մուտք գործել սոցցանց։ Խոսվեց, որ ընկերությունը նույնիսկ որոշել է պարզել իր ոչ ակտիվ հաշիվների հստակ թիվն ու այդ նպատակով էլեկտրոնային նամակ է ուղարկել ակտիվություն չդրսևորող օգտատերերին՝ առաջարկելով մինչև այս տարվա դեկտեմբերի 11-ը վերադառնալ Twitter, այլապես կջնջի նրանց հաշիվները։

Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ առաջացրեց միկրոբլոգում, որից հետո ընկերությունը հայտարարեց, որ վերանայել է իր որոշումը և դադարեցնում է «ծույլ» օգտատերերից ազատվելու «ակցիան»։

Պատճառն այն է, որ բազմաթիվ օգտատերեր բողոք են ներկայացրել ընկերությանը՝ պահանջելով չեղյալ համարել ջնջելու որոշումը, քանի որ դրա պատճառով կարող են ջնջվել նաև մահացած մարդկանց հաշիվներն ու նրանց մասին հիշողությունները։

Դե, այս ամենից հետո ի՞նչ էր մնում անել Twitter-ին։ Իհարկե, ներողություն խնդրել ու հայտարարել, որ չի ջնջի ոչ ակտիվ օգտատերերի հաշիվները, քանի դեռ օպտիմալ լուծում չի գտել։

Ամենաբարակ 5G սմարթֆոնը

Oppo ընկերության փոխնախագահ Բրայան Շենը Twitter-ում գրառում է կատարել և հրապարակել ապագա սմարթֆոն Reno3 Pro 5G-ի լուսանկարը, որը հավակնում է 5G ցանցում սպասարկվող ամենաբարակ սմարթֆոնը դառնալու պատվին արժանանալ։

Oppo-ի ղեկավարի հաղորդագրության համաձայն՝ հենց կորպուսի հաստությունը կազմելու է ընդամենը 7,7 մմ։ Շենը նշում է, որ Reno3 Pro 5G-ն իր գնային սեգմենտում կարող է դառնալ ամենաբարակ երկռեժիմային 5G սմարթֆոնը։

Հավանական է, որ այս սմարթֆոնի սելֆի-տեսախցիկը տեղակայված կլինի էկրանի անկյունում, ինչպես Samsung Galaxy S10-ինը։

Սպասվում է, որ այս սմարթֆոնը կներկայացվի մինչև տարվա վերջ։

​iPod` հենց iPhone-ի մեջ

Նյու Յորքի Կուպեր Յունիոն քոլեջի ուսանող, դիզայներ Էլվին Հուն iPhone-ի համար հավելված է ստեղծել, որը վերստեղծում է iPod Classic-ի ինտերֆեյսը հենց սմարթֆոնի վրա, ներառյալ շոշափելի հետադարձ կապը և սեղմումները Click Wheel անիվի պտտման ժամանակ:

Հունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով իր հավելվածի հնարավորությունները, որի վրա նա աշխատում է հոկտեմբերից:

Հավելվածի ստեղծման դրդապատճառ է դարձել iPod-ի զարգացման մասին դպրոցական աշխատանքը:

Հունը հույս ունի ավարտել նախագիծը մինչև տարեվերջ, բայց վստահ չէ, որ Apple-ը կհավանի այն։

Apple–ը կհավանի, թե ոչ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ iPod-ի «հայրը»՝ Թոնի Ֆադելը, արդեն գնահատել է երիտասարդի ջանքերը։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում` գովելով նախաձեռնությունը։

​Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Samsung-ի շուրջ 30 մոդել կզինվեն նոր սերնդի օպերացիոն համակարգով

Հերթական ավտոարտադրողը «ներխուժեց» էլեկտրամեքենաների ինդուստրիա

«Քարտեզահայրը» կօգնի ուտելու սիրահարներին, նեյրոցանցը` էպիլեպսիայով հիվանդներին

94
թեգերը:
սմարթֆոն, Twitter, iPhone
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (170)
Ըստ թեմայի
Թղթե ինքնաթիռը հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի միջոցով. տեսանյութ
Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները
Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»
Կանանց համար հատուկ տաքացվող վարտիքներ են ստեղծել