Արայիկ Հարությունյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

202
(Թարմացված է 13:46 06.11.2019)
Ըստ նախարարության` «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դասավանդման մասին օրենքի նախագիծը չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր։ Այս մասին հայտարարություն է տարածել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայտնել էինք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ են անում. ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

«Թեպետ աշխատանքային քննարկման ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացել, սակայն նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,–նշված է հայտարարության մեջ։

«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին

Նախարարությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Նշվում է նաև, թե օրենքի նախագծով նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

Որոշ դասախոսներ հրաժարվել են դասավանդել Տնտեսագիտական համալսարանում

Այսպիսով, ըստ նախարարության,  օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Հիշեցնենք, որ դասադուլը շարունակվում է և ուսանողները շարունակում են նաև նախագծի դեմ սկսած ստորագրահավաքի ընթացքը։

202
թեգերը:
Հայոց պատմություն, Հայոց լեզու, դասախոս, դասադուլ, Օրենք, նախագիծ, Նախարար, Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն
Կարաբեկյան. «Կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունն օրենքով չի սահմանվում»
Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է