Ռուբեն Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կենդանաբանականի աշխատակիցները տնօրենին հորդորում են հետ վերցնել ազատման դիմումը

44
(Թարմացված է 18:50 05.11.2019)
Այգու աշխատակիցները հույս են հայտնում, որ Հայկ Մարությանն այգու տնօրենի ազատման դիմումի հետ կապված ճիշտ և կառուցողական որոշում կկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր նամակ են հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ դեմ են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին այգուց` տրամադրելով նամակը։

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատման դիմում է գրել

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 31–ին կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակը հարձակվել ու ևս 3 մուֆլոն էր կերել։ Նույն օրը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

«Անգամ աշխարհի ամենազարգացած կենդանաբանական այգիները ապահովագրված չեն նմանատիպ դեպքերից։ Ռոստովի կենդանաբանական այգում 2 տարի առաջ շների ոհմակը 9 գլուխ կենգուրու էր հոշոտել։ Տեղյակ ենք, որ Երևանի կենդանաբանական այգու շուրջ պարսպի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը բանակցում է այգու հարակից տարածքում ապրող անձանց  հետ»,–իրենց նամակում գրել են այգու աշխատակիցները։

Այգու աշխատակիցները հույս են հայտնում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այգու տնօրենի ազատման դիմումի հետ կապված ճիշտ և կառուցողական որոշում կկայացնի։ Աշխատակիցները հորդորում են Ռուբեն Խաչատրյանին հետ վերցնել իր հրաժարականի դիմումը։

Ի դեպ, այգուց հայտնեցին, որ այգու աշխատակիցներն արդեն իսկ 10 թափառական շուն են բռնել։

«Շներին տեղափոխում ենք մեր կլինիկա ու տեղյակ պահում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ին։ Կառույցի մասնագետները գալիս ու կատաղության դեմ են սրսկում, ինչպես նաև ստերջացնում են նրանց»,–հայտնեցին այգուց։

Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են

Ի դեպ, Ռուբեն Խաչատրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց` պարզելու աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնել–չվերցնելու հարցը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, այս հարցը հաջորդ շաբաթ կլուծվի, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Ռուբեն Խաչատրյանը կհանդիպեն։ Նման հանդիպում նախատեսված էր դեռ երեկ, սակայն քաղաքապետն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով էլ հանդիպումը չի կայացել։

44
թեգերը:
ազատման դիմում, Ռուբեն Խաչատրյան, Տնօրեն, Կենդանաբանական այգի, քաղաքապետ, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Կենդանաբանական այգու հետ կապված պայքարը շարունակվում է. Խաչատրյանը խուսափել է հանդիպումից
Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն
Կենդանաբանական այգու հարակից տարածքների թափառող շներին վնասազերծում են. տեսանյութ
Կենդանաբանական այգու նախկին տնօրենը խոստանում է մնալ այգու կողքին
Կենդանաբանական այգում ևս 2 շուն են բռնել. աշխատում են արտակարգ ռեժիմով