Երվանդ Իսմայիլյան

Մեզ վրա շշեր էին նետում, Երվանդն էլ պատասխանեց. հայ երկրպագուն 3 շաբաթ ֆիննական բանտում է

1113
(Թարմացված է 16:35 05.11.2019)
ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն անձամբ ներկա է եղել տհաճ միջադեպին: Հավաստիացնում է, որ հայ երկրպագուի` չեզոք գոտի նետած ճայթուկից ոչ ոք չի տուժել, թուրք երիտասարդի բողոքն անհիմն է:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու, ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանն արդեն երեք շաբաթ է` թուրք երկրպագուի բողոքի հետևանքով Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի բանտում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի 15-ին Տուրկուում կայացած Ֆինլանդիա–Հայաստան խաղի ժամանակ, երբ մեր թիմը 0:3 հաշվով պարտվեց ֆիններին:

«Դեռ խաղից առաջ հայ երկրպագուներին շատ քիչ տեղեր հատկացրին (օնլայն վաճառքում հայ երկրպագուների համար կտրուկ աճել էին խաղի տոմսերի գները և բանկային քարտով հնարավոր չէր տոմս գնել), և այնպես ստացվեց, որ ֆինն երկրպագուները հենց մեր կողքին նստեցին: Մեզ ընդամենը մի ժապավեն էր բաժանում: Երբ Ֆինլանդիայի հավաքականը գոլ խփեց, նրանց երկրպագուները սկսեցին մեր հանդեպ սադրիչ գործողություններ անել»,-ասաց Սերգեյը` շեշտելով, որ իրենց հարևանությամբ գտնվող ֆինների մեջ եղել են նաև ազգությամբ թուրք երկրպագուներ, որոնցից մեկը սկսել է շահարկել Հայոց ցեղասպանության թեման։

Բախումից խուսափելու համար Երվանդը ճայթուկ է նետել չեզոք գոտի: Ըստ Սերգեյի` ոչ ոք չի տուժել:

«Ֆինն երկրպագուները մեզ վրա շշեր էին նետում: Ճայթուկից հետո ամեն ինչ խաղաղվեց, սակայն թուրք երիտասարդը բողոք ներկայացրեց իրավապահներին, թե տուժել է Երվանդի գործողությունից: Ֆինն երկրպագուներից ոչ ոք չի բողոքել»,-ասաց Սերգեյը:

Նրա խոսքով՝ թուրք երիտասարդն իր բողոքում նշել է, որ հայ երկրպագուները եկել են հատուկ սադրիչ գործողություններ իրականացնելու համար:

«Պետք է դատ լինի, որը շատ է ձգձգվում: Այժմ շատ անորոշ վիճակ է ստեղծվել, քանի որ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, թարգմանիչ չեն տրամադրում, ինչը բարդացնում է գործը»,– ասաց Սերգեյը` ավելացնելով, որ ֆիննական ոստիկանությունում իրենց հավաստիացրել էին, որ հաջորդ օրը Երվանդը կուղևորվի հայրենիք, այնինչ մինչև հիմա նա դեռ Ֆինլանդիայում է:

ՖԱՖ շարժման հիմնադիր անդամը մի քանի անգամ հեռախոսով խոսել է Երվանդի հետ։ Այժմ նա գտնվում է առանձին խցում: Հագուստի հետ կապված խնդիր է եղել, որը լուծել են Տուրկուում գտնվող հայ երկրպագուի օգնությամբ:

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հետ: Նա նշեց, որ Շվեդիայում ՀՀ հյուպատոս Լիանա Գրիգորյանը (Ֆինլանդիայում ՀՀ–ն դիվանագիտական ներկայացուցչություն չունի – խմբ.) մշտական կապի մեջ է թե՛ մեր քաղաքացու, թե՛ նրա փաստաբանի, թե՛ Ֆինլանդիայի իշխանության հետ։

«Մեր դիվանագետներն ուշիուշով հետևում են իրավիճակի զարգացմանը», – ասաց նա։

Նշենք, որ Երվանդի հետ տեսակցություն դեռևս չի թույլատրվում:

1113
թեգերը:
Երվանդ Իսմայիլյան, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, Բանտ, երկրպագու, Ֆինլանդիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան
Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում
Սկանդալից հետո Էրիկ Վարդանյանը որակազրկվել է
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը