ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik Արմենիա, Արամ Գարեգինյան. Եթե Երևանում գտնվող Վերնիսաժում հարցնեք, թե որ հուշանվերներն են լավագույնը, ձեզ իսկույն կպատասխանեն` հայկականը, ինչի՞ մասին է խոսքը։ Մագոմեդալի Մագոմեդալիևը վստահ է՝ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակը կարելի է բավարարել։ Նա և մի քանի դաղստանցի վարպետներ եկել են Հայաստան, որպեսզի հասկանան` ինչ կարող են առաջարկել տեղական շուկայում։

Այստեղ ժամանած դաղստանցիները տոհմիկ հուշանվերներ պատրաստելու վարպետներ են։ Մագոմեդալիևն այդ արհեստը սովորել է պապից։ Նրա ընտանիքում պահում են 1937թ–ի փարիզյան ցուցահանդեսի դիպլոմը, որտեղ նրա տոհմի վարպետները խորհրդային պատվիրակության կազմում Գրան պրի են ստացել դրվագազարդ ծխամորճի համար։
«Ի դեպ, մենք միայն դանակներ ու դաշույններ չենք պատրաստում։ Մեզ մոտ այլ հուշանվերներ էլ կան։ Օրինակ՝ այս բաժակի մետաղական նախշերը երկար աշխատանք են պահանջում։ Մուրճի շարժումները պետք է լինեն ուժեղ, բայց դիպուկ», – պատմում է նա։
Դաղստանցիները վստահ են, որ այդ ամենը Հայաստանում կարելի է առաջարկել ոչ միայն հայերին, այլ նաև եկվորներին։ Նրանք արդեն նկատել են՝ այստեղ շատ իրանցիներ կան։

«Նրանց զարդանախշերը երևի նման են ձերին, նույնպես արևելյան են», – ասում ենք մենք։
«Ոչ, ի՞նչ եք ասում։ Արևելյան են, բայց շատ են տարբերվում։ Բայց մենք կարող ենք աշխատել տարբեր ոճերով, մեզ համար դա նորություն չէ», – նշում է վարպետ Դավուդգաջի Էֆենդիևը։
Որպես ապացույց նա հիշատակում է հայ հեղինակ Էմմա Աստվածատրյանին, որը երկար տարիներ Պատմության թանգարանում արևելյան զենքի գլխավոր ֆոնդապահն է եղել։ Նրա «Կովկասի ժողովուրդների զենքը» գրքով Կովկասոմ բնակվող տասնյակ ժողովուրդներ իրենց պատմությունն ավելի լավ են ճանաչում։

«Իսկական, մեծատառով գիտնական էր։ Նա հայուհի էր, բայց երբեք չէր գրում, որ հայերից բացի ոչ ոք ոչինչ անել չգիտի։ Նրա մոտ ամեն ինչ հիմնված է պատմական փաստերի վրա` թե՛ հայերի, թե՛ մեր մասին։ Ցարական Ռուսաստանում բազմաթիվ դաղստանցի վարպետներ արտագնա աշխատանքի են մեկնել Բաքու, Թիֆլիս և նույնիսկ Հայաստան։ Նրա գրքում կարելի է կարդալ այդ մասին», – հպարտությամբ ասում է գեղարվեստական զենքի վարպետ Էֆենդիևը։

«Եթե հմտորեն և սիրով գործենք, ապա հայկական դուդուկ էլ կարող ենք պատրաստել»,- ժպտալով ասում է վարպետը։
«Ի դեպ, ծառը մեծ նշանակություն ունի. եթե պատրաստեք հայկական ծիրանենուց և մեր ծառից, ապա հնչյունը տարբեր կլինի։ Այդպես է նաև զուռնայի դեպքում, որը լայնորեն տարածված է մեզ մոտ», – ասում է Մագոմեդալիևը։
Դաղստանցի վարպետները կարծում են` այժմ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն լավ շուկա, այլ նաև Իրանի հետ կապող կամուրջ։ Հայաստանով ապրանքներ տեղափոխելը հեշտ է. ԵԱՏՄ անդամ երկիր է։ Իսկ Իրանի հետ շուտով ուժի մեջ կմտնի դյուրացված առևտրի մասին համաձայնագիրը։ Իհարկե, Դաղստան-Իրան ծովային ուղի կա, բայց այն հարմար է մեծ բեռներ (ցորեն, միս, մետաղ) տեղափոխելու համար։ Իսկ հուշանվերները ոչ ոք կոնտեյներներով չի տեղափոխում։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է դառնալ հարմար առևտրային խաչմերուկ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



