ԻՐավիճակը Թուրքիայի և Սիրիայի սահմանին

Սիրիահայերը կարող են հանգիստ քնել. արևելագետը` Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին

103
(Թարմացված է 15:45 25.10.2019)
Սաֆրաստյանը կարծում է, որ վերջին օրերին նկատվում է բավական հետաքրքիր միտում, երբ Հայաստանի և հայության խնդիրները քննարկում են համաշխարհային գերտերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մինչև Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունները կարողացել են սիրիահայերի ճակատագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։ Հավանաբար, հենց դա է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հրապարակած գրառման մեջ։ Այդ մասին հոկտեմբերի 25-ին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Սոչիում հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում ստորագրվել է մի փաստաթուղթ, համաձայն որի` թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս, կտեղակայվեն Ռուսաստանի ռազմական ոստիկանության ու Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները։

Այդ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը գրել է Facebook–ի էջում, որ Սոչիում Սիրիայի հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերվում են սիրիահայերի անվտանգության խնդիրներին։

Սաֆրաստյանի խոսքով` սիրիական տարածքներում, որոնք համատեղ հսկելու են ռուսական և թուրքական ստորաբաժանումները, թուրքերը չեն կարողանա ինչ–որ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել այնտեղ բնակվող հայերի դեմ։ Ավելին, Կամիշլի քաղաքը, որտեղ խոշոր հայ համայնք կա, ընդհանրապես մնացել է թուրքերի հսկողության գոտուց դուրս։

Սիրիական պարեկ. ռուս զինվորները հսկողության տակ են վերցրել Թուրքիայի հետ սահմանի տարածքը

«Էրդողանը, թուրքական ԶԼՄ–ների հետ հարցազրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, ասել է, որ նրանք հաշվի են առել քրդերի, արաբների և ասորիների խնդիրները։ Էրդողանը չի հիշատակել հայերին, բայց կարելի է ենթադրել, որ հայ համայնքի հարցը նույնպես եղել է ռուս–թուրքական բանակցությունների օրակարգում։ Եվ թուրքերը ռուսական կողմին հավաստիացրել են, որ հայերի դեմ ոտնձգություն չի լինի», – նշեց Սաֆրաստյանը։

Սակավաթիվ հայ համայնք է մնացել այն տարածքում, որը կազմում է Թուրքիայի «անվտանգության գոտին»։ Դա թուրք–սիրիական սահմանի հատվածն է Թել Աբյադ և Ռաս ալ Այն բնակավայրերի միջև, որը Անկարան համարում է «անվտանգության գոտի»։

Սաֆրաստյանը կարծում է, որ վերջին օրերին նկատվում է բավական հետաքրքիր միտում, երբ Հայաստանի և հայության խնդիրները քննարկում են համաշխարհային գերտերությունները։ Այն պահին, երբ Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցություններում քննարկվել են սիրիահայերի խնդիրները, ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում բարձրացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։ Սպասվում է, որ առաջիկայում Ներկայացուցիչների պալատը հերթական անգամ կփորձի քվեարկել բանաձևի օգտին։ Սաֆրաստյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այդ միտումներից։

Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը դադարեցնելու մասին

103
թեգերը:
Ռուբեն Սաֆրաստյան, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին, Սիրիա
Ըստ թեմայի
Քրդերը քարեր ու լոլիկներ են նետել Սիրիան լքող ամերիկացի զինծառայողների վրա. տեսանյութ
Թուրքամետ գրոհայինները բռնազավթում են հայերի ու ասորիների տները. լուսանկարներ
Կամիշլի քաղաքում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր կա՞ն
Հակոբ սարկավագ Պարսումյան. «Այս պահի դրությամբ ոչինչ չի սպառնում Կամիշլիի հայերին»