ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն այսուհետ կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում։
ԱԺ–ն այսօր` հոկտեմբերի 23-ին 83 կողմ, 24 դեմ, 3 ձեռնպահ ձայնով ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» նախագիծը։
Օրինագիծն ի սկզբանե միանշանակ չէր ընդունվել. դրան տրվել էին «գործ տալու», «հարևանին վատություն անելու» օրենք անվանումները։
Ուշադրություն վարորդներին. երթևեկության որոշ կանոններ կփոխվեն, վարորդներին էլ կտուգանեն
Բանն այն է, որ ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, խախտումները նկարահանելն ու իրավապահներին ուղարկելը քաղաքացիների միջև կարող է լարում առաջացնել։ Օրինագծի քննարկման ընթացքում նաև տեսակետ հնչեց, թե հարևանը հարևանին վատություն անելու համար կարող է ամեն օր նրա ավտոմեքենան նկարահանել ու ուղարկել ոստիկանություն։
Օրինագծի հեղինակների դիրքորոշումն այն է, որ առանց օրենքի ընդունման էլ այսօր քաղաքացիները կարող են նման հաղորդումներ ներկայացնել ոստիկանություն, օրենքը, սակայն, կկանոնակարգի այս հարաբերություններն ու կդնի օրինական հիմքերի վրա։
Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան տեղադրել իրենց ֆիքսած ՃԵԿ խախտումները։
Սկզբնական շրջանում ծրագիրը կգործի միայն Երևանում ու միջպետական ճանապարհներին։ Փորձնական փուլն անցնելուց հետո` նաև մարզային համայնքներում։
Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին
Ինչ վերաբերում է հարևանին ամեն օր վատություն անելու մտավախությանը, օրինագծում մինչ ընդունվելը փոփոխություն է արվել` սահմանափակելով միևնույն անձի կողմից նույն ավտոմեքենայի վերաբերյալ տրվող հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։
Սահմանափակման չափը օրենքով չի սահմանվում, այդ իրավունքը վերապահվել է կառավարությանը։ Բայց Սիսակ Գաբրիելյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, կսահմանվի ամիսը մեկանգամյա իրավունք։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։
«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։
Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։
«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։
Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։
Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը գրել է, որ Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:



