Մետրո

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է

293
(Թարմացված է 21:34 21.10.2019)
Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բարսեղյանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր Երևանում մետրոյի կայարանի կառուցման խնդրին և որոշ մտահոգություններ հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՎԶԵԲ-ի հետ մետրոյի շահագործման և պահպանման վարկային ծրագիր եղել է, բայց դա նոր կայարանների կառուցման հետ որևէ առնչություն չունի։ Երբ քաղաքապետարանը հայտարարում է մետրոյի նոր կայարանի կառուցման մասին, այն չի նախատեսում իրականացնել վարկային ծրագրով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` մեկնաբանելով Երևանի Դավիթաշեն թաղամասի նախկին թաղապետ Ռուսլան Բարսեղյանի գրառմանը։

Նշենք, որ այսօր Դավթաշենի նախկին թաղապետը Facebook-ի իր էջում անդրադարձել էր Երևանում մետրոյի կայարանի կառուցման խնդրին և որոշ մտահոգություններ հայտնել։

«Ինֆորմացիա կա, որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։ Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ , որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։ Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի, սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ, որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու»,–գրել էր նա։

Հռոմի մետրոյում թույլ են տվել պլաստիկե շշերով վճարել. տեսանյութ

Բարսեղյանի տեղեկությամբ` Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Ըստ նրա` տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։

«Եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան, ապա վստահ կարող եմ պնդել, որ քաղաքապետը խաբել է ձեզ` մետրոյի կայարան չի կառուցվելու»,– իր խոսքն ավարտել է նախկին թաղապետը։

Անդրադառնալով այս պնդմանը` Հակոբ Կարապետյանը հիշեցրեց, որ քաղաքապետ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետը և այլ պատասխանատու պաշտոնյաներ միշտ նշել են, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը ակնկալվում է անել ներդրումային ծրագրով։

«Ասենք` ներդրողի միջոցով մետրոյի կայարան է կառուցում, փոխարենը ներդրողը ստանում է տարածք` գործունեություն ծավալելու համար»,–ասաց Կարապետյանը։

Նրա հավաստմամբ` այս պահին խոսքը մետրոյի մեկ կայարանի կառուցման մասին է, բայց այդ կայարանն այնպես պետք է կառուցվի, որ չփակվի մետրոյի հետագա շարունակումը։

Կարապետյանը մետրոյի և այլ թեմաներով արտահայտողներին խորհուրդ տվեց ավելի ուշադիր լինել և հարգել իրենց լսարանին։

Նշենք, որ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել հետևյալ ճանապարհով` Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:

Արդեն հստակ է` երբ կսկսվեն Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքները

Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ–ին: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

293
թեգերը:
Հակոբ Կարապետյան, Մեղադրանք, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Հայկ Մարության, մետրո, Երևան
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիները» կխզի՞ պայմանագիրը. ՀՀ տրանսպորտի նախարարության մեկնաբանությունը
ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել
«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է». Մարությանը Բրյուսելում է