Կարեն Խաչանով

Կարեն Խաչանով․ «Երբ խաղում եմ ԱՄՆ-ում, տրիբունաներում միշտ տեսնում եմ հայկական դրոշները»

130
(Թարմացված է 00:15 14.10.2019)
Մոլորակի լավագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակում 9-րդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Կարեն Խաչանովը ժամանել է Մոսկվա, որպեսզի մասնակցի «Կրեմլի գավաթին»։

Մրցաշարի գործող չեմպիոնը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմել է Մոսկվայում իր սիրելի վայրերի մասին, խոստովանել, որ ուզում է հայերեն սովորել ու պատմել հայրության առաջին ամսվա մասին։

- Կարեն, ի՞նչ եք ծրագրում դիտել Մոսկվայում, եթե ազատ ժամանակ լինի։

- Ես շատ լավ գիտեմ մայրաքաղաքը։ Ուստի, եթե ստացվի, կփորձեմ ավելի շատ ժամանակ անցկացնել տանը։ Այս տարվա ընթացքում չի ստացվում դա անել։ Կփորձեմ հանդիպել ընկերներիս ու ազգականներիս հետ, ինչ-որ տեղ գնալ։

- Շփվո՞ւմ եք մանկության մոսկովյան ընկերների հետ։

- Այո, բնականաբար։ Լավագույն ընկերներիցս մի քանիսն աշխատում են Մոսկվայում։ Ուստի, ամեն անգամ, երբ Մոսկվա եմ գնում, փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրանց հետ։

- Մոսկվայի հետ կապված ինչ-որ նոստալգիա կա՞։ Մանկությունից սիրելի ինչ-որ տեղ։

- Ես Մոսկվայի կենտրոնն եմ սիրում։ Հատկապես ամռանը, իհարկե, երբ կարելի է զբոսնել պուրակներում, Կարմիր հրապարակում։ Իրականում շատ տեղեր կան, որտեղ սիրում եմ լինել, երբ Մոսկվայում եմ լինում։ Եթե ժամանակ կա, այցելում եմ թատրոն, կինո։

Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք

- Վերջին անգամ ի՞նչ եք նայել, հիշո՞ւմ եք։

- «Թռիչք կկվի բնի վրայովը»։

- Խոսենք Ձեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի մասին։ ԶԼՄ-ները գրում են, որ հաճախ եք լինում այնտեղ, դա ճի՞շտ է։

- Ոչ, ես երկու անգամ եմ եղել Երևանում։ Ես պատրաստվում էի գնալ այնտեղ, չեմ թաքցնում։ Բայց ամեն ինչ կախված է ժամանակից, որը չի բավականացնում։ Հաճույքով կմեկնեմ, եթե հնարավորություն լինի. կշրջեմ գեղեցիկ վայրերով և թենիսի հետ կապված ինչ-որ բան կանեմ։

- Շա՞տ բան գիտեք Երևանի մասին։

- Դե, ոչ այդքան շատ։ Եղել եմ հիմնական վայրերում, որոնք ուզում էի տեսնել․ Էջմիածին,  Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ։ Վերջին անգամ 15 տարեկանում եմ այնտեղ եղել։ Բնությունն այնտեղ շատ գեղեցիկ է։

- Ինչ-որ արտահայտություններ սովորե՞լ եք հայերենով։

- Մի քանի բառեր, արտահայտություններ գիտեմ, բայց կուզեի մի օր սովորել երկրի լեզուն, որի հետ կապ ունեմ։

- Հայաստանից երկրպագուներ ունե՞ք, որոնք գրում են Ձեզ, սատարում։

- Չեմ թաքցնի, ես շատ հայ երկրպագուներ ունեմ, որոնք ինձ աջակցում են։ Դա ինձ համար շատ հաճելի է։ Հայաստանում մարդիկ շատ հայրենասեր են։ Ժամանակին շատ հայեր են ցրվել աշխարհով մեկ, և նրանք բոլորն աջակցում են միմյանց, շատ մեծ սփյուռք կա հատկապես ԱՄՆ-ում։ Միշտ, երբ գնում եմ ԱՄՆ, տեսնում եմ հայկական դրոշներ, և մարդիկ յուրայինի նման են ընդունում ինձ և աջակցում՝ նույնիսկ չիմանալով այս մարզաձևը։ Ուղղակի գալիս են և աջակցում։ Դա շատ հաճելի է։

- Դուք համադամասե՞ր եք։

- Սիրում եմ համեղ ուտել։ Նախապատվություն չեմ տալիս կոնկրետ ուտեստի։ Սիրում եմ տարբեր խոհանոցներ, բայց ամենից շատ՝ ասիականը։

- Ինչպիսի՞ն է հայրության առաջին ամիսը, հուզի՞չ է։

- Հուզիչ է, բայց ես դեռ այդքան շատ ժամանակ չեմ անցկացրել տանը Դավիթի և Վերոնիկայի հետ (որդին և կինը), ուստի յուրաքանչյուր օրը շատ թանկ է։

- Ո՞ւր եք մեկնելու Ձեր որդու հետ առաջին ճանապարհորդության ժամանակ։

- Դեռ չգիտենք, բայց մտածում ենք Ավստրալիայի մասին։

Շոու`թենիսի կորտում. սկյուռիկը հանկարծակիի է բերել մարզիկներին. տեսանյութ

130
թեգերը:
հայր, մարզիկ, Ռուսաստան, Երևան, Մոսկվա, Հայաստան, Կարեն Խաչանով
Ըստ թեմայի
Khach Me If You Can. թենիսիստ Խաչանովը հաղթարշավից հետո նոր բայ է հորինել. լուսանկար
Կարեն Խաչանովը հուզիչ գրառում է կատարել Australian Open-ից դուրս մնալուց հետո
Խաչանովն իր տեղը զիջեց հույնին. թենիսիստը զբաղեցրել է 12–րդ տեղը ATP վարկանիշում
Լույս աշխարհ է եկել Կարեն Խաչանովի առաջնեկը. թենիսիստը լուսանկար է հրապարակել
Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինի թենիսի մրցաշարի երկրորդ փուլ