ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է այլևս երեխաներ չպլանավորել։ Այս մասին նա հայտնել է Երևանում Reuters միջազգային գործակալությանը տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ ծնողները պետք է շատ ժամանակ հատկացնեն իրենց երեխաներին։ Չորս երեխան իմ սահմանն է։ Ես և ամուսինս որոշել ենք այլևս երեխաներ չունենալ», – անկեղծացել է հեռուստաաստղը։
Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, 4 երեխա ունեն` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Երեխաներից երկուսին զույգի համար լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները բազմիցս գրել են, որ Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանից երեխա որդեգրել։ Սակայն հայտնի դարձավ, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին
Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել Երևանում Reuters գործակալությանը WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթից հետո։ Նա Երևան էր ժամանել մասնակցելու այդ համաժողովին, միևնույն ժամանակ հասցրել է Էջմիածնում մկրտվել և մկրտել իր երեք երեխաներին, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև նոր դրվագ նկարահանել իր Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի համար։