ԵՐԵՎԱՆ, 1 hոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան աճուրդի կհանվի։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, և դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով` քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»,–գրել է նա։
Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը
Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանությունները հայտարարեցին ծախսերը կրճատելու մասին։ Մասնավորապես, 2018–ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության աշխատակազմը ծախսերի օպտիմալացման համար պատրաստվում է ծառայողական մեքենաների քանակը կրճատել 30 տոկոսով: Նրա խոսքով՝ նախորդ կազմը չափազանց շատ փող էր ծախսում տրանսպորտի վրա, այդ պատճառով էլ կառույցի տնօրինության տակ գտնվող 110 մեքենաներից պետք է մնա մոտ 70-ը: