Քիմ Քարդաշյան

Բիզնես Թուրքիայում. ինչի համար է հայ համայնքը զայրացել Քիմ Քարդաշյանի վրա

462
Ամերիկայում ամենահայտնի ռեալիթի շոուի աստղը խոստացել էր շարունակել պայքարը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն դա չի խանգարել նրան արտադրություն հիմնել Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ–ում հայ համայնքի շահերը ներկայացնող ամենաազդեցիկ կազմակերպությունը «հարձակվել է» հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա։

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA), սեպտեմբերի 25-ին  Twitter–ի իր էջում դժգոհություն է հայտնել, որ Skims  ներքնազգեստի  սեփականատերը այն արտադրում է ամենաանհարմար վայրում` Թուրքիայում։

Ուղերձի սկզբում երախտագիտություն հայտնելով համաշխարհային աստղին այն ամենի համար, ինչ նա անում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես նաև Հայաստանն աշխարհում ճանաչելի դարձնելու համար, ANCA–ն գրել է. «Մենք տեսանք, որ դուք Skims ապրանքանիշի արտադրանքը պատրաստում եք Թուրքիայում։ Խնդրում ենք, մտածեք դա Հայաստանում անելու մասին, որը հայտնի է հիանալի վարպետներով»։

Keeping up with the Kardashians ռեալիթի շոուի աստղն իր հերթին Twitter–ում մեծ  գրառում է արել, որտեղ նշել է, որ պետք չէ խտրական վերաբերմունք դրսևորել որևէ ազգի նկատմամբ նրա անցյալի համար։

Քիմը պարզաբանել է, որ ապրանքանիշը Թուրքիայում արտադրելու որոշումը հիմնված է եղել ոչ թե գաղափարախոսության վրա, այլ բիզնեսի տեսանկյունից շահավետության նկատառումներից ելնելով։

«Երբ սկսեցի երազել հագուստի սեփական ապրանքանիշի մասին, գիտեի, որ ուզում եմ, որ յուրաքանչյուր դետալ արված լինի լավագույն ձևով, լավագույն նյութերից` էսքիզի ստեղծումից մինչև արտադրություն, թեստավորում և նորարաություններ», – գրել է հեռուստաաստղը։

Քիմի խոսքով` նա խորհրդակցել է փորձագետների հետ, որոնք առաջարկել են Թուրքիայի գործարանները։

«Մենք դեմ ենք նրան, որպեսզի խտրականություն դրվի որևէ մեկի կամ առանձին ազգի նկատմամբ` հիմնվելով անցյալի վրա»,- նշել է նա։

Նա խոստացել է, որ «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում» Հայաստան կժամանի և հույս հայտնել, որ կկարողանա «տարբերակներ գտնել բարելավելու առևտուրը և աշխատատեղեր ստեղծել հայերի համար, որն իր մեջ նաև արտադրություն կներառի»։

«Ես ամբողջ հոգով հավատում եմ, որ փոփոխությունների համար, պետք է պատրաստ լինել աշխատել բոլորի հետ, նույնիսկ եթե քաղաքական հայացքները չեն համընկնում», – գրել է Քիմը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ շարունակելու է պայքարել Ցեղասպանության ճանաչման համար, որն իրեն շատ է մտահոգում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում, որտեղ նա գլխավոր զեկուցողներից մեկն է։ Համաժողովն, ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։

462
թեգերը:
Ներքնազգեստ, Թուրքիա, Քիմ Քարդաշյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը
«Փոքրիկ Փսալմը շատ քաղցրիկն է». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել 2 ամսական որդուն
Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները
Քիմ Քարդաշյանը ստիպել է, որ քույրը հուզվի հայ տատի լուսանկարի պատճառով
Սթրես

Ինչպես ապրել պատերազմից հետո, կամ դեղատոմսեր՝ սթրեսի դեմ

139
(Թարմացված է 20:54 24.11.2020)
Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է հոգեբանների օգնությամբ գլուխ հանել ամբողջ հայ հանրությանն առնչվող թեմայից։ Խորհուրդները խմբավորել ենք՝ ընդհանուր «բաղադրատոմսեր», խորհուրդներ զինվորականների և կամավորների, նրանց ընտանիքների, ինչպես նաև երեխաների համար։

Արցախի պատերազմը տևեց մոտ մեկուկես ամիս և ավարտվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությամբ։ Սակայն նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարը հայ հանրությանը երկար սպասված հոգեկան հանգստությունն ու խաղաղությունը չբերեց։

Եվ հարցը ոչ միայն լուրջ տարածքային զիջումները չեն կամ տունն ու հարազատներին կորցրած բազմաթիվ արցախցի փախստականները, որոնք չկարողացան փրկել արյուն-քրտինքով վաստակած ունեցվածքը և վախենում են վերադառնալ չորս կողմից թշամիներով շրջափակված Ստեփանակերտ և Արցախի մյուս շրջաններ։

Պաշտպանության նախարարության առջև ցույց են անում քաղաքացիները, որոնք փնտրում են անհետ կորած զինծառայողներին, ռազմագերիների հարցը լուծված չէ։ Ամբողջ երկրում շարունակվում են զինվորականների և կամավորների հուղարկավորությունները, հիվանդանոցներն առաջվա պես լեփ-լեցուն են ծանր վիրավորներով․․․

Ներքաղաքական իրավիճակն էլ լավագույններից չէ․ ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, մի քանի քաղաքական գործիչներ արդեն հացադուլ են հայտարարել, կառավարությունում շարունակվում են հրաժարականներն ու հեռացումները․․․

Այս իրավիճակում յուրաքանչյուրին մի հարց է տանջում․ «Արդյո՞ք այս ամենից հետո հնարավոր է դուրս գալ սթրեսից և վերադառնալ սովորական առօրյայի, սովորական կյանքի»։

Sputnik Արմենիան հարցի պատասխանը գտնելու համար դիմել է փորձառու հոգեբանների և կիսվել նրանց խորհուրդներով։ Դրանք դասակարգել ենք 3 խմբի՝ ընդհանուր խորհուրդներ, օգնություն զինվորականներին և կամավորներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև խորհուրդներ ծնողներին, որոնք պետք է օգնեն երեխաներին՝ ազատվելու սթրեսից։ Հոդվածի վերջում նշված են այն հոգեբանական կենտրոնների, հոգեբանների, թեժ գծերի հեռախոսահամարները, որոնք անվճար օգնություն են տրամադրում հակամարտության պատճառով տուժածներին։

Հետպատերազմական սթրեսից ազատվելու հինգ խորհուրդ՝ յուրաքանչյուրի համար

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են վերապրում իրավիճակը․ ինչ-որ մեկը, գուցե, պատերազմի բոլոր սարսափները մոռացել է հրադադարի հաստատումից անմիջապես հետո, ինչ-որ մեկին ադապտացիայի համար մի քանի ամիս պետք կլինի, իսկ երրորդի մոտ կարող է հետտրավմատիկ խանգարում զարգանալ։ Մենք հավաքել ենք 5 խորհուրդ՝ հետպատերազմական սթրեսից ազատվելու համար։

1․ Մենակ չմնալ սեփական ապրումների հետ

«Երկուսով» կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը խորհուրդ է տալիս տեղի ունեցածը լիակատար մենակության մեջ չապրել ու չմեկուսանալ հասարակությունից։

Կյանքն առանց սթրեսի. տագնապը հաղթահարելու 6 եղանակ

«Օգնեք ձեզ՝ օգնելով ուրիշներին։ Երկրում օգնության կարիք ունեցողներ շատ կան և կարելի է օգնել նրանց՝ կամավոր գրանցվել որևէ կազմակերպությունում, աջակցել պատերազմ վերապրած ծանոթ ընտանիքներին։ Դա կգոտեպնդի ձեզ»,-ահա Ալեքսանյանի առաջին խորհուրդը կենտրոնի բլոգում։

Նաև կարևոր է հենարան ու աջակցություն փնտրել ընտանիքում և ընկերների մոտ, փորձել թեթևացնել սեփական լարվածությունը՝ շփվելով մտերիմների հետ։ Երբ մենք կիսում ենք մեր ապրումները՝ թեթևանում ենք, վստահեցնում է հոգեբանական գիտությունների դոկտոր Մելս Մկրտումյանը։

«Թեթևացումը առաջին արդյունքն է։ Իսկ երկրորդն այն է, որ խնդրի կրկնակի վերապրումը նվազեցնում է դրա սրությունը։ Եվ դա ամենաարդյունավետն է, երբ ունկնդիր ունեք։ Իհարկե, լավ կլինի, որ դա պրոֆեսիոնալ հոգեբան լինի, բայց, որպես կանոն, անգամ պատահական ունկնդիրն ավելի լավ է, քան նրա բացակայությունը։ Իհարկե՝ պայմանով, որ նա չի ծիծաղի և չի քննադատի»,-ասաց հոգեբանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

2․ Պատասխանեք մի քանի հարցի՝ ինքներդ ձեզ համար

Մասնագետները խորհուրդ են տալիս աչքի առաջ մի քանի հարց ունենալ և պատասխանել դրանց՝ պատմելով տեղի ունեցածի մասին։ Եթե ապրումները որևէ մեկի հետ կիսելու ցանկություն կամ հնարավորություն չունեք, նամակ գրեք այդ մասին, պատկերացրեք, թե ինչպես եք պատերազմի մասին պատմում օտարերկրացուն։

Ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը և փորձեք պատասխանել դրանց․ «Ի՞նչն է ինձ օգնել հաղթահարել այս իրավիճակը։ Եղե՞լ են արդյոք նախկինում դրան գոնե մի փոքր նման իրավիճակներ։ Ի՞նչն է նախկինում ինձ օգնել հաղթահարել դրանք։ Արդյո՞ք այս բարդ իրավիճակում որևէ դրական բան կա»։

Այս հարցերին պատասխանելու շնորհիվ կարելի է գիտակցել ներքին այն ռեսուրսների պաշարը, որոնք կարող են օգնել հաղթահարել ճգնաժամային իրավիճակը։

3․ Աստիճանաբար վերադարձեք կյանքի սովորական ռիթմին

Հոգեբան Ալեքսանյանը խորհուրդ է տալիս արտաքին քաոսի պայմաններում շարունակել անել առօրյա գործերը։

«Տնային գործերը կարող են կայունության զգացողություն տալ»,-ասում է հոգեբանը։

Սակայն կարիք չկա արագացնել սեփական ներքին գործընթացները։ Եթե հոգնածություն կամ անհանգստություն եք զգում, նվիրեք ձեզ ոչինչ չանելու շքեղությունը։ Դա կօգնի հանգստանալ և առօրյա գործերին վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինեք դրան։

4․ Հիշեք պատմությունը, մոռացեք նորությունները

Հոգեբան Ալեքսանյանը խորհուրդ է տալիս անգամ ամենացավոտ դեպքերում հեռատեսություն ցուցաբերել։

«Սթրեսային իրավիճակին նայեք ավելի լայն համատեքստում։ Հիշեք, թե որքան պատերազմներ են եղել անցյալում, որ դրանք բոլորն ավարտվել են, իսկ սերունդները ի հեճուկս ամեն ինչի՝ առաջ են շարժվել ու զարգացել»,-ասում է նա։

Նաև անհրաժեշտ է ավելի քիչ կարդալ պատերազմի հետ կապված նորությունները։ MHS կենտրոնի հոգեբան Արամ Հովսեփյանը խորհուրդ է տալիս ազատվել նորություններին հետևելու սովորությունից։

Համբերել և զգույշ լինել. հոգեբանը` պատերազմական իրավիճակում հայտնվածների խնդիրների մասին

«Պետք է գիտակցել․ որքան էլ նորություններ կարդաք, ամբողջ տեղեկատվությանը միևնույնն է չեք տիրապետելու։ Ավելին՝ տեղեկությունների ավելցուկը կարող է ձեզ խճճել»,-ասում է հոգեբանը Facebook-ում տեղադրված տեսակոչում։

Եթե ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել այդ սովորությունից, արժե նայել այնպիսի տեսանյութեր, որոնք ոգևորում են, ոչ թե հակառակը։

«Բոլորովին չարժե դիտել հակառակորդի տեղադրած տեսանյութերն ու նյութերը։ Միացրեք այնպիսի տեսանյութեր, որտեղ սովորեցնում են ինքնապաշտպանության կամ զենքի կիրառման հմտություններ։ Այդպիսով միաժամանակ կմարեք ձեր վախն ու հետաքրքրությունը»,-ասում է Հովսեփյանը։

5․ Վիզուալիզացիա և մեդիտացիա

Թուլացնող հնարքներն անփոխարինելի են սթրեսների ժամանակ։ Հոգեբանները խորհուրդ են տալիս մեդիտացիայով զբաղվել. փակ աչքերով նստել լռության մեջ ու կենտրոնանալ շնչառության վրա։ Եթե դա ոչ մի կերպ չի ստացվում, պետք է փորձել հատուկ շնչելու մեթոդը։ Այն կոչվում է «4-7-8»։ Հաշվելով մինչև 4-ը՝ շնչում ենք որքան հնարավոր է խորը, հասնելով 7-ի՝ պահում ենք շնչառությունը, ապա շարունակելով մինչև 8-ը՝ արտաշնչում ենք բաց բերանով։

Տագնապը ցրելու համար նաև կարելի է վիզուալիզացնել։ Պատկերացրեք, որ հսկայական փուչիկ եք փչում՝ լցնելով այն սեփական ագրեսիայով, ցավով, չարությամբ, ատելությամբ։

Երեք խորհուրդ զինվորականների ընտանիքներին (կամ հենց իրենց՝ զինվորականներին)

Պատերազմում հաղթածին ներվում են բոլոր կորուստները, իսկ պարտվածին ոչինչ չի ներվում։ Հենց այդ պատճառով Հայաստանում հիմա հստակ միտում է նկատվում, երբ քաղաքական գործիչները փորձում են պարտությունն արդարացնել բանակի «չկայացածությամբ»։

Սակայն նման մոտեցումն անթույլատրելի է։ Զինվորականներն արդեն հսկայական սթրես են վերապրել ռազմաճակատում, թիկունքում նրանց պետք է հերոսների պես դիմավորել (առավել ևս, որ հայկական բանակի հերոսությանը հանրությունը բնավ չի կասկածում) և հոգատարությամբ շրջապատել։ Ահա մի քանի հստակ խորհուրդ։

1․ Շատ սեր և հոգատարություն

Եթե ձեր ծանոթը կամ հարազատը վերադարձել է մարտի դաշտից, անհապաղ մոռացեք «տղամարդը պետք է ուժեղ լինի» կամ «տղամարդիկ չեն լալիս» կարծրատիպերը։ Հնարավորինս շատ շրջապատեք նրան սիրով և քնքշանքով։ Ասեք նրան, որ ամեն բան կարող է հաղթահարել, որ «սա էլ կանցնի»։

«Տրավման մարդուն ստիպում է անօգնական ու խոցելի զգալ։ Ահա թե ինչու է պետք նրան հիշեցնել, որ նա ի վիճակի է այն հաղթահարել»,-ասում է հոգեբան Ալեքսանյանը։

2․ Օգնեք խոսել

Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի և Ռուս-հայկական համալսարանի դասախոս Մելս Մկրտումյանը, որը Արցախյան առաջին պատերազմի տարիներից՝ 90-ականներից, զբաղվում է զինվորականների և զինված հակամարտություններից տուժածների խնդիրներով, հավատացնում է․ ռազմական գործողությունների մասնակցի համար ամենակարևորը իր բոլոր զգացողությունների մասին խոսելն է։ Լավագույն դեպքում, իհարկե, նրա հետ պետք է հոգեբան աշխատի։ Բայց մտերիմներն էլ կարող են օգնել նրան՝ ստիպելով խոսել և պատմել պատերազմի մասին։

«Գլխավոր խնդիրը դա է՝ ստիպել զինծառայողին հիշել և վերապրել պատերազմի բոլոր ամենասուր պահերը։ Թող պատմի մարտական տեխնիկայի, պայթյունների, մարտական ընկերոջ մահվան մասին։ Նա պետք է այդ ամենը նորից վերապրի, որպեսզի կարողանա հոգեբանորեն ազատվել սթրեսից»,-ասում է հոգեբանը։

3․ Օգնեք վերադառնալ առօրյա կյանքին

Նրա համար ֆիլմեր դրեք, որ նայի։ Պատմեք, օրինակ, ձեր ծննդյան օրը նշելու մասին, որի ժամանակ նա ներկա չի եղել։ Հետևեք, որ նա լավ սնվի ու լավ քնի։

«Շատ օգտակար է շփումը տնային կենդանիների և երեխաների հետ։ Դրական էմոցիաները սթրեսի դեմ լավագույն դեղամիջոցներից են»,-ասում են մասնագետները։

Չորս խորհուրդ ծնողներին

Ամենայն հավանականությամբ, Հայաստանում 5 տարեկանից մեծ բոլոր երեխաները լավ տեղեկացված են պատերազմի, մարտական գործողությունների ընթացքի մասին․ այդ ամենը հասանելի են սոցցանցերում և ԶԼՄ-ներում։ Այնպես որ մեր օրերում երեխաներից ոչինչ թաքցնել չարժի։ Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես նրանց հետ խոսել պատերազմի մասին։

1․ Երեխային հակամարտությունը բացատրեք իր լեզվով

«Երկուսով» կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը խորհուրդ է տալիս տեղի ունեցող իրադարձությունները բացատրել երեխայի համար հասկանալի օրինակներով։

«Բացատրեք, որ ճիշտ այնպես, ինչպես նա կարող է խաղալիքի համար կռվել հարևանի տղայի հետ, այնպես էլ պետությունները հողի համար են կռվում»,-ասում է հոգեբանը։

Միայն թե պետք չէ նման զրույցներ վարել երեկոյան․ կարիք չկա քնից առաջ երեխայի գլուխը ծանրաբեռնել նման պատմություններով։ Եվ իհարկե՝ 5 տարեկանից փոքր երեխաներին առհասարակ չարժե պատմել պատերազմի մասին։

2․ Մի ստեք հարազատի մահվան մասին

Երեխայի հետ բարեկամի, հարազատի մահվան մասին խոսելիս մեծահասակները հաճախ ասում են․ «Նա հեռավոր երկիր է գնացել», «Նա շուտով կվերադառնա»։

«Սակայն նման պատրանքներն ու անիրատեսական սպասումները ծանրաբեռնում են երեխային։ Ավելի լավ է ազնվորեն բացատրել նրան, թե ինչ է տեղի ունեցել ազգականի հետ»,-խորհուրդ է տալիս հոգեբանը։

3․ Զբաղեցրեք նրան ստեղծագործությամբ

Երեխաները դժվարությամբ են խոսում իրենց զգացմուքնների մասին, բայց նրանք կարող են նկարել կամ նույնիսկ երգել դրանք։ Երեխային առաջադրանք տվեք․ նկարել մի բան, որը բնութագրում է վախը, ցավը, տխրությունը։ Ստեղծագործելուց հետո թող փոքրիկը բառերով բացատրի իր նկարը։ Դուք կարող եք ձեր երեխայի մասին մի շարք նոր բաներ իմանալ և օգնել նրան լիցքաթափվել։

4․ Երեխաներին միջոցառումներիմասնակից մի դարձրեք

Դա վերաբերում է թե թաղումներին, թե ցույցերին, թե այլ զանգվածային միջոցառումներին։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է այս կամ այն ծնողը երեխային բերում ընդդիմության հանրահավաքին՝ իշխանությունների վրա ճնշում գործադրելու, խղճահարություն առաջացնելու և այլ նպատակներով։ Ոչ մի դեպքում նման բան անել չի կարելի։ Նաև չարժե երեխաներին հագցնել «ռազմական» ոճով։

Ո՞ւմ կարելի է դիմել

Իհարկե, հետպատերազմական սթրեսից ազատվելու համար ավելի լավ է դիմել մասնագետների արհեստավարժ օգնությանը։ Հիմա բազմաթիվ պետական և մասնավոր կազմակերպություններ անվճար օգնում են հակամարտությունից տուժածներին։ Մենք ձեզ համար հավաքել են բոլոր կոնտակտային տվյալները։

Պետական թեժ գիծ - 117․ այնուհետև հավաքեք 9

Շուրջօրյա անվճար հոգեբանական օգնության գիծ՝ Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ -  (374) 60 834777

«Երկուսով» հոգեբանական կենտրոն - (374) 10 584838, (374) 94 584840.

MHS հոգեբանական կենտրոն - (374) 99117975

«Ինտրա» հոգեբանական կենտրոն - (374) 10 26 35 43 , (374) 98 26 35 43 , (374) 91 26 35 43

139
թեգերը:
հոգեբան, սթրես, Արցախյան պատերազմ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս դատարանի շենքից

ԱԺ խորհուրդը կդիմի ՍԴ` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով

272
(Թարմացված է 20:08 24.11.2020)
10 կողմ, 4 դեմ ձայնով ԱԺ խորհուրդը կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին։ Վերջնական եզրակացությունը պետք է տա Սահմանադրական դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. 10 կողմ, 4 դեմ ձայնով Ազգային ժողովի խորհուրդը կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Նիստին ներկա են եղել 10 պատգամավորներ «Իմ քայլից» և մենք չորսով` ԲՀԿ–ից։ Բնականաբար, մենք չորսս էլ դեմ ենք քվեարկել», – ասել է Էնֆիաջյանը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ խորհրդի որոշումը ոչ մարդկային, ոչ իրավական առումով հասկանալի չէ։

«Այդպես էլ պարոն Ծառուկայնի` բիզնեսով զբաղվելու որևէ ապացույց չներկայացվեց։ Կա ընդամենը մեկ վկայություն, որ նա մասնակցել է «Մուլտի Գրուպի» մի ժողովի։ Բայց թե ինչ դերով է մասնակցել, ինչ է քննարկել` ոչ մի տեղեկություն չկա», – ասել է Մելքումյանը։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

Ծառուկյանի լիազորությունների մասին վերջնական եզրակացությունը պետք է տա Սահմանադրական դատարանը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին մանդատից զրկելու որոշման հիմքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պագտգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածն է, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Այս հիմքերով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին խորհրդարանը զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։ 

Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Նա ազատ էր արձակվել ԱԱԾ-ի նոյեմբերի 13-ի կեսգիշերին։

272
թեգերը:
ԱԺ, մանդատ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Վայ, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց
Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են
«Անընդհատ քննում են». Ծառուկյանին նորից ԱԱԾ են կանչել
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

0
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

0
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ