Դատարան. արխիվային լուսանկար

Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա է ձերբակալվել

331
(Թարմացված է 21:26 28.09.2019)
Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան նոտարներից գնել է նրանց պատկանող տարածքը և վարձակալությամբ հանձնել հենց իրենց։

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Փանոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Որոշում է կայացվել հարուցված քրգործի նշված հոդվածով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,–հայտնում է ՔԿ–ն։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում Նորայր Փանոսյանի, և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Այսպես, Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը` նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում նոտարներից վերցրել է նրանց տարածքը։

Մասնավորապես, Նորայր Փանոսյանը վերոհիշյալ տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով նոտարներին զրկել է իրենց միջոցներով վերանորոգված ու տարիներ շարունակ իրենց կողմից զբաղեցված տարածքներում անհատույց գործունեություն իրականացնելու հնարավորությունից։

Ավելին, նա ՀՀ ԱՆ այլ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շենգավիթի Բագրատունյաց պողոտայի թիվ 43 հասարակական տարածքի գնահատումն իրականացրած ՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը:

Նախաքննությունը շարունակվում է։

331
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Նորայր Փանոսյան, Ձերբակալում, չարաշահում, նոտարական գրասենյակ, պաշտոն, ՀՀ արդարադատության նախարարություն
Ըստ թեմայի
Հայտնի ապրանքանիշների տարաներով անհայտ ծագման յուղեր են  վաճառել, ՊԵԿ պաշտոնյան իմացել ու «աչք է փակել». ԱԱԾ
ԱԱԾ պաշտոնյաները գումար են շորթել Հնդկաստանի քաղաքացուց
Պաշտոնյան քաղաքացիներին ստիպել է «Խութ» հիմնադրամին գումար փոխանցել. քրգործ է հարուցվել