Դավիթ Տոնոյան

Վայոց Ձորում ծեծկռտուքից վնասվածքներ ստացած փոխգնդապետի վիճակը հույս չի ներշնչում. Տոնոյան

327
(Թարմացված է 15:33 21.09.2019)
Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն կառավարության անդամների հետ հետևողական են լինելու գործին: Ավելին, այդ գործով զբաղվում են ռազմական և քաղաքացիական ոստիկանությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված փոխգնդապետի առողջական վիճակը շատ հույսեր չի տալիս։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Փոխգնդապետն այժմ ՊՆ հոսպիտալում է բուժում ստանում։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը ձերբակալվել է։

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, որևէ բան չեմ կարող ասել: Մեզ ավելի շատ մտահոգում է, որ փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Նա մեր վերահսկողության տակ է գտնվում, ՊՆ-ի հոսպիտալում է»,- կայքի հետ զրույցում ասել է Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ կասկած չկա, որ ՊՆ-ն կառավարության անդամների հետ հետևողական են լինելու գործին: Ավելին, այդ գործով զբաղվում են ռազմական և քաղաքացիական ոստիկանությունները:

«Ամեն ինչ ազնիվ և արդար կլինի: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշեց նա:

Վայոց Ձորի դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ են. հայտարարություն

Tert.am-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ հայտնել է, որ ինքը տվյալ դեպքին ներկա չի եղել, և դա ապացուցում են նաև իրենց շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները։ Սարգսյանի տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:

«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև բավականին ամրակազմ սպաներ են եղել։ Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

327
թեգերը:
Վիրավոր, հիվանդանոց, Սպա, Տրդատ Սարգսյան, Ծեծկռտուք, Մարզպետ, Դավիթ Տոնոյան, Հայաստան, Վայոց Ձոր
Ըստ թեմայի
Արցախի սահմանին կրակոցների թիվը կրկին ավելացել է
Պողոսյան. «Ունենք մեծացած Հայաստան, որովհետև ունենք և Հայաստանի, և Արցախի Հանրապետություն»
«Այդ մարդիկ պետք է հայրենիք վերադառնան». Մնացականյանը` Բաքվում գտնվող Ղազարյանների մասին
Հաճախորդ

Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ

22
(Թարմացված է 23:20 11.07.2020)
Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով։ Սննդի գները գուցեև չաճեն, բայց ընկերությունները կարող են կրճատել ծախսերը, այդ թվում՝ աշխատողների հաշվին։

Հուլիսից Հայաստանում գազը թանկանում է: Ճիշտ է, միայն բիզնեսի համար, բայց այսպես թե այնպես բիզնեսն իր ապրանքը մեզ է վաճառում, այսինքն՝ գազի թանկացումը մեզ վրա էլ «կնստի»։ Կամ էլ գին չբարձրացնելու համար բիզնեսը կսկսի գումար տնտեսել. գուցե շահույթից, գուցեև աշխատողների աշխատավարձերից։

Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով (մանրամասն` այստեղ)։ Եվ եթե պանիրը կամ հավն այսօր նույնիսկ 30-50 դրամով թանկանան, գնորդները դա ավելի սուր կզգան, քան նախկինում։ Չէ՞ որ հիմա շատերը կամ անգործ են մնացել, կամ էլ նախկինից քիչ են աշխատում (օրինակ` ռեստորաններում)։

Արտադրողներին էլ գները բարձրացնելը հեշտ չէ։ Մրցակցությունը հիմա ավելի սուր է, քան հեղափոխությունից առաջ, ուստի բիզնեսի շահութները նվազել են։

«Եթե ինչ–որ մեկը փորձի բարձրացնել գինը, անմիջապես շուկայից դուրս կմնա։ Խիստ մրցակցություն է գնում գնորդի համար, հատկապես այսօր։ Դա վերաբերում է և՛ պանրին, և՛ կաթին, և՛ կաթնամթերքին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Տարբեր մթերքի դեպքում տարբեր է, բայց միջինում գազը մեր կաթնամթերքի ինքնարժեքում ոչ պակաս, քան 5% է։ Իսկ կաթի կամ թթվասերի գինը նույնիսկ 10 դրամով բարձրացնելը բիզնեսի համար մեծ ռիսկ կլինի։

Ճիշտ է, ռիսկեր կան նաև գյուղացիների համար. գործարանները կարող են փորձել խնդիրը լուծել գյուղացու հաշվին և կաթը ավելի էժան մթերել: Մանավանդ որ կաթն այս տարի պիտի ավելի թանկ վաճառվեր, քանի որ դրա ծավալները համեմատաբար մեծ չէին։

Հացը շա՞տ կթանկանա

«Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ձեռնարկության (հանրապետության 2 խոշոր ընկերություններից մեկը) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը կարծում է, որ գազի գինը ալյուրի վրա չի անդրադառնա, բայց հացը հաստատ կթանկանա։

«Ալրաղացները հիմնականում հոսանքով են աշխատում, իսկ հացի գործարանի վառարանները՝ գրեթե ամբողջությամբ գազով, այնպես որ թանկացման վտանգ այնտեղ կա», – նշեց Նիկողոսյանը։

Հացի գործարանի ներկայացուցիչներն անհասանելի էին զրույցի համար, այդ պատճառով մենք փորձեցինք մոտավոր հաշվարկ ստանալ պետական ստանդարտների հիման վրա (մեր ձեռքի տակ ռուսական ГОСТ-երն էին, սակայն հետխորհրդային պետություններում դրանք գրեթե նույնական են)։

Ըստ այդ ГОСТ-երի` կաղապարային հացի (այսինքն` հացի բոքոնի) մեկ տոննայի համար մոտ 600 հազար կիլոկալորիա ջերմություն է հարկավոր, այսինքն` մոտ 75 խմ գազ։ Թանկացումները հաշվի առնելով՝ այդ 75 խմ–ն կթանկանա 1 դոլար ու մի քիչ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ «բուխանկան» Հայաստանում 400 գրամից շատ հազվադեպ է լինում, ապա այն կարող է թանկանալ առավելագույնը 1-2 դրամով:

Նոր գլխացավանք՝ թռչնաբույծների համար

Եթե խոսենք հավի մսի և ձվի մասին, թռչնաբույծներն առանց գազի էլ գլխացավանք ունեին: Դեռ մարտին կառավարության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց մթերքի պահուստ հավաքել և պահպանել, որ արտակարգ դրության պատճառով երկիրը սննդի պակաս չզգա: «Սակայն վերջին ամիսներին սկսել են Հայաստան ներմուծել էժան հավի միս, ընդ որում՝ ոչ միշտ է, որ այն բավարարում է սանիտարական պայմաններին»,– նշում է հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Այդ պատճառով թռչնաբույծները չեն կարողանում իրացնել իրենց պահուստները, այդ պատճառով և՛ ձվի, և՛ հավի միսն էժանացնում են: Բայց անգամ դրանով հանդերձ վաճառելը հեշտ չէ: Նվազել է նույնիսկ ձվի սպառումը, թեև սովորաբար լինում է ճիշտ հակառակը՝ երբ մարդկանց ձեռքին չկա գումար, նրանք ավելի շատ ձու են գնում (քանի որ ձուն կալորիաներով գրեթե հավասար է մսին, բայց կրկնակի էժան է):

«Սակայն նույնիսկ այդքանից հետո ձու սկսել են քիչ գնել: Կոտրած ձվերն էլ, որ վաճառում էինք հրուշակեղենի և այլ արտադրամասերին, այսօր ավելի քիչ են սպառվում: Պարզ է՝ ինչու. մարդիկ ավելի քիչ են մթերք գնում», –նշեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` այդ պատճառով թռչնաբուծարաններում արդեն կրճատումներ են սկսվել, ինչը խիստ մտահոգիչ է: Այս ձեռնարկություններում մոտ 2800 մարդ է աշխատում, և Հայաստանի համար դա այդքան էլ քիչ չէ:

«Այս ամենի պատճառով գործարաններում նույնիսկ «մի սանտիմետր» ազատ տեղ չկա`շահույթը նվազեցնելու և գները պահպանելու համար», –հավելեց Ստեփանյանը:

Գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից: Սննդամթերքի գները գուցեև չաճեն. գնորդներն այսօր ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես ի վիճակի չեն նույնիսկ 1-2% ավել վճարել: Այնպես որ արտադրողները ստիպված կլինեն տնտեսել. գուցե սեփական շահույթի հաշվին, գուցեև աշխատակիցների կրճատման:

22
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը
«Հայուհին ծիրան չսիրի՞, ոնց կարող է». կամ ինչպես խոպանչիները գործ գտան Արմավիրում
Բրյուսովի անվան համալսարան

Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից

239
(Թարմացված է 19:12 11.07.2020)
Ուսման վարձը եկամտահարկի միջոցով փոխհատուցելու նախագիծը քննարկումների տեղիք է տվել։ Շատ ուսանողներ, բնականաբար, գոհ են մնացել նախագծի ընդունումից, բայց կան նաև օրենքից դուրս մնացածներ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի որևէ ուսանող չի կարող եկամտահարկի միջոցով փոխհատուցել իր վարձը` օգտվելով օրենքով հասանելիք հնարավորությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի ԺՊ Լարիսա Գևորգյանը նշեց` կառավարությանը պետք է խնդրեն վերանայել նախագիծը, քանի որ այն հավասարության սկզբունք չի ապահովում։

Մարտի 6–ին ԱԺ–ի ընդունած նախագծով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և միաժամանակ աշխատող ուսանողները կկարողանան իրենց աշխատավարձերից վճարվող եկամտահարկերը փոխանցել որպես ուսման վարձ։ Նախագծից, սակայն, դուրս են մնացել մի շարք մասնագիտություններ, և սոցցանցերում դրա առնչությամբ քննարկումներ են սկսվել։

«Մեր համալսարանում գործող 4 ֆակուլտետներից որևէ մեկն ընդգրկված չէ կառավարության սահմանած մասնագիտությունների ցանկում։ Սակայն ուսանողների համար եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցումը մեծ խթան կլիներ ուսումը շարունակելու և հետագայում աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար»,– Sputnik Արմենիային ասաց Լարիսա Գևորգյանը։

Լարիսան ինքը մտադիր է բակալավրիատն ավարտելուց հետո մագիստրատուրա դիմել, և հույս ունի, որ կառավարությունը կվերանայի մասնագիտությունների ցանկը և օրենքից օգտվելու հնարավորություն կտա բոլոր բուհերին։

Բրյուսովի անվան համալսարանում, ի դեպ, գործում է 4 ֆակուլտետ` թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն, կրթության և մասնագիտական մանկավարժություն, սոցիալական գիտությունների և սերվիսի, ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետներ։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնագիտությունները, և ինչո՞ւ են որոշները դուրս մնացել այդ ցանկից` հետաքրքրվեցինք ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանից։ Նա հայտնեց` մասնագիտությունների ընտրության հարցում երեք գործոն են հաշվի առել։

«Ցանկը կազմելիս տարբեր գերատեսչությունների առաջարկներն ենք հաշվի առել, որոնք էլ հիմնվել են աշխատաշուկայի և պետության հռչակած առաջնահերթությունների վրա։ Բացի այդ, կարևորել ենք բնագիտատեխնիկական ուղղությունը և այդ գծով մասնագիտություններն ենք ներառել ցանկում։ Եվ վերջապես հաշվի ենք առել նաև, թե որ մասնագիտությանը որքան անվճար տեղ է հատկացվել պետության կողմից, այսինքն` շատ անվճար տեղ հատկացված մասնագիտությունները չենք ընդգրկել այդ ցանկում»,–ասաց Ալեքսանյանը։

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ, օրինակ, մի ամբողջ բուհի ուսանողներ չեն օգտվելու օրենքով տրված հնարավորությունից, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրենք որոշում կայացնելիս ոչ թե շեշտը դրել են բուհերի և ֆակուլտետների, այլ մասնագիտությունների վրա։

Նրա խոսքով` առաջին ուսումնական տարին ամփոփելուց հետո չի բացառվում, որ մասնագիտությունները վերանայեն։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նման նախագիծ կյանքի կոչելն առհասարակ ողջունելի է, քանի որ այն խթանում է կրթության շարունակականության ապահովումը։ Ամբողջ հարցը, սակայն, մասնագիտությունների ցանկն է, որը հայտնի չէ` ինչպես են ընտրել։

«Առանց քննարկումների, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու են մասնագիտությունների ցանկը որոշել։ Ինչպե՞ս է ստացվել, որ այս կամ այն բուհի ողջ ուսանողներից որևէ մեկը չի կարող օգտվել դրանից»,– Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` մասնագիտությունների ընտրությամբ հաշվի չեն առնվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։ Կրթության փորձագետը կարծում է` մի շարք մասնագիտությունների առջև փակում են դռները, քանի որ պարզ է`ուսանողները նախընտրելու են կրթությունը շարունակել այն ուղղությամբ, որտեղ հնարավոր կլինի ուսման վարձը փոխհատուցել։ Բացի այդ, հայաստանյան աշխատաշուկան ուսումնասիրված չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ հենց այդ մասնագիտություններն են անհրաժեշտ շուկային, ո՞ր ուսումնասիրության հիման վրա են նման եզրակացության եկել»։

Ըստ Մխիթարյանի` կա ռիսկ, որ ավելանան զուտ դիպլոմի համար մագիստրատուրա դիմողները. չի բացառվում նաև, որ ուսման վարձերի փոփոխություն լինի։ Այսինքն` այն մասնագիտությունները, որոնք ներառված չեն այդ ցանկում, ստիպված կլինեն նվազեցնել վարձավճարը, որպեսզի ուսանող ունենան, իսկ մյուսները կարող է նաև ավելացնեն վարձը, քանի որ դիմողների թիվը կավելանա։

Մասնագետը նշեց` նախագծի ամենամեծ թերությունն այն է, որ հայագիտական առարկաները ներառված չեն այդ ցանկում։ Մխիթարյանին հետաքրքրում է մեկ հարց` եթե ոչ ՀՀ–ն, ապա ո՞ր պետությունը պետք է խրախուսի հայագիտական մասնագիտություններով կրթությունը։ Նրա կարծիքով` այս հարցում կառավարությունը մտածելու տեղ ունի։

Նշենք, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով էլ ուսման վարձը հնարավոր է փոխհատուցել եկամտահարկով, հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Իսկ թե որ մասնագիտություններով սովորողները կարող են օգտվել այս հնարավորությունից` ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

239
թեգերը:
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան, եկամտահարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Մաթեմատիկայի քննության արդյունքներն օնլայն չեն հրապարակվի
Ի՞նչ հարաբերությունների մեջ է Արայիկ Հարությունյանը Շիրակի մայր բուհի ռեկտորի ԺՊ-ի հետ
Բուհական խորհուրդներում այլևս պաշտոնյաներ չեն լինի
Էթերի Տուտբերիձե

Տուտբերիձեն առաջ անցավ Հարությունյանից և աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց

0
(Թարմացված է 23:55 11.07.2020)
Միջազգային հանրությունը գնահատեց հանրահայտ Տուտբերիձեի պրոֆեսիոնալիզմը, ինչի շնորհիվ մի շարք նվաճումների է հասել Մեդվեդևան։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն հաղթեց Չմշկասահքի միջազգային միության (ISU) «Skating Awards» մրցանակաբաշխության «լավագույն մարզիչ» անվանակարգում:

Արարողությունն անցկացվեց առցանց ռեժիմով։

Ռուսաստանցի մարզիչն առաջ անցավ ամերիկացի մասնագետ Ռաֆայել Հարությունյանից, որը մարզում է աշխարհի կրկնակի չեմպիոն Նաթան Չենին, և կանադացի Բրայան Օրսերից, որն աշխատում է օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուձուրու Հանյուի և աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի հետ (վերջինս մի շարք նվաճումների հասավ, երբ նրա մարզիչը Տուտբերիձեն էր):

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

Մարզիչը հիմա աշխատում է 2018 թվականի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայայի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Աննա Շչերբակովայի, Ռուսաստանի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Դանիել Սամսոնովի հետ:

Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար

0
թեգերը:
մրցանակ, Էթերի Տուտբերիձե, մարզիչ, գեղասահք
Ըստ թեմայի
Եվգենյա Մեդվեդևան ցույց է տվել` ինչպես է առավոտն անցկացնում Տորոնտոյում
«Ուզում եմ տատիս կանչել, իսկ նա Մոսկվայում է». Մեդվեդևան` իր կյանքի ամենադժվար փուլի մասին
«Առնվազն հիմարություն է». Մեդվեդևան խոսել է Զագիտովայի հանդեպ վերաբերմունքի մասին