ԿԲ

Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանին նվիրված արծաթե հուշադրամ է թողարկվել

15
Հուշադրամի դիմերեսին պատկերված են նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, իսկ դարձերեսին թանգարանի շենքն է, պատկերանիշը և հայկական զարդանախշ։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

«Հուշադրամի դիմերեսին պատկերված են նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի (ՀՊԹ) հավաքածուից, իսկ դարձերեսին թանգարանի շենքն է (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան), պատկերանիշը և հայկական զարդանախշ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 1919–ի սեպտեմբերի 9–ի թ. N 439 օրենքով: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր: Թանգարանի առաքելությունը Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումն ու հանրահռչակումն է։

Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության և վավերագրերի բաժիններով։ Թանգարանը տալիս է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

15
թեգերը:
հուշադրամ, Հայաստանի պատմության թանգարան, Կենտրոնական բանկ (ԿԲ), Հայաստան