Թեղուտի հանք

Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները

94
(Թարմացված է 11:31 12.09.2019)
Տեսչական մարմինները գնացել և մանրամասն ստուգում են իրականացրել Թեղուտում, որի արդյունքում եզրակացրել են, որ պատվարի փլուզման վտանգ չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի— Sputnik. Պնդումները, թե Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է, ճշմարիտ չեն, քանի որ նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն արդեն փլուզված կլիներ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ, որովհետև հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել»,–գրել է նա։

Նրա խոսքով` հենց սա նկատի ուներ, երբ ասում էր՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետևից: Ըստ նրա` այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Իսկ կառավարությունը, Փաշինյանի խոսքով, եթե այդպես վարվեր, ապա ավելի քան 900 մարդ կրկին առանց աշխատանքի կմնար։

«Չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետև չէր լինի նրա համար պատասխանատու որևէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում` անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով: Եվ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով»,–գրել է վարչապետը։

Նա նշել է, որ տեսչական մարմինները գնացել և մանրամասն ստուգում են իրականացրել, որի արդյունքում եզրակացրել են, որ պատվարի փլուզման վտանգ չկա և  երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:

Վարչապետը նշում է, որ ստուգումներից հետո հանքը շահագործողի առաջ պահանջ է դրվել՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն և  ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:

«Եթե այս պայմանն ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա։ Եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը»,–իր գրառման մեջ նշել է Փաշինյանը:

Նրա մեկնաբանմամբ` նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն, բնականաբար, չեն կրելու: Որովհետև, ըստ վարչապետի, նրանք ամեն ինչ կարող են պնդել: Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր, ապա առնվազն Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու, գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար պետք է պատասխանատվություն կրեր:

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Թեղուտի հանքավայրը հունվարին փակվել էր, սակայն հանքում աշխատանքներն արդեն իսկ սկսվել են։ Նա հայտնել էր, որ այնտեղ մի քանի հարյուր մարդ աշխատանքի է անցել նորից։

 

94
թեգերը:
Երկրաշարժ, հանք, «Թեղուտ» ընկերություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Թեղուտի պոչամբարը կարող է քանդվել. միջազգային փորձագետներն ուսումնասիրում են վիճակը
«Թեղուտը» կվերաբացվի. հայտնի է` ով է նոր տնօրենը. «Ժողովուրդ»
Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը
Թեղուտի շահագործումը դադարեցվել է փլուզման եզրին հայտնված պոչամբարների պատճառով
«Վալլեքսը» հերքում է. դատարան չի դիմել, «Թեղուտից» գումար չի պահանջել