Թադևոս Ավետիսյան

Ինչի՞ վրա դնել հույսը. համակարգային մոտեցումների՞, թե՞ իրավապահ մարմինների

51
(Թարմացված է 22:30 10.09.2019)
Շա՞տ է արդյոք 3,8 միլիարդի խնայողությունը, եթե խոսքը վերաբերում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությանը: Գուցե: Բայց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի կարծիքով` նախ խնայողությունը կարող էր ավելին լինել, երկրորդ՝ կարևոր է խնդրի որակական կողմը:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Facebook-ի հերթական գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հայտնեց, որ 2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների համակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:

«Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և արդյունավետության բարձրացման արդյունք են: Այո, կարող ենք»,- նշել է վարչապետը։

Վարչապետի կարծիքի հետ մասամբ համամիտ է նաև Sputnik Արմենիայի զրուցակիցը` ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը:

«Դա ոչ թե սոցիալական ոլորտի համակարգային բարեփոխումների կամ աշխատանքի արդյունք է, այլ՝ իրավապահների աշխատանքի։ Շնորհակալություն պիտի հայտնենք իրավապահ մարմիններին, որոնք հետևողականորեն բացահայտելով տարբեր կոռուպցիոն ռիսկեր, նաև այսպիսի արդյունք են ապահովել: Իսկ համակարգային բարեփոխումները, որոնց մասին արդեն մեկ տարուց ավել, գրեթե ամեն օր խոսում ենք, և որոնք կբերեին կոռուպցիոն ռիսկերի կրճատման, օրինակ՝ թոշակների ոլորտում, կյանքի չեն կոչվել, և անընդհատ հետաձգվում են»,- ասաց Ավետիսյանը:

Դատավորներին թոշակի ուղարկելու ծախսը կառավարությունը դեռ չի հաշվել

Խոսքը աշխատանքային գրքույկների թվայնացման մասին է: Տնտեսագետը նշում է, որ աշխատանքային գրքույկների թվայնացումը կոչված էր աշխատանքային ստաժերի հավելագրումներին վերջ տալու համար:

«Աշխատանքային գրքույկների թվայնացումն սկսվել է 2016-ի կեսերից (իրավական հիմքն է դրվել), 2017-ին սկսվել է բուն գործընթացը, որը 2018-ին պիտի ավարտվեր:

Մինչդեռ օրվա իշխանությունը, չգիտես ինչով զբաղված լինելով, կարևորագույն համակարգային բարեփոխումը (որը բերելու էր կոռուպցիոն ռիսկերի իրական ու համակարգային նվազեցմանը, նաև օբյեկտիվ ձևավորված որոշակի խնայողությունների, որոնք կծառայեին կենսաթոշակների բարձրացմանը), անելու փոխարեն, այն մեկ տարով հետաձգեց: Եվ մեր ունեցած տվյալներով` 2019-ին էլ չեն ավարտի  այդ բարեփոխումը ու էլի անորոշ ժամկետով կհետաձգեն»,- նշեց Ավետիսյանը:  

Նրա խոսքով՝ բավարար թվով աշխատակիցներ կան այդ գործն անելու համար, բացի այդ, ընդամենը մոտ 200 հազար աշխատանքային գրքույկ է մնացել, որ թվայնացվի: Իսկ ո՞րն է պատճառը, որ այն ձգձգվում է:

Ինչքա՞ն են բարձրացել աշխատավարձերն ու կենսաթոշակները Հայաստանում

«Համակարգային մոտեցում չկա։ Կարող եմ ասել` կամ չեն հասկանում դրա կարևորությունը և հնարավոր դրական ազդեցությունը, կամ չեն ցանկանում, որոշակի այլ շահերից ելնելով, որովհետև առանց այդ բարեփոխման շարունակվում են  հավելագրումները և որոշ պաշտոնյաներ օգտում են դրանից»,- համոզված է Ավետիսյանը:

Նա կարծում է, որ իշխանությունը հույսը դրել է իրավապահների վրա, և դա է պատճառը, որ պարբերաբար ականատես ենք լինում հենց այդ ոլորտում ձերբակալությունների՝ թոշակների հավելագրման համար:

Իսկ վարչապետ Փաշինյանի Facebook-ում նշած 3,8 միլիարդ դրամ խնայողության մասին հարցին, Ավետիսյանը հարցով է արձագանքում։

«Հարցս ուղղում եմ պետական պատասխանատու պաշտոնյաներին. որքա՞ն կխնայվեր, եթե աշխատանքային գրքույկները թվայնացվեին: Տարբեր գնահատականներով, դա մի քանի անգամ ավելին կլիներ, քան թիվը, որ այսօր հնչեցվել է: Երկրորդ՝ արդյո՞ք մենք իրավունք ունենք խնայելու այսօր բաժանվող 35-40 միլիարդ նպաստները` այն պարագայում, երբ 100 հազար ընտանիք նպաստառու է, բայց նպաստի համակարգից դուրս մնացած 30 հազարից ավել ընտանիք կա:

Ավետիսյանի խոսքով` այդ համակարգում իրական աղքատների ավելացման փոխարեն (ինչը կբերի նաև որոշակիորեն ծայրահեղ աղքատության կրճատման, սոցխնդիրների որոշակի լուծման)  խնայողության մասին են մտածում, որը նախ բավարար չէ, մանավանդ, երբ խոսում ենք չիրականացած բարեփոխումների մասին, որոնք կարող էին բերել բազմապատիկ ավելի մեծ խնայողություն, երկրորդ՝ տարբեր ֆիլտրեր մտցնելով, մարդկանց նպաստների համակարգից դուրս են թողնում, այդ թվում` մարդկանց, որոնք օբյեկտիվորեն աղքատ են, և անունը դնում են խնայողություն:

Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ կվճարի

«Եկեք ավելի խստացնենք, 5 անգամ խստացնենք մոտեցումը և տարին ամփոփենք խնայողություններով: Տեսեք, 2018-ին էլ զբաղվածության պետական ծրագրերի 1,7 միլիարդից ծախսվել էր 400 միլիոնը, և 1,3 միլիարդի անունը կարող էին դնել խնայողություն: Բայց արդյո՞ք այդպիսի խնայողությունները սոցիալական պետությանը հարիր են և իրենց առաջ դրված նպատակներից են բխում»,-ընդգծեց Ավետիսյանը:

Այլ կերպ ասած՝ խնայողությունն, իհարկե, իր տեղն ունի, մանավանդ, երբ խոսքը բյուջեի միջոցների մասին է, սակայն էական է նաև խնդրի որակական կողմը, որի մասին մեզանում կարծես մոռանում են, վերջերս ավելի՝ հաճախ:

Առանց նպաստի, 31 000 դրամ թոշակով. 65–ամյա կնոջ տունը սկսվում և ավարտվում է ննջասենյակով

51
թեգերը:
թոշակառու, Թոշակ, Նպաստ, տնտեսագետ, Թադևոս Ավետիսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առողջապահության համընդհանուր ապահովագրումը կարող է գործել 2021 թվականից. Թորոսյան
Հայաստանում կենսաթոշակները 2020–ին կբարձրանան. փոխնախարար
Երևանը հայտնվել է ռուսաստանցի թոշակառուների նախընտրած քաղաքների ցանկում
Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կենսաթոշակառուներին․ նոր նախագիծ կներկայացվի