Հայկ Մարության

Ե՞րբ կլուծվի տրանսպորտի խնդիրն ու կբարձրանա՞ արդյոք սակագինը. Մարությանի պատասխանը

97
(Թարմացված է 16:23 10.09.2019)
Տրանսպորտի խնդրի լուծման համար միջգերատեսչական խումբ է ստեղծվել, որի կազմում կառավարության անդամներ ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ են։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Երևանի տրանսպորտի խնդիրը 15 տարվա վաղեմություն ունի, որը Երևանի քաղաքապետարանը փորձելու է լուծել երկու տարվա ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Տրանսպորտի խնդրի լուծման պրոցեսն ընթացքի մեջ է. քաղաքապետարանի և կառավարության անդամներից բաղկացած միջգերատեսչական խումբ է ստեղծվել։ Կառավարությունն ուսումնասիրում է մեր առաջարկությունները, քննարկումներ են գնում»,–ասաց նա։

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է քաղաքային տրանսպորտից օգտվել՝ Մարությանը պատասխանեց, որ այնպես չէ, որ հաճախ է օգտվում հասարակական տրանսպորտից, բայց այնպես էլ չէ, որ հազվադեպ է օգտվում։ Նրա խոսքով` դրանից օգտվում է նույն հաճախականությամբ, ինչ նախկինում, երբ քաղաքապետ չէր։

Մեկ այլ հարցի, թե բոլորին հետաքրքրում է` արդյո՞ք տրանսպորտային ցանցի բարեփոխումից հետո սակագնի բարձրացում սպասվում է` Մարությանը խուսափեց ուղիղ պատասխանից` ասելով, որ տրանսպորտի սակագինը պետք է մաքսիմալ ցածր լինի։

Հիշեցմանը, թե դեռ 2018թ.–ին Երևանի քաղաքապետի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 250 ավտոբուս կա քաղաքապետարանի հաշվեկշռում, և եթե այդ բոլորը սկսեն շահագործել, տրանսպորտի խնդիրը կլուծվի, Մարությանն արձագանքեց, որ տեղյակ է բոլոր տրանսպորտային միջոցներից։

Ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ. Փաշինյանի մոտեցումը` խնդիրներին

«Եթե խոսքը գնում է չինական ավտոբուսների մասին, որոնք Երևանի քաղաքապետարանը տարիներ առաջ էր նվեր ստացել, ապա դրանցից 70–ը նախկինում չէր գործածվում։ Հիմա, սակայն, դրանք էլ ենք օգտագործում։ Ընդհանուր առմամբ, 800–ից ավել ավտոբուս է մեզ պետք, որպեսզի համակարգը նորմալ աշխատի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ` օգոստոսի 30–ին, Մարությանը հայտնել էր, որ տրանսպորտային նոր ցանցով՝ ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը. էապես նվազելու է նաև տրանսպորտային միջոցների քանակը:

Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ... էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

97
թեգերը:
երթուղի, ավտոբուս, Տրանսպորտ, քաղաքապետ, Երևան, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Հայկ Մարությանն օգտվում է հասարակական տրանսպորտից. տեսանյութ
Խայտառակ վիճակ Երևանում. ո՞ւր է կորել հասարակական տրանսպորտը
«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին