Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան․ Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ որոշման մասին

147
(Թարմացված է 15:07 09.09.2019)
Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական  հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազությունից` մեկնաբանելով ՍԴ որոշումը։

Արդեն հայտնել էինք, որ ՍԴ-ն Քոչարյանի դիմումների քննությամբ որոշել էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։

«Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»,–պարզաբանում է դատախազությունը։

Նշվում է նաև, որ ՍԴ–ն արձանագրել է, որ  բացակայում են Սահմանադրությունից բխող այնպիսի հատուկ և անհրաժեշտ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ: Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան

Սրանից, ըստ դատախազության, ակնհայտ է, որ ՍԴ–ն, ընդամենը փաստելով, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն և առանձին քննարկման առարկա պետք է դառնա և որոշվի հարցը, թե արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ, թե ոչ, առավել քան հստակ է սահմանել, որ գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է գնահատվի և լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է ՍԴ–ի որոշմամբ 35-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես նշում է դատախազությունը, գործառութային անձեռնմխելիությունը 35-րդ հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նախատեսված չէ:

Հետևաբար,  այն դեպքերում, երբ կպարզվի, որ քրեական հետապնդումն անհամատեղելի է անձի գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի այդ հիմքով տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը

«Ավելի պարզ՝ ՍԴ–ն 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից և այն չի հաղթահարվել: Ընդ որում՝ հարցն ավելի լայն է, քան պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը»,–հայտնում է դատախազությունը։

Ըստ դատախազության` նույն խնդիրն ի հայտ է գալիս նաև այն դեպքում, երբ այլ համապատասխան պաշտոնատար անձանց, օրինակ՝ դատավորների, ԱԺ պատգամավորների անձեռնմխելիությունը օրենքով սահմանված կարգով չի հաղթահարվում և վերջիններս չեն զրկվում անձեռմխելիությունից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գործառութային անձեռնմխելիությունը չնախատեսելով որպես վարույթը բացառող հանգամանք, չի սահմանում այն հիմքը, որին համապատասխան այդ դեպքերում դատավորի կամ պատգամավորի, հավասարապես նաև պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:

Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

Դատախազությունը պնդում է, որ վերոգրյալը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, իսկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից: Այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում։

147
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Դատարան, Դատավոր, ՀՀ գլխավոր դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, սահմանադրություն, Սահմանադրական դատարան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (312)