Սիրահարներ

Այ քեզ բան. Facebook-ը ճակատագրեր է կապելու, սպորտային բրենդը` իր ժամացույցը, իսկ ծալվող սմարթֆոնը «թռցրել» են

422
(Թարմացված է 19:56 07.09.2019)
Ամերիկյան սոցցանցը որոշել է ծանոթացնել մարդկանց, ժամադրության գնացողների կծկումների հաճախականությունը կարողանալու է հաշվել գերմանական ընկերությունը, իսկ կորեական արտադրողի` շուկա հանած նոր սարքն արդեն հայտնվել է ծալվող սմարթֆոնների 1000 սիրահարների գրպանում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ Մարկ Ցուկերբերգը ցանկանում է սրտեր միավորել, իսկ Puma-ն ստեղծել է սեփական «խելացի» ժամացույցը, իսկ ծալվող սմարթֆոնների առաջին խմբաքանակը վաճառվել է ընդամենը մի քանի ժամում։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

Ֆեյսբուքը Կուպիդո՞ն է դարձել

Աշխարհի ամենախոշոր սոցցանցը թողարկել է սեփական ծանոթությունների ծառայությունը՝ Facebook Dating-ը։ Հավելվածը թույլ կտա գտնել ձեզ համապատասխան մարդուն՝ հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների, այցելած միջոցառումների և խմբերի վրա։ Ցուկերբերգի թիմը տարիքային սահմանափակում է դրել իր այս ծառայության վրա, և դրանից կարող են օգտվել միայն 18 տարեկան դարձած և Facebook հավելվածի վերջին տարբերակն ունեցող մարդիկ։ Այս մասին սոցցանցը հայտնել է իր պաշտոնական բլոգում։

Facebook Dating-ի անձնական հաշիվը ստեղծվում է սոցցանցի հիմնական հաշվից առանձին։ Նորույթի մեխանիզմը չի տարբերվում նմանատիպ ծառայություններից՝ այստեղ էլ են հայտնվում տարբեր օգտատերերի լուսանկարներ, որոնք պետք է հավանել կամ հակառակը։ Հաղորդագրություններն անմիջապես ուղարկվում են հավանած օգտատիրոջ անձնական հաշիվ։ Այս համակարգը շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի, որը կոչվում է «Secret Crush»: Գործառույթի միջոցով հնարավոր է շփվել մարդկանց հետ «գաղտնի երկրպագուի» ռեժիմով։

Facebook Dating-ը աշխատում է Instagram-ի հետ և թույլատրում է այնտեղից լուսանկարներ ավելացնել։ Նախագծողները խոստանում են տարվա վերջին ավելացնել գործառույթ, որի միջոցով հնարավոր կլինի Facebook-ի և Instagram-ի «սթորիները» նույնպես ավելացնել ծանոթությունների համար նախատեսված ծառայության մեջ։

Նոր սերնդի Android-ն արդեն հասանելի է. ինչ նորամուծություններ կլինեն սմարթֆոններում

Այս պահին նորույթը հասանելի է ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Facebook Dating-ը Եվրոպայում կհայտնվի 2020 թվականի սկզբին։

Թե Հայաստանում երբ հասանելի կլինի, այս պահին դժվար է ասել, բայց մի բան հաստատ է. երբ և ինչ ձևաչափով էլ այն գործի մեզ մոտ, ոմանց դեպքում ունենալու է խիստ հայկական առանձնահատկություն։ Օրինակ` երիտասարդը տեսնելու է հաճելի, գեղեցիկ աղջկա լուսանկար, բարձրաձայն կամ մտքում ասելու է` «ուխ, ինչ լավն ա» , և սկսելու է ընդհանուր ծանոթներ փնտրել` ճշտելու համար «մաքուր» աղջիկ է, թե չէ։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, անցնելու է երկրորդ փուլ` «ախպորը տեսնել», «պապայի հետ ծանոթանալ» և այլն։

Սպորտային ապրանքանիշը «խելացի» ժամացույց է ներկայացնում

Գրեթե բոլոր տեխնոհսկաները ստեղծում են հատուկ աքսեսուարներ սպորտով զբաղվելու համար, հարց է ծագում` իսկ ինչու՞ դրանով չզբաղվեն հենց սպորտային ընկերությունները։ Երևի հենց այս հարցն է մտահոգել նաև Puma-ին, որը ներկայացրել է իր առաջին «խելացի» ժամացույցը։ Այս մասին տեղեկացնում է theverge-ը։

Սարքը ստեղծել են նորաձև ժամացույցներ արտադրող ամերիկյան Fossil Group ընկերության ինժեներները։ «Կատվառյուծի» նորույթը նախատեսված է պրոֆեսիոնալ մարզիկների և սպորտի սիրահարների համար։ Դրանք ջրակայուն են և հագեցած են շատ բարդ անվանում կրող չիպսեթով` Qualcomm’s Snapdragon Wear 3100։

Ժամացույցն աշխատում է Google Wear օպերացիոն համակարգով, որի շնորհիվ կարելի է շփվել Google ընկերության ձայնային օգնականի հետ։ Սպորտով զբաղվելու կամ այլ ակտիվություն ցուցաբերելու ընթացքում սարքը Google Fit-ի միջոցով կարող է հետևել օգտատիրոջ սրտի կծկումների հաճախականությանը։

Նոր հավելվածի միջոցով հնարավոր է դառնալ Դի Կապրիո և ոչ միայն․ տեսանյութ

Կորպուսը պատրաստված է թեթև ալյումինից, իսկ գոտին՝ ձգվող և «շնչող» տեքստուրային սիլիկոնից։ Սարքն ունի NFC չիպ, որը հնարավոր է դարձնում ժամացույցի միջոցով անհպում վճարումները։ Puma-ի խելացի ժամացույցը կհայտնվի շուկայում նոյեմբերին և կարժենա 275 դոլար։

Ծալվող Galaxy-ն մեկ օր է` շուկայում է, բայց արդեն սպառվել է

Հիշու՞մ եք կորեական Samsung-ի ծալվող սմարթֆոնի մասին, հիշու՞մ եք՝ ինչպես արտադրողը ձախողեց սարքի շուկա մուտք գործելը։ Լրագրողներն այնքան թերություն էին գտել սմարթֆոնում, որ Samsung-ը ստիպված եղավ անորոշ ժամանակով հետաձգել վաճառքը։

Մի քանի օր առաջ կորեական ընկերությունը հայտարարեց, որ ծալվող էկրանով Galaxy Fold սմարթֆոնի վաճառքը պաշտոնապես մեկնարկում է։ Երեկ այն արդեն հասանելի էր իր «ծննդավայր» Հարավային Կորեայում։

Իսկ գլխավոր նորությունն այն է, որ կորեական Korea Herald պարբերականի հաղորդմամբ` սմարթֆոնի առաջին խմբաքանակը վաճառվել է ընդամենը մի քանի ժամում։ Բոլոր երեք հիմնական կորեական օպերատորները արդեն պահեստներում Galaxy Fold չունեն։

Վաճառքի պաշտոնական վիճակագրությունը դեռ հայտնի չէ, բայց նախնական տվյալներով՝ առաջին խմբաքանակում 1000 սմարթֆոն է եղել։ Իհարկե, 1000 սմարթֆոնը այդքան էլ տպավորիչ չի հնչում, բայց պետք է հաշվի առնել, որ ծալվող սարքն արժի 2000 դոլար։

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը

Տեղեկություն կա, որ մոտակա շաբաթների ընթացքում Galaxy Fold սմարթֆոնը կհայտնվի Ֆրանսիայում, Գերմանիայում, Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Մի քանի երկրներում հասանելի կլինի սմարթֆոնի 5-րդ սերնդի բջջային ցանցերը սպասարկող մոդելը, իսկ միջազգային մասշտաբով կառաջարկեն 4G տարբերակը։

422
թեգերը:
ժամացույց, Այ քեզ բան, սեր, սմարթֆոն, Facebook
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (162)
Ըստ թեմայի
Անմոռանալի ճամփորդություն. միկրոավտոբուսների պատուհանների փոխարեն էկրաններ կլինեն
Disney-ը պատրաստվում է թողարկել «Առյուծ արքա» և «Ալադին» խաղերի HD ռիմեյքները
«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել