Վիրահատություն

Ախտորոշումը` քաղցկեղ. Հայաստանում անվճա՞ր են իրականացվում վիրահատություններն ու ճառագայթային թերապիան

319
(Թարմացված է 21:45 05.09.2019)
Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, շփվել հիվանդների ու նրանց ազգականների հետ` հասկանալու համար` իսկապե՞ս վիրահատություններն ու ճառագայթային թերապիան անվճար են իրականացվում։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արդեն մի քանի օր է` Հայաստանում քննարկվում է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ փետրվարի 1–ին չարորակ ուռուցքների վիրահատությունը, իսկ հուլիսի սկզբից նաև ճառագայթային թերապիան պետպատվերի շրջանակում են անցկացվում։ Սակայն սոցցանցերում պարբերաբար լուրերն են հայտնվում, թե նախարարը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածում։ Թորոսյանի նախկին խորհրդականը` ուռուցքաբան Գևորգ Թամամյանը,  նույնիսկ հայտարարել է, որ նման պնդումներով նախարարը բժիշկների դեմ է տրամադրում, քանի որ և՛ վիրահատությունները, և՛ ճառագայթային թերապիան շարունակում են գումարով իրականացվել։

Որոշ բժշկական հաստատություններ արդեն հայտարարություններ են արել և սատարել նախարարին` հայտնելով, որ պետությունն ամբողջովին վճարում է քաղցկեղային վիրահատությունների և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիների ճառագայթային թերապիայի համար, Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ու շփվել հիվանդաների ու նրանց ազգականների հետ (բոլոր անուններն ու տարիքները նյութում փոխված են – խմբ.)։

Հույս

56–ամյա Անահիտի մոտ վերջերս կրծքի չարորակ ուռուցք են ախտորոշել։ Ճիշտ ախտորոշման համար բոլոր անհրաժեշտ ստուգումների համար կինն է վճարել։ Նա սկզբում չէր կողմնորոշվել` ինչ անի, քանի որ քույրն առաջարկել էր Մոսկվայում բուժվել։ Գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանի հետ հանդիպումից հետո իմացել է անվճար վիրահատության ու ճառագայթային թերապիայի մասին և հիմա որոշել է հայրենիքում բուժվել։

Տարեկան քանի՞ մարդ է Հայաստանում մահանում քաղցկեղից

«Այսօր մենակ եմ եկել` բժիշկ Ավետիսյանի հետ ևս մեկ անգամ խոսելու, իսկ հետո երեխաներիս կպատմեմ։ Մեր ընտանիքի համար դժվար ժամանակներ կլինեն, բայց հույս ունեմ` ամեն ինչ լավ կլինի», – ասաց նա։

Երախտագիտություն

43–ամյա Արմանին արդեն վիրահատել են պետպատվերի շրջանակում։ Նա իր ախտորոշումը չասաց, բայց ուրոլոգիական բաժանմունքից էր դուրս գալիս։ Տղամարդը նույնպես հաստատեց, որ գումար չեն պահանջել, բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաներն անվճար են արել, բայց իր նախաձեռնությամբ սանիտարուհիներին ու բուժքույրերին կոնֆետ է հյուրասիրում, իսկ երբեմն փորձում է աննկատ փոքր գումարներ դնել գրպանները։ Ոմանք կտրականապես հրաժարվում են, ոմանք էլ` մի փոքր համոզելուց հետո վերցնում։

«Նրանց աշխատավարձը ցածր է, ուզում եմ որևէ կերպ շնորհակալություն հայտնել հոգատարության համար։ Ով նախկինում վճարովի բուժում է  ստացել, կհասկանա` ինչ օգնություն են նրանք ցուցաբերում հիվանդներին», – ասաց նա։

Հոգատարություն 

34–ամյա Մարիամն ասաց, որ մոր` 63–ամյա Գոհարի մոտ արգանդի վզիկի քաղցկեղ են ախտորոշել, քիմիաթերապիայի ու ճառագայթային թերապիայի բուժում նշանակել։ Քիմիաթերապիայի համար ինքն է վճարում, ընդ որում` բավականին մեծ գումար, քանի որ դեղերը թանկ են, բայց ճառագայթային թերապիայի գումարը պետությունն է տալիս։ Նա խոստովանեց, որ այդ հանգամանքը զգալիորեն թեթևացրել է իրենց ֆինանսական բեռը։

Տերմենջյան. «Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը հենց պապիլոմա վիրուսն է»

«Շատ դժվար էր։ Թանկ ու միաժամանակ հոգեբանորեն բարդ բուժում է։ Մենք հույզերը թաքցնում ենք միմյանցից, իսկ մորիցս թաքցնում ենք նաև պարտքերը, որոնք կուտակվել են այս ընթացքում, բայց հուսով ենք` մեր ջանքերը կօգնեն, որ նա ապաքինվի», – ասաց կինը։

Սեր

27–ամյա Արմենն էլ ընկերուհու մոտ էր եկել։ Նրա համար շատ դժվար էր խոսել. ախտորոշման մասին ոչինչ չպատմեց։ Աղջկա բուժման ծախսերն ընտանիքն է հոգում, իսկ տղան այլ դեր ունի` ստիպել է ընկերուհուն հավատալ, որ ապաքինվելու է։ Ասում է, որ ստացվում է, թեև իր համար էլ է շատ դժվար։

«Նրա ծնողները չեն ասում` բուժումն ինչ արժի, բայց հաշվի առնելով, թե ոնց է սկսել հագնվել ընկերուհիս ու ինչ նվերներ է ստանում, հասկանում եմ, որ նրանց ֆինանսական վիճակը զգալիորեն թեթևացել է։ Կուզեի օգնել նրանց, բայց դեմ են։ Ոչինչ, հարսանիքից հետո հոգ կտանեմ նրա մասին», – ասաց երիտասարդը։

Նշենք` այս տարվա փետրվարի 1–ից չարորակ ուռուցք ունեցող 2301 մարդ է վիրահատվել պետպատվերի շրջանակում։ Սա 135% –ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (979 վիրահատություն)։

Ինչի՞ մասին են խոսում փաստերը. ՀՀ–ում 72 ժամը մեկ 1 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից

319
թեգերը:
քաղցկեղ, Հայաստան
Ըստ թեմայի
Լյուդմիլա Նորսոյանը քաղցկեղի դեմ պայքարում է «Լույսի 12 հրեշտակները» հավաքածուով
Քաղցկեղից կբուժե՞ն սոդան և նավթը. հայ բժիշկները դիմակազերծում են դեմագոգներին
Բրիտանիայում երկու եղբայր և քույրը հեռացրել են ստամոքսները, որպեսզի քաղցկեղով չհիվանդանան