երեխաներ

Գիշերօթիկների լուծարումից հետո հերթը նաև մանկատներին է հասնելու

116
(Թարմացված է 09:57 05.09.2019)
Հանրապետության 4 գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ կենսաբանական ընտանիք վերադառնալը նպատակահարմար չէ. սա ուսումնասիրության արդյունքում մասնագետների կատարած եզրակացությունն է: Ե՞րբ և ինչպե՞ս են այս 4 հաստատությունների դռները վերջնականապես փակվելու:

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Գիշերօթիկների լուծարման աղմկահարույց որոշումը ոչ թե առանձին գործընթաց է, այլ քաղաքականության մի մաս, որի նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքում ապրելու հնարավորություն ստեղծել։ Այս գործընթացը կանգ չի առնելու և, ի վերջո,  ներառելու է պետական և ոչ պետական մանկատները, ինչպես նաև մասնագիտացված խնամքի հաստատությունները, որտեղ գտնվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով` երեխայի զարգացման համար լավագույն միջավայրը ոչ թե հաստատությունն է, այլ ընտանիքը: Իհարկե, կան դեպքեր, երբ երեխայի համար իր կենսաբանական ընտանիքում ապրելը միանշանակ նրա լավագույն շահը չէ: Այս դեպքում էլ այլընտրանքային խնամքի ձևեր կան, որոնք հաստատությունում ապրելուց լավ են:

Այսպես «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» հիմնարկների լուծարման վերաբերյալ որոշումն այս պահին ուղարկված է Արդարադատության նախարարություն: Փորձաքննությունն անցնելուց հետո որոշումը կփոխանցվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: Սահմանված կարգով բոլոր գործընթացներն ավարտելուց հետո մի քանի ամսից այս 4 հաստատությունները կլուծարվեն։

Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը

«Մենք ուզում ենք հզորացնել ընտանիքները հենց այսօրվանից, որովհետև վաղը, երբ երեխան ավարտի դպրոցը, միևնույն է՝ չի ունենալու հնարավորություն գնալու գիշերօթիկ հաստատություն և մնալու է մենակ ընտանիքի ու եղած խնդիրների հետ, որոնք այդ ընթացքում, բնականաբար, չեն կարգավորվելու»,- ասում է փոխնախարար Անդրեասյանն ու պնդում, որ թանկարժեք տարիները կորցնելու փոխարեն կարելի է այսօր համապատասխան աջակցություն ցուցաբերել, օգնել, որպեսզի երեխան ընտանիքից չկտրվի:

Թեպետ աղմուկը նոր է բարձրացել, բայց գործընթացը վաղուց է մեկնարկել: Այս ընթացքում բազմամասնագիտական խմբերն ուսումնասիրել են բոլոր երեխաներին և նրանց կենսաբանական ընտանիքներին ու յուրաքանչյուր երեխայի համար անհատական զարգացման ծրագիր մշակել: Հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, օրինակ, ընտանիքի սոցիալական պայմաններ, ներընտանեկան հարաբերություններ,  ծնողավարման հմտություններ և բազմաթիվ այլ գործոններ` որոշումներ են կայացվել` արդյոք երեխան կարող է վերադառնալ ընտանիք, թե ոչ: Եթե այո, ապա ինչ աջակցություն է անհրաժեշտ, որ նա ապրի ընտանիքում։ Արդյունքում տարբեր պատկերներ են ստացվել։ 16 երեխայի դեպքում որոշում է կայացվել, որ նրանք միանգամից կարող են վերադառնալ ընտանիքներ առանց որևէ աջակցության:

«Այն երեխաներն էին, որոնք նույնիսկ չպիտի լինեին գիշերօթիկում, այնտեղ էին գնացել, որովհետև, օրինակ, մոտ է եղել իրենց տանը»,- բացատրում է Անդրեասյանը:

Կան երեխաներ, որոնք ընդգրկվել են ցածր ռիսկայնությամբ խմբում, այսինքն` ընտանիքը մի փոքր նյութական աջակցության կարիք ունի։ Եղել է նաև միջին ռիսկայնության երեխաների խումբ, որտեղ ավելի համալիր աջակցության կարիք է զգացվել, այսինքն՝ բացի նյութական աջակցությունից, նաև հոգեբանական ծառայությունների խնդիր կա, եղել են և բարձր ռիսկայնության երեխաներ: Փոխնախարարն ասում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հետ անհատական աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա, անգամ եթե խոսքը տարիների մասին է: Ուսումնասիրված 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է որոշում կայացվել, որ վերադարձն ընտանիք կվտանգի երեխայի առողջությունը, և գուցե նաև կյանքին վտանգ սպառնա։

23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն

Գիշերօթիկներում երեխաները գտնվում են շաբաթվա 5 օրերին դպրոցից հետո, սովորում են սովորական հանրակրթական դպրոցներում, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև ամռան արձակուրդներին տուն են վերադառնում: Փոխնախարարն ասում է, որ կան երեխաներ, որոնք անգամ արձակուրդներին տուն չեն գնում, շարունակում են այլ հաստատություններում մնալ։

«Կա իրավիճակ, երբ երեխան առանց ծնողական խնամքի է, որովհետև եթե լիներ ընտանիք, ապա մյուս երեխաների նման նա էլ արձակուրդները տանը կանցկացներ: Սա նշանակում է, որ գիշերօթիկում գտնվելը խնդիրը քողարկում է։ Մենք խնդիրը չենք լուծում, որովհետև 18 տարին լրանալուց հետո երեխան առհասարակ վերադառնալու տեղ չի ունենալու»,–ասում է Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ պետք է այս դեպքերի համար քննարկել, ընտրել այլընտրանքային խնամքի ձևեր, եթե դեռահասության տարիքում է, գուցե արդեն անկախ կյանքի ուղեկցության՝ մենթորության մասին խոսք լինի, կամ էլ  երեխան տեղավորվի խնամատար ընտանիքում: 

Ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցների բարձրացրած աղմուկին, փոխնախարարը դույզն-ինչ տարակուսած է, որովհետև ամիսներ առաջ հանդիպումներ է ունեցել բոլորի հետ, խոսել, քննարկել, ներկայացրել ամբողջ գործընթացը:

Տհաճ հոտով միս և թերի սննդամթերք. Գավառի մանկատանը թերություններ են հայտնաբերել

«Աշխատակիցներին ասվել է, որ մեզ համար կարևոր են ինչպես երեխաների, այնպես էլ աշխատակիցների հարցերը, բայց մենք նաև բավարար ազնիվ ենք, որ ասենք՝ մի հարցը մյուսի հաշվին չի լուծվելու։ Եթե ունենք մարդկանց զբաղվածության խնդիրը, դրա պատճառով երեխաները չպիտի գտնվեն հաստատությունում, բայց միևնույն ժամանակ մենք լուծումներ պիտի գտնենք և առաջարկներ անենք նաև աշխատակիցների համար»,- ասում է փոխնախարարն ու հավելում, որ մի շարք առաջարկներ արդեն արվել են, այդ թվում՝ առաջարկել են համալրել խնամատար ծնողների շարքերը։ Նաև ցերեկային խնամքի հաստատությունների ցանցն է ընդլայնվելու, ինչը նշանակում է, որ կպահանջվի երեխաների խնամքի աշխատանքի փորձ ունեցող շատ ավելի մեծ մարդկային ռեսուրս:

116
թեգերը:
ՀՀ կառավարություն, գիշերօթիկ, մանկատուն, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
Գյումրու մանկատան բակում հայտնաբերված փոքրիկները վերադարձել են ընտանիք
Մանկատան տղային գտել են. ինչո՞ւ էր Հովհաննեսը Գավառից հասել Երևան