Աղբաման Երևանում

«Սանիթեքի» ղեկավարն ասել է՝ մինչև երբ է շարունակվելու բոյկոտը. նամակ քաղաքապետին

150
(Թարմացված է 17:00 02.09.2019)
Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը վերջնականորեն վտանգված է:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ:

Այս մասին հայտարարել է «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը՝ Երևանի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակում:  Թաուիլը  նշել է, որ նման հնարավոր հետևանքների մասին բազմիցս նախազգուշացրել են, իսկ վերջին ծանուցումը պայմանագրի ղեկավարն ուղարկել է մի քանի օր առաջ՝ օգոստոսի 28-ին:

«Սանիթեքի» ղեկավարը նշել է, որ նշված պայմանագրին և ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը:

«Հարգելի պարոն քաղաքապետ, աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով և առանց որևէ հիմքի: Այսօրվանից սկսած, սակայն, ակնհայտ է նաև, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները»,-նշել է ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը:

Թաուիլը նշել է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն կիրառվող տուգանքները (որոնք «Սանիթեքը» վիճարկում է դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որևէ պատճառաբանության և պայմանագրի խախտումներով:

«Այս ամենի արդյունքում Երևան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը վերջնականորեն վտանգված է: Այս պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ»,-նշել է «Սանիթեքի» ղեկավարը՝ հավելելով, որ այդ անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը չի կատարել վճարման պարտավորություններն ամբողջությամբ:

Նիքոլա Էլ Թաուիլը խնդրել է սա դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել, և կրկին հորդորել ամբողջությամբ կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:

Սեպտեմբերի 1-ին էլ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ արդեն չորրորդ օրն է, ինչ «Սանիթեքը» չի կատարում պայմանագրային պարտավորությունները և  Երևանում ընդհանրապես աղբահանություն չի իրականացնում:

 «Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատել էր որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստացել, որ այն ունենալու է իր իրավական հետևանքները:

 Քաղաքապետարանը հիշեցրել էր, որ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով՝  յուրաքանչյուր չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված կամ թերի մատուցված ծառայության դիմաց քաղաքային իշխանությունն իրավասու է տուգանքներ կիրառելու ընկերության նկատմամբ:
Հիշեցնենք` Երևանում աղբահանության խնդիրը սրվեց անցած տարվա ամռանը։ Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը մի քանի անգամ տուգանվեց, բայց հարցն այդպես էլ չլուծվեց։

«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի
Ապրիլի 18–ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Հայկ Մարությանից բացատրություն պահանջեց աղբահանության վիճակի համար։ Վերջինս, ներկայացնելով իրավիճակը, խնդրեց թույլ տալ կազմակերպել աղբատարների գնման լրացուցիչ գործընթաց։

Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով վերադարձնել որպես տուգանք վճարած գումարը։

«Սանիթեքը» մտադիր է միջազգային արբիտրաժային դատարան դիմել, եթե քաղաքապետարանը չհամաձայնվի ճգնաժամի կարգավորման իր պայմաններին։

150
թեգերը:
Հայկ Մարության, աղբ, Երևանի քաղաքապետարան, Սանիթեք
Ըստ թեմայի
Նոր աղբամաններ և աղբահավաք մեքենաներ. ինչքանով կլուծվի խնդիրը
Երևանի քաղաքապետարանին դատի են տվել. ինչու՞ չեն հրապարակում «Սանիթեքի» պայմանագիրը
Էրեբունիում «Սանիթեքն» այլևս չի՞ աշխատում