Автобусная остановка

Եվս 2 տարի պետք է սպասենք.Մարությանը քննարկել է տրանսպորտային նոր ցանցի ներդրման խնդիրները

69
(Թարմացված է 16:36 30.08.2019)
Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Այս մասին այսօր ասվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Հայկ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

«Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը:

Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում, քաղաքապետի խոսքով, կա երկու տարբերակ՝ կա՛մ այն իր վրա կվերցնի համայնքը, կա՛մ կլինի համայնք և մասնավոր հատված համագործակցություն:

«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը ևս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»,- նշում է քաղաքապետը:

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:

Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը ներկայացվել է Հայկ Մարությանին

Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:

69
թեգերը:
երևանցիներ, Երևան, Տրանսպորտ, Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ
Ըստ թեմայի
Մաքրելու ենք քաղաքը աղբից, կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ. Հայկ Մարությանը բարկացել է
«Զավեշտի հասնող պնդումներ են». Հայկ Մարությանը կպատասխանի «Սանիթեքին»
Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին