Հանքավայր

«Տոքսիկ ժառանգություն» իշխանությանը. հանքարդյունաբերությունը սպասում է «խաղի կանոններին»

185
(Թարմացված է 13:20 10.08.2019)
ՀՀ իշխանությունը հայտնվել է սեփական ընտրողների և ակտիվիստների, ընկերությունների և արտաքին ուժերի ճնշման տակ, արդյունքում շատ հարցեր օդում կախված են մնացել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հեղափոխությունից հետո Հայաստանի  հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված ողբալի իրավիճակը հայտնվել է իշխանության և հանրության ուշադրության կենտրոնում։ Սակայն այդ ոլորտում «թավշյա հեղափոխությունից» ի վեր «խաղի նոր կանոններ»  չեն սահմանվել։

Դեռ 2018 թվականի մայիսին նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր չէ փակել կամ կասեցնել մետաղական օգտակար հանածոների հանքերի աշխատանքը, սակայն դրանց գործունեությանը հետևելու է ողջ խստությամբ։ Այդ նույն ժամանակ էլ վարչապետը նշեց, որ շրջակա միջավայրին, բնակչության առողջությանը և պետությանը հասցվող վնասը բացահայտելու և վերացնելու նպատակով ստուգումներ կիրականացվեն միանգամից 28 ընկերություններում։

Փաստը, որ նախկին իշխանության օրոք Հայաստանում հանքավայրերը շահագործվում էին «բարբարոսաբար» կասկած չի առաջացնում։

Հանքավայրերի մշակման նկատմամբ անպատասխանատու մոտեցումը, ինչպես նաև մի շարք ընկերությունների գրանցումը օֆշորներում ստիպել են նոր իշխանությանը պարտադրել հանքարդյունաբերական ընկերություններին մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը տեղեկություն տրամադրել իրենց իրական սեփականատերերի մասին։

Կապանի ոսկու հանքը վաճառվել է ռուսական ընկերությանը

Սակայն իշխանությունը բնապահպանության և տնտեսական նպատակահարմարության միջև «ոսկե միջինը» դեռ չի գտել։

2019 թվականի հունվարի 30-ին ռուսական Polymetal հանքարդյունաբերական ընկերությունը  բրիտանական Chaarat ընկերությանը Կապանում վաճառեց ոսկու–բազմամետաղային հանքավայրը։

«Polymetal»–ն 2016 թվականի ապրիլին 38 միլիոն դոլարով գնեց ակտիվը։

Կապանի շրջանում գտնվող Շահումյանի ոսկու-բազմամետաղային հանքավայրը ծախսերի բարձր մակարդակով ամենափոքր հանքն էր Polymetal–ի պորտֆելում։ Որպես ակտիվների վաճառքի հիմնական պատճառ նշվում է օգտակար հանածոների բարձր գինը։

Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիայի տվյալներով, վաճառքի հարցում նվազ դեր չխաղաց ՀՀ նոր իշխանությունների անորոշ քաղաքականությունը։

Մյուս կողմից` ոսկու արդյունահանմամբ զբաղվող Chaarat Gold ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները կարևոր գործոն դարձան հանրապետության տնտեսության մեջ ներդրումներ անելու վերաբերյալ Chaarat Gold ընկերության կողմից որոշում կայացնելու հարցում։

Այսօր «Polymetal»–ն ակտիվ գործունեություն է ծավալում Ղազախստանում, ընկերության հիմնական նախագիծը «Կիզիլ» նախագիծն է (Բակիրչիկ հանքավայրն ու դեռ չշահագործած Բոլշևիկը)։ Այն 2014 թվականին ձեռք է բերել  «Polymetal»–ը` 618,5  մլն դոլարով (շահագործման է հանձնվել 2018 թվականի հունիսին)։  Սա ընկերության պատմության մեջ ամենախոշոր ձեռքբերումն էր։

Ոսկի պարունակող խտանյութի մի մասը վերամշակման է ուղարկվում Ռուսաստան, որից հետո վերադառնում է Դորե ձուլակտորի տեսքով։ Այս նախագծում ինտեգրման տարրը  հաշվի առնելով` Կիզիլի շահագործման համար  Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ)  «Polymetal»–ին 80 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել։

Լիճքվազի պաշարները գնահատվել են 18,7 տոննային համարժեք ոսկի

Հանքարդյունաբերական ոլորտը ԶԵԲ  նախագծերի առաջնային ուղղություններից է, և բանկում չեն բացառում, որ կարող են նման նախագծեր ֆինանսավորել նաև Հայաստանում, եթե համապատասխան հայտեր ստացվեն։

«Հետաքրքրությունը կայուն բարձր է անկախ երկրից։ Մյուս կողմից, մենք չենք կարող ընկերություններին ստիպողաբար մեզ մոտ բերել։ Բոլոր նախագծերը պետք է նախաձեռնող ունենան, և ըստ էության, նման աշխատանքը պետք է հայտագրային բնույթ կրի», – նշեց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ամանգելդի Իսենովը։

Եթե «Polymetal»–ի դեպքում ամեն ինչ միանշանակ չէ, ապա Lydian Armenia–ի հարցում իրավիճակն ավելի պարզ է։ Ամուլսարի հանքի շահագործել–չշահագործելու հարցը Հայաստանի իշխանության համար գլխավոր խնդիրներից մեկն է։ Բնապահպանական ակտիվիստները կարծում են, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վտանգավոր լինել Ջերմուկի համար, իսկ գրունտային ջրերով այն կարող է հասնել Սևանա լիճ։ Ընկերությունում, բնականաբար, այլ բան են ասում։

Հանքի սեփականատեր Lydian Armenia ընկերությունը (Lydian International միջազգային ընկերության դուստր ձեռնարկություն) գնահատել է շրջակա միջավայրի վրա հանքավայրի շահագործման ազդեցությունը, որն ընդունվել էր բնապահպանության նախարարությունում, սակայն իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարությունը նոր փորձաքննություն է պահանջել։

Պարսյան․ «Սա մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»

Արդեն որերորդ անգամ ակտիվիստները փակում են դեպի հանքավայր տանող ճանապարհը, վերջերս նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչների ճանապարհն էին փակել։  Այս կարևորագույն և ցավոտ հարցի վերաբերյալ իշխանության ներսում միասնական մոտեցում չկա։ Կառավարությունից պատասխան են պահանջում նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորները։

Իրավիճակը բարդանում է կառավարության վրա ոչ միայն ակտիվիստների և Lydian ընկերության (ընկերությունը ակնարկում է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հավանականության մասին), այլև շահագրգիռ և Lydian–ի հետ կապված երկրների իրականացրած ճնշման պատճառով։ 

Sputnik Արմենիայի` իրավասու աղբյուրներից ստացած տվյալներով` Lydian–ի հարցը հայ–ամերիկյան հարաբերությունների օրակարգի ամենադժվարներից է։ Վաշինգտոնում սպասում են հարցի հնարավորինս արագ լուծմանը, այլապես Հայաստանում ամերիկյան որևէ  նոր ներդրումների (ինչի կարիքն այդքան ունի կառավարությունը) մասին խոսք անգամ լինել չի կարող։

Այս մասին օրեր առաջ, բնապահպանական ակտիվիստներին պաշտպանելով, հայտարարել էր աշխարհահռչակ երաժիշտ System of a Down  խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Նման պայմաններում խնդրի լուծումը մոտ ապագայում բավական աղոտ է։

Ոլորտում խնդիրները միայն Ամուլսարով չեն սահմանափակվում։ Նման հարցեր ժամանակ առ ժամանակ առաջանում են նաև մյուս հանքավայրերի և գործարանների շուրջ։ 2018 թվականի հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով իր աշխատանքը դադարեցրել է Ալավերդու մետաղաձուլական գործարանը։

Այժմ սկանդալ է հասունանում, Թեղուտի պոչամբարի ամբողջականության և կայունության շուրջ։

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

ՀՀ իշխանությունը դժվար ընտրության առաջ է կանգնած։ Նախկին ղեկավարության «տոքսիկ ժառանգությունը» շարունակում է թունավորել նորերի կյանքը։ Վտանգված են նոր ղեկավարության վարկանիշը, աշխատատեղերը, ներդրումները։ «Ոսկե միջինն» էլ դեռ չեն գտել։

185
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, հանքարդյունաբերություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Երկաթե մարդիկ» չեն հանձնվում. Ալավերդին փորձում է գոյատևել առանց գործարանի
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
«Լիդիան Արմենիայի» աշխատակցին և որդուն ծեծելու գործով մեղադրանք է առաջադրվել 3 մարդու