Արմեն Կարախանյան, Գագիկ Ասլանյան

Կոլապս Տնտեսագիտական համալսարանում. դասախոսները ռեկտորին մեղադրում են գրագողության մեջ

1581
(Թարմացված է 14:53 30.07.2019)
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը վիրավորել է բուհի դասախոսներին, նրանք էլ որոշել են 5 տարի անց հայտարարել, որ իրենց նախկին ուսանող, այսօր` փաստացի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանում կոլապսային իրավիճակ է։ 

Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին հայտարարեցին բուհի դասախոսները։

«Սեպտեմբերի 1-ին դասախոսները կարող են գնալ աշխատանքային պայմանագիր կնքելու ու պարզվի, որ իրենք այլևս բուհում չեն դասավանդում»,- լրագրողներին ասաց բուհի դասախոս Արմեն Կարախանյանը` հավելելով, որ իրենց մոտավոր հաշվարկներով՝ աշխատանքից կարող են զրկվել բուհի ներկայիս 380 դասախոսներից 100-200-ը։

Արմեն Կարախանյանի խոսքով՝ բուհում նման իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ 2018թ–ի դեկտեմբերի 28-ին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռուբեն Հայրապետյանը նոր կանոնակարգ է մշակել ու դրա հիման վրա դասախոսական կազմի մրցույթ կազմակերպել։

«Մրցութային հանձնաժողով է ձևավորվել, որում ընդամենը 1 մասնագետ կա` ամբիոնի վարիչ, մնացած 4 անդամներն ընդհանրապես մասնագետ չեն։ Մեկը վարչատնտեսական մասի աշխատակից է, մեկը` կադրերի բաժնի աշխատակից, որն այս տարվա շրջանավարտ է, բակալավրիատի դիպլոմը դեռ չի ստացել, և իրեն իրավունք է վերապահել 1 շաբաթ առաջ իր դիպլոմի հարցը լուծող դասախոսին տալ մասնագիտական հարցեր»,– ասաց Կարախանյանը։

Նոր կարգի դեմ բողոքող դասախոսները պնդում են, որ այն հակասում է գործող օրենսդրությանն ու այդ հարցով դիմել են դատարան։

Բուհի դասախոսներից 60-ը բոյկոտել են մրցույթն ու չեն ներկայացել, մի քանիսը ներկայացել են ու հրաժարվել պատասխանել հարցերին։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր մասնակցել ու պատասխանել են հանձնաժողովի հարցերին, վստահ չեն, որ սեպտեմբերի 1-ից շարունակելու են աշխատել հարազատ բուհում։

Մրցույթի արդյունքները, դասախոսների խոսքով, առ այսօր հրապարակված չեն։ Նրանք նշում են, որ միայն ծանուցումներ են ստացել այն մասին, որ եթե մրցույթը հաղթահարած լինեն՝ սեպտեմբերի 1-ին կհրավիրվեն աշխատանքային պայմանագիր կնքելու։

«Չզարմանաք, եթե վաղը տեսնեք, որ մենեջմենթի ամբիոնում լեզվաբանը դասախոս լինի, մաթեմատիկոսը տնտեսագիտություն պարապի, մագիստրատուրան հազիվ ավարտած անձը վաղը ասպիրանտուրայում դասավանդի։ Այսպիսի իրավիճակ ստեղծվել է ու այդպիսի թեկնածուներ կան»,– ասաց  Արմեն Կարախանյանը։

Բուհի դասախոսներին հատկապես զայրացրել են ռեկտորի պաշտոնակատարի՝ մամուլում արած վերջին հայտարարությունները, որտեղ իր հասցեին ուղղված քննադատությանը նա պատասխանել էր անձնական վիրավորանքներով։ Ի պատասխան՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին դասավանդած դասախոսները որոշել են պատռել իրենց նախկին ուսանողի դիմակը։

«Այդ պատճառով է, որ ցանկանում ենք, որպեսզի հանրությունը, այդ թվում՝ նաև մեր համալսարանի դասախոսների մի մասն ու ուսանողներն իմանան, թե ով է իրականում Ռուբեն Հայրապետյանը, ով է անվանում մեզ բոլորիս անգրագետներ, անառողջ տարրեր»,– ասաց տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Ասլանյանը, ով, ի դեպ, նախկինում դասավանդել է իր ներկայիս ղեկավարին։

Գագիկ Ասլանյանն ասուլիսին դատարկաձեռն չէր ներկայացել և իր հետ բերել էր նախկին ուսանողի դոկտորական ատենախոսությունն ու բոլոր այն աշխատությունները, որոնցից, իր բնորոշմամբ`«copy-past» են արվել դրա ամբողջական հատվածները։

Ներկայացված ատենախոսությունը Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է հենց Տնտեսագիտական համալսարանում՝ 4 տարի առաջ, ընդ որում` արագացված կարգով` ստանալով դոկտորի կոչում։

Հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակում չկա հենց բուհի, այդ թվում` դասախոսների մեղավորությունը, Գագիկ Ասլանյանը պատասխանեց. «Իհարկե, այս ամենի սկիզբը դրել է բուհը, նախկին ղեկավարությունը։ Ի դեպ, պետք է ասեմ, որ նախկին ղեկավարության օրոք տեղի ունեցած կոռուպցիոն չարաշահումները շարունակվում են առ այսօր»։

Բայց այս թեմային Ասլանյանը խոստացավ անդրադառնալ մեկ ուրիշ անգամ։ Իսկ ինչ վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարի վիճահարույց ատենախոսությանը՝ այն բացահայտված փաստերով ներկայացվել է Բարձրագույն որակավորման կոմիտե` ուսումնասիրության նպատակով։

Մինչ այդ ռեկտորի պաշտոնակատարի դեմ բողոքող դասախոսներն ասուլիսն ավարտեցին հույսով, որ վիճահարույց մրցույթների հիմք ծառայած կանոնակարգը դատարանի վճռով չեղարկվելու է, ու սեպտեմբերի 1-ից իրենք կարողանալու են զբաղվել իրենց սիրած աշխատանքով։

ԵՊՀ 3 պրոռեկտոր ազատվել են աշխատանքից

1581
թեգերը:
Գագիկ Ասլանյան, Արմեն Կարախանյան, դասախոս, ռեկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)