Հայաստանում Ֆրանսիական համալսարան

Ծառայել, թե չծառայել. Ֆրանսիական համալսարանում տարկետում ստանալն անհնա՞ր է

94
Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար հավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվել։ Բուհի տղա ուսանողները տարկետում ստանալ չեն կարող, քանի որ նրանց 19 և 20 գրեթե չեն նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից տրամադրվող կրթական ծրագրերը հավատարմագրված են Ֆրանսիայի ազգային ու բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները մամուլի ասուլիսով էին հանդես եկել ու հայտարարել, որ 2 խնդրի առաջ են կանգնած. նախ` տարկետում չեն կարողանում ստանալ, քանի որ գնահատման 20 բալանոց համակարգի հետ կապված խնդիրներ կան։ Բացի այդ, ուսանողների խոսքով` Ֆրանսիական համալսարանը 2011-ից մինչ օրս Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից հավատարմագրում չի անցել, և նրանք մտավախություն ունեն, որ հետագայում, օրինակ, արտասահմանյան բուհ դիմելու համար կարող է խնդիր առաջանալ։ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը ՈԱԱԿ–ի կողմից հավատարմագրում չի անցել։ Սակայն բուհի կողմից տրամադրվող ծրագրերը հավատարմագրված են Ֆրանսիայի ազգային ու բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից»,–հայտնում են նախարարությունից։

Ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանան կառավարությունից

Միաժամանակ հայտնում են նաև, թե հաշվի առնելով, որ ՀՀ և օտարերկրյա այլ պետությունների մասնակցությամբ ՀՀ–ում ստեղծված ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ`Ֆրանսիական համալսարանն իրավունք ունի տրամադրելու սահմանված ձևի պետական նմուշի դիպլոմ։

Հետաքրքրվել էինք նաև, թե ինչ լուծում են տեսնում տարկետման հետ կապված բարձրացված խնդրի շուրջ։ Մասնավորապես, բուհի ուսանողներից մեկը` Վահե Թումանյանը, հայտնել էր, որ իրեն տարկետում չեն տալիս, քանի որ իր գնահատականները ցածր են, միջին որակական գնահատականը (ՄՈԳ), բնականաբար, նույնպես ցածր է։ Սակայն խնդիրն այն է, որ Ֆրանսիական համալսարանում 19 և 20 միավոր գրեթե չեն նշանակում, քանի որ ֆրանսիական գնահատման համակարգում էլ է այդպես։ Այդ իսկ պատճառով էլ բուհի ղեկավարությունը որոշել է 14 միավոր ստացած ուսանողներին արդեն իսկ գերազանցության` «կարմիր» դիպլոմ տալ։ Վահեն 16.2 բալով գերազանցության դիպլոմ է ստացել ։

Սեպտեմբերից ուսման վարձ վճարելն ավելի հեշտ կլինի. «Իմ քայլն» օրինագիծ ունի

Ի պատասխան ԿԳՆ–ից հայտնել են, որ կառավարության որոշմամբ հստակ սահմանված են տարկետում տրամադրելու կարգն ու պայմանները։ «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տալու համար հաշվի է առնվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը հաղթահարելու պայմանը, այլ ոչ թե գերազանցության դիպլոմ ունենալու հանգամանքը»,–նշված է նախարարության պատասխան նամակում։ Մեր հարցը, սակայն, թե ինչպես են տեսնում խնդրի լուծումը և արդյո՞ք չի խախտվում ուսանողների մի խմբի իրավունքները, քանի որ նրանք անհավասար պայմաններում են մյուսների հետ, նախարարությունն այդպես էլ անպատասխան է թողել։

94
թեգերը:
տարկետում, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Ուսանող, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխատող ուսանողները կկարողանան ուսման վարձը վճարել իրենց եկամտահարկից
Ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանան կառավարությունից
Հայ պատգամավորները թույլ կտան ուսանողներին ուսման վարձը վճարել ամիս առ ամիս