* ՀԱՅԱՍՏԱՆ *, գեղեցկության մրցույթներ, լողազգեստով բեմ դուրս գալ, novsti armenii, gexeckuhiner, bikini
Բիկինիի ցուցադրություն

Գեղեցկուհիներին որոշել են չմերկացնել, կամ ինչու է բիկինիից հրաժարվելը ձեռնտու հայուհիներին

505
(Թարմացված է 20:08 21.07.2019)
«Գեղեցկության մրցույթներում» լողազգեստով բեմ դուրս չգալը հասել է նաև Հայաստան։ Մինչ կանանց մարմնի գեղեցկությունը գնահատողները տարակուսանքի մեջ են, մրցույթը դրանից միայն շահում է։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ավանդաբար գեղեցկության մրցույթներն անցկացվել են երեք փուլով․սկզբից աղջիկները հանդիսատեսի առաջ հայտնվել են ազգային տարազներով, այնուհետև՝ լողազգեստներով, իսկ դրանից հետո՝ երեկոյան զգեստներով։ Սակայն ժամանակակից աշխարհում գերակայությունները փոխվել են, և ամենահեղինակավոր մրցույթները սկսել են հրաժարվել բիկինով դեֆիլեից։

Գեղեցիկ շոուները զրկվե՞լ են «ամենահամով» մասից

63 տարվա ընթացքում առաջին անգամ 2014թ.-ին «Միսս Աշխարհի» կազմակերպիչները որոշել են աննախադեպ քայլ անել։ Նրանք հիմնավորել են դա` ասելով, որ կարևոր է բացահայտել մասնակիցների ներքին գեղեցկությունը։

Նման փիլիսոփայությանը համապատասխանում է նաև միջոցառման կարգախոսը` «Նպատակով գեղեցկություն», քանի որ հաղթողը, օգտագործելով իր տիտղոսը, պետք է միավորի մարդկանց ինչ-որ կարևոր նպատակի շուրջ։ «Միսս Աշխարհը» ավելի շատ բարության պատգամաբեր է, քան գեղեցկության թագուհու հայտնաբերում», - ասել են նրանք։

Ի դեպ, մեկ տարի առաջ Ինդոնեզիայում հեղինակային մրցույթ անցկացնելու ժամանակ մասնակիցները բիկինիով ելույթ չեն ունեցել պոդիումի վրա, որպեսզի չբարկացնեն երկրի պահպանողական մահմեդականներին։ Լողափնյա նորաձևության բաժնում աղջիկները ելույթ են ունեցել ավելի խիստ զգեստներով։

2018թ.-ից արտաքինի հետևում աղջիկների տեսակը տեսնելու ձգտումը ստիպել է չմերկացնել նրանց նաև «Միսս Ամերիկա» մրցույթում և նույնիսկ գործարկել է #byebyebikini հեշթեգը։ «Գեղեցիկ շոուի» 97 տարիների ընթացքում առաջին անգամ դա փոխարինվել է մրցույթով, որում աղջիկները հարցեր են տվել միմյանց և ժյուրիի անդամներին պատմել իրենց առաքելության մասին։ Ավելին` հայտարարվել է, որ այսուհետև մրցույթին կարող են մասնակցել «բոլոր կազմվածքների և չափսերի կանայք»։

Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով

«Մենք չենք պատրաստվում դատել ձեր արտաքինը, որովհետև մեզ հետաքրքրում է ձեր ներաշխարհը։ Մենք այլևս անիմաստ շոու չենք ներկայացնում։ Սա մրցույթ է», - հարցազրույցներից մեկում ասել է «Միսս Ամերիկայի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, մրցույթի նախկին հաղթող Գրետխեն Կառլսոնը։

Պետք է հավելել, որ բոլոր այդ նորամուծությունները կապ ունեն #MeToo շարժման հետ (հայտնի հեշթեգ, որն ակնթարթորեն տարածվել է սոցիալական ցանցերում 2017թ.-ի հոկտեմբերին և դատապարտում է սեռական բռնությունն ու ոտնձգությունները կանանց նկատմամբ)։ Կառլսոնը զբաղվում է այն կանանց իրավունքների պաշտպանությամբ, որոնք տուժել են սեռական ոտնձգությունների պատճառով և ակտիվորեն աջակցում են #MeToo շարժմանը։

Իսկ Հայաստա՞նը

Այս տարի մեր երկրում անցկացվել է գեղեցկության երկու մրցույթ՝ «Միսս Տիեզերք Արմենիան» և «Միսս Աշխարհ Հայաստանը»։ Առաջին դեֆիլեում գեղեցկուհիները ելույթ ունեցել են լողազգեստներով, երկրորդի ժամանակ մրցույթի այդ փուլին փոխարինել են պարերը, ավելի ճիշտ՝ աղջիկները հանդիսատեսին և ժյուրիի անդամներին ներկայացրել են իրենց պարային ընդունակությունները։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց գեղեցկության երկու մրցույթների նախագահ, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը, լողազգեստով մրցույթից հրաժարվելու արդյունքում «Միսս Աշխարհ Հայաստանն» ավելի մասշտաբային է եղել։

Мисс Армения-1998 Гоар Арутюнян на конкурсе Мисс Вселенная-Армения (10 июля 2019). Гюмри
© Photo : EDGAR MARTIROSYAN
Գոհար Հարությունյանը

«Մրցույթին ավելի շատ աղջիկներ են մասնակցել, քանի որ քասթինգին եկել են նաև նրանք, որոնց հայրերը կամ եղբայրներն արգելել են բեմ բարձրանալ լողազգեստով։ Նման խնդիրն արդի է ոչ միայն մեզ մոտ, այլ նաև աշխարհի շատ երկրներում, հատկապես, մահմեդական», - ասաց նա։ Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ «Միսս Տիեզերք» մրցույթի նկատմամբ մոտեցումը մի քիչ այլ է։

«Միսս Տիեզերքը» հավատում է, որ գեղեցիկ մարմինը ոչ միայն բնության պարգև է, այլ նաև մեծ աշխատանքի արդյունք», - ասում է նա։

Ի դեպ, պետք է նշել, որ «Միսս Տիեզերք» մրցույթը, որն առաջին անգամ տեղի է ունեցել 1952թ-ին Կալիֆոռնիայում, ի սկզբանե նախատեսված է եղել լողափնյա նորաձևությունն առաջ մղելու համար, իսկ հավակնորդները մեկ ամիս շարունակ գովազդել են լողազգեստներ։

«Ես նորմալ եմ վերաբերվում լողազգեստներով դեֆիլեին, չէ որ դա գեղեկցության մրցույթ է, և ժյուրին ամենից առաջ գնահատում է քո արտաքին տվյալները։ Հագուստը կարող է թաքցնել մարմնի գեղեցկությունը կամ` հակառակը։ Բայց մենք գիտենք, որ «Միսս Աշխարհը» ուշադրությունը կենտրոնացնում է հաղթողի մարդասիրության, բարության, առաքելության վրա», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վերջին նորամուծությունների մասին իր կարծիքն է հայտնում «Միսս Աշխարհ Հայաստան» մրցույթի հաղթող Լիանա Ոսկերչյանը։

Լիանայի խոսքով՝ դրական կողմն այն է, որ ավելանում է ինչպես մասնակից անդամ երկրների, այնպես էլ աղջիկների թիվը։

Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհում». լուսանկարներ

«Իսկ ահա «Միսս Տիեզերքը» շեշտը դնում է հենց արտաքինի վրա։ Այստեղ կարևոր է ինքնավստահությունը, կեցվածքը, բարեկազմ և սլացիկ մարմինը։ Կարծում եմ, որ պետք չէ կոմպլեքսավորվել լողազգեստով դեֆիլեի պատճառով, չէ որ, եթե դու համարձակություն ես գտել մասնակցել մրցույթին և բեմ բարձրանալ, ապա պետք է պատրաստ լինես` քեզ բոլոր կողմերից ներկայացնելուն», - նշում է աղջիկը և հավելում, որ մի քանի անգամ մասնակցել է բիկինով մրցույթների։

Участница конкурса красоты Мисс мира - Армения 2019 Лиана Воскерчян (Ереван)
© Sputnik / Aram Nersesyan
Լիանա Ոսկերչյանը

Շատերը կարծում են, որ նոր մոտեցումը նման շոուներին զրկում է դրանց գլխավոր «համով բաղադրիչից` չամիչից», քանի որ արտաքին հմայքը տաղանդների դրսևորմամբ անհնար է փոխարինել։ Բայց այս նորամուծությունները հնարավորություն են տալիս շատ աղջիկների մոտենալ իրենց երազանքին։ Իսկ դա ձեռնտո՞ւ է մրցույթի կազմակերպիչներին, թե ոչ, ցույց կտան շոուի վարկանիշները։

505
թեգերը:
Գեղեցկության մրցույթ, Գեղեցկուհի, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է «Միսս Ռուսաստան 2019» մրցույթի հաղթողի անունը. լուսանկարներ
Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին
«Միսս Մոսկվան» առաջին անգամ ցույց է տվել իր և Մալայզիայի նախկին թագավորի որդուն
Ալբերտ Հովհաննիսյան

Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «քաղաքական բացահայտումների համար» հրավիրվել է ՀՔԾ

95
(Թարմացված է 21:07 24.06.2021)
Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել ու ամոթանք տվել իրավապահներին անհարգալից վերաբերմունքի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ «քաղաքական բացահայտումների համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես` որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար»,–գրել է Հովհաննիսյանը և կից հրապարակել ՀՔԾ ծանուցումը։

Արտակ Հովհաննիսյանը որպես գրառման հետգրություն նշել է. «Վերջապես հարգել սովորեք»։

Հայտնի լուսանկարի Ալբերտը. ընկերները պատմում են միշտ հաղթող տղայի մասին

Հիշեցնենք, որ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերոսին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որդու մահից հետո իր անձնական մեքենան նվիրեց հայոց բանակին։

95
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), մայր, Զինվոր, Զոհ, Ալբերտ Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Պատիվ ունեմ. Արայիկ Հարությունյանը կարդացել է որդուն կորցրած հոր խնդրանքը
Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»
«Տղաս անմահացավ». լուսանկարի հերոսի հայրը խնդրում է որդուն հիշել որպես անսահման լավատեսի
Կինոյի տուն

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

122
(Թարմացված է 20:32 24.06.2021)
Կինոյի տան գլխավոր մուտքը մի քանի օրում ապօրինի կերպով փոփոխության է ենթարկվել։ Նախ քանդել են հսկայական թեքահարթակը, դրա փոխարեն աստիճաններ կառուցել, հետո արագ տեղադրել Գագիկ Ծառուկյանի լուսանկարը դրա վերևում, ապա նորմերին չհամապատասխանող թեքահարթակ կառուցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մինչ շատերը զբաղված էին նախընտրական քարոզարշավի թոհուբոհով` որոշ մարդիկ առիթից օգտվել և Կինոյի տան գլխավոր մուտքում «իրենց սրտով» ձևափոխություններ են արել։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանի տերերը հունիսի 12-ին սկսել են քանդել Կինոյի տան աստիճաններին կից թեքահարթակը: Ի դեպ, թեքահարթակն ուներ ավելի քան 7,5 մետր երկարություն և 1,2 մետր լայնություն։

«Թեքահարթակը քանդելուն հաջորդեց դեպի սրճարան տանող նոր աստիճաններ կառուցելը։ Այսինքն` շատ արագ ինչպես մեր թեքահարթակը քանդեցին, այնպես էլ Խանջյանի կողմից դեպի իրենց սրճարան աստիճաններ կառուցեցին։ Դրանից հետո մենք դիմեցինք պատկան մարմիններին»,–պատմեց Մանուկյանը` հավելելով, որ այդ տարածքում պատ էր` դեպի սրճարան մուտք չկար։

Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանը 2 մուտք ունի Արամի փողոցից, սակայն դեպի Խանջյան մուտք ունենալը բոլորովին այլ նշանակություն ունի սրճարանի համար։ Մանուկյանն ասաց, որ մինչև այս երկու հոգի այցելել են իրենց և առաջարկել Խանջյանի հատվածում` Կինոյի տան բակում, սրճարան կառուցել։ Միության նախագահությունը մերժել է այդ գաղափարը, քանի որ նպատակ ունեին բակը աստղային հրապարակի վերածել` բացելով Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի անվան աստղեր։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Կինեմատոգրաֆիստների միությունից մերժում ստանալով, ըստ Մանուկյանի, որոշել են ապօրինի կերպով սրճարանի գաղափարը կյանքի կոչել։

Главный советник председателя Союза кинематографистов Араик Манукян
© Sputnik / Asatur Yesayants
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյան

Մանուկյանը պատմեց նաև, որ երբ բողոքել են ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, հաջորդ օրը սրճարանի վերևում հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզչական պաստառը։

Следы от демонтированного пролета для людей с ограниченными возможностями у главного входа в Дом кино
© Photo : Union of Cinematographers of Armenia
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզչական պաստառը

«Մեր աղմուկ բարձրացնելուց հետո սրճարանի տերերը բերեցին ու Գագիկ Ծառուկյանի պաստառը տեղադրեցին` հավանաբար մեզ հուշելու համար, թե ում հետ գործ ունենք։ Դրանից հետո երկրորդ քայլն արեցին` առանց մեզ հարցնելու որոշեցին, որ պետք է նոր թեքահարթակ կառուցեն` մեր գլխավոր մուտքի աստիճանների վրա։ Այդ թեքահարթակի միջոցով բարձրանալ և իջնել հնարավոր չէ»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ ավելի շուտ «ընկնելու» թեքահարթակ է կառուցվել` ոչ մի նորմերին չհամապատասխանող։

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյան

Նա հայտնեց նաև, որ արդեն 4 անգամ Կադաստրի պետական կոմիտե հարցում են ուղարկել` ճշտելու` աստիճանների հատվածը շենքին` իրե՞նց է պատկանում, թե՞ Երևանի քաղաքապետարանին։ Սակայն 4 անգամն էլ կադաստրից նույն փաստաթուղթն են տրամադրել` շենքի ներսի մասին տեղեկություն տալով։ Մանուկյանն այսօր արդեն 5-րդ դիմումն է պատրաստվում ուղարկել կադաստր` ասելով, որ արդեն կասկածներ ունեն, որ կադաստրը ու սրճարանի տերերն իրար հետ ինչ-որ կապեր ունեն։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Նրա խոսքով` Կենտրոն վարչական շրջանն արդեն սրճարանին տուգանելու արձանագրություն է կազմել, իսկ ոստիկանությունն էլ իրենցից ցուցմունքներ է վերցրել. առաջիկայում գույքի բռնազավթման հատկանիշներով պետք է քրգործ հարուցվի։ Ընդհանուր հաշվարկով` 3-4 մլն դրամի վնաս է կրել Կինոյի տունը։

Մանուկյանը չի բացառում, որ օրեր անց տեղում արդեն կարող է մի քանի սեղան հայտնվել ու սրճարան սկսի գործել։ Ի դեպ, այժմ այդ տարածքում շինարարություն է ընթանում. տեղում աշխատողներ կային, սակայն վստահեցրին, որ չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը և ինչ է լինելու տարածքում. իրենք իրենց իրենց գործն են անում։ 

Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին` օպերատիվ արձագանքել են Կինեմատոգրաֆիստների միության ահազանգին, սակայն խնդիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է։ Ոստիկանները տեղում հասարակական կարգ են ապահովել` թույլ չեն տվել ապօրինությունը շարունակվի և քաղաքապետարանից պատասխանատու անձ են կանչել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին հայտնեց` քաղաքապետարանը տեղյակ է խնդրի մասին և արդեն իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչական իրավախախտումն արձանագրել է։

«Մեր վերոհիշյալ վարչության պետի տեղակալն արդեն իսկ հանդիպել է միության ղեկավարների հետ և հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը, այն է` պարտավորեցնել սրճարանի սեփականատերերին վերացնել իրավախախտման հետևանքները»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այժմ վարչական գործընթաց է գնում, և տեղյակ են նաև, որ իրավապահները քրեական վարույթ են հարուցել գույքի վնասի կամ ոչնչացման առնչությամբ։ Երևանի քաղաքապետարանը նույնպես կադաստրի պետական կոմիտեից փորձում է ճշտել` Կինոյի տան մուտքի աստիճանների հատվածը փաստաթղթերով ում է պատկանում։

Ի դեպ, Կինոյի տունը 515 տեղանոց դահլիճ ունի, որտեղ պարբերաբար անվճար կինոդիտումներ են կազմակերպվում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսանողների համար։ Նշենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն արդեն իսկ հանվել է տարածքից։

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

122
թեգերը:
Կինոյի տուն, Ապօրինի, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Լկտիությունը հասել է գագաթնակետին. քանդվում են մի գիշերում հայտնված ապօրինի շինությունները
Քանդում են նաև Էրեբունու և Նոր Նորքի ապօրինի շինությունները. լուսանկարներ
ՀՀ-ում ավելի հեշտ է ինքնակամ շինություն կառուցել, քան գնալ օրինական ճանապարհով. Թունյան
Սահմանադրական դատարան

Ոչ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը

0
Եկեք անկեղծ լինենք։ Հին ու բարի ժամանակները միտք չունեն ավարտվելու, հիմա կրկին սպասում ենք ՍԴ–ի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշմանը. գոնե այս առումով հետընտրական իրավիճակը ՀՀ–ում բացարձակապես չի փոխվել ուղիղ քառորդ դար շարունակ՝ անկախության հռչակումից ի վեր։

Ո′չ մի նորություն. 25 տարի շարունակ սպասում ենք Սահմանադրական դատարանի արդար որոշմանը
Միանգամից շատ կոնկրետ հարց ուղղեմ բոլորին՝ ակնկալելով միանգամայն անկեղծ պատասխան. «Հիմա, երբ ընդդիմադիր մի քանի կուսակցություններ արդեն հայտնել են Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները բողոքարկելու իրենց մտադրության մասին, դուք հավատո՞ւմ եք, որ դատարանը պաշտոնական վարկածից սկզբունքորեն տարբերվող վճիռ կկայացնի այդ հարցով»։

Քանի որ այս տարի լրանում է մեր Սահմանադրական դատարանի 25-ամյակը, թույլ տվեք շնորհավորել բոլորին այդ առիթով ու նաև շատ հակիրճ անդրադառնալ մեր Սահմանադրականի հետընտրական պատմության որոշ դրվագների։

1995-ի մեր խորհրդարանական ընտրությունները ակնհայտորեն լավը չէին։ Սա ես չեմ ասում. եվրոպացի դիտորդներն այդ ընտրությունները գնահատեցին այսպես՝ ազատ, բայց ոչ արդար։ Նման խիստ, միանշանակ գնահատական միջազգային դիտորդները այլևս երբեք չտվեցին հետագա ընտրություններից որևէ մեկին։ Բա ինչո՞ւ այն ժամանակ ընդդիմությունը չդիմեց ՍԴ։ Շատ պարզ պատճառով՝ 95-ին դեռ Սահմանադրական դատարան չունեինք, նոր էինք Սահմանադրություն ընդունել։ Առանց Սահմանադրության ի՞նչ Սահմանադրական դատարան։

Ով կպատկերացներ, որ կտեսնենք Ալիևին և Էրդողանին Շուշիի կենտրոնում գրկախառնվելիս ու պարելիս

Հաջորդ տարվանից Սահմանադրական դատարանը սկսեց գործել, և միանգամից էլ հայտնվեց շատ բարդ իրավիճակում։ Ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ միավորված էին մի շարք կուսակցություններ, որոնց հաջողվեց իրենց վստահված անձանցով ապահովել ընտրատարածքների գերակշիռ մասը։ Եվ նրանք Սահմանադրական դատարան ներկայացրին կոպտագույն ընտրախախտումների մի մեծ ցուցակ։ Ինքս եմ տեսել՝ հսկայական, հաստափոր տրցակ էր։ Հիմա ասեք խնդրեմ՝ հնարավո՞ր էր արդյոք, որ Սահմանադրական դատարանը, որը ղեկավարում էր մինչ այդ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, որոշում կայացներ նախագահի դեմ։ Շատ ճիշտ եք՝ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր էր, բայց ուրիշ, շատ հեռավոր մի ինչ-որ երկրում, միայն թե ոչ մեզ մոտ։

Սակայն մեր հարազատ Սահմանադրականի պատմությունը վերհիշելիս նաև չեմ կարող չփաստել, որ մեզ մոտ էլ այդ դատարանի հետ կապված այնպիսի ոչ կոնվենցիոնալ, ես կասեի՝ նույնիսկ ֆանտաստիկ, գաղափարներ են շրջանառվել, որոնք աշխարհի ցանկացած այլ պետությունում զուտ որպես շատ սրամիտ կատակ կընկալվեին։ Մինչդեռ մեզ մոտ գրեթե 20 տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո դատարանի ղեկավարն ամենայն լրջությամբ առաջարկում էր անցկացնել իր ձևակերպմամբ՝«վստահության հանրաքվե»։ Բան չունեմ ասելու՝ միգուցե այդ գաղափարը շատ բարի ու ազնիվ նպատակներ էր հետապնդում, բայց ախր շատ անսովոր էր։

Պատկերացնո՞ւմ եք՝ ասենք, անցած կիրակի ես քվեարկել եմ վարչապետի գլխավորած ուժի օգտին, որն էլ հաղթել է։ Իսկ մի քանի օրից ինձ ասում են. «Բայց լա՞վ ես մտածել, միգուցե իրականում ընդդիմության օգտին էիր ուզում ձայնդ տալ։ Գնա, վերջնականապես կողմնորոշվիր, հետո նորից արի ընտրատեղամաս»։

Դժվար է պոկվել վարչապետական աթոռից, կամ կրկին Հայաստանի և Իսրայելի նմանության մասին

Երևի հիշում եք, թե որտեղից ծագեց այդ արտասովոր գաղափարը՝ «վստահության հանրաքվե», որը, բնականաբար, երբեք էլ չանցկացվեց։ Բողոքի ալիք բարձրացավ։ Եվ ի տարբերություն հոր՝ Կարեն Դեմիրճյանի, որը 1998-ին գերադասեց գործ չունենալ Սահմանադրականի հետ, թեև շատերը պնդում էին, թե Արցախում պաշտոնավարած նրա մրցակիցն ընդհանրապես իրավունք էլ չուներ մասնակցելու հայաստանյան ընտրություններին, կրտսեր Դեմիրճյանը դրանից ուղիղ 5 տարի հետո կայացած ընտրությունների ընթացքում կատարված ենթադրյալ ընտրախախտումների ցուցակ ներկայացրեց։

Տրցակն էլի հաստափոր էր՝ 1617 էջ։ Դատարանի եզրակացությունն էլ ավանդական՝ այո՛, խախտումներ եղել են, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Ինչպես տեսնում եք, լավագույն ավանդույթները Սահմանադրական դատարանում սրբորեն պահպանվել են երկուսուկես տասնյակ տարիների ընթացքում։ Հիմա կասեք՝ բա էդ դեպքում դատարան դիմելու իմաստը ո՞րն է, եթե որոշումը նախօրոք, ապրիորի հայտնի է։ Խոստովանեմ` երբեք չեմ հասկացել նման դիրքորոշումը, որն այս վերջին ընտրություններից հետո էլ դրսևորեցին որոշ կուսակցություններ։ Հրապարակավ զայրացած խոսում են բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների մասին, իսկ երբ հարցնում ես Սահմանադրական դատարան դիմելու մասին, բերանները ջուր են առնում։ Է, կներե՛ք, եթե դուք իսկի ձեր սեփական իրավունքների համար պատրաստ չեք օրենսդրորեն պայքարել, խորհրդարան մտնելուց հետո իմ իրավունքներն ինչպե՞ս էիք պաշտպանելու։

Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

0
թեգերը:
Ընտրություններ, Սահմանադրական դատարան, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Կկատարվի՞ արդյոք Հայաստանի նախագահի նվիրական երազանքը
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները
Ինչպես է ՍԴ–ն լուծում ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերը