Բռնություն

Մխիթար Գոշն էլ է գրել բռնության մասին. որքան էր վճարում ամուսինը կնոջը ծեծելու համար

286
(Թարմացված է 10:39 21.07.2019)
Արդեն մի քանի ամիս է` համացանցի հայկական տիրույթում ակտիվ քննարկվում է ընտանեկան բռնության թեման: Թեժ բանավեճերի մասնակիցները միանգամից մի քանի ճակատի են բաժանվել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Գեորգի Մուրադյանը փորձել է պարզել այդ խմբերի դիրքորոշումներն ու հասկանալ, թե որքանով են այդ փաստարկները հիմնավորված։

Գեորգի Մուրադյան, Sputnik.

Մարդկանց կարծիքները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի: Ոմանք կարծում են, որ հայկական ընտանիքներում բռնություն կա և դրա դեմ պետք է պայքարել։ Մյուսներն ասում են, որ ընտանեկան բռնություն գոյություն ունի, բայց իսկական հայկական ընտանիքներում այն չի կարող լինել, և չարժե, որ ԶԼՄ–ները ժամանակ ու ռեսուրս վատնեն նման թեմաների վրա։ Երրորդ խմբի ներկայացուցիչները սկզբում փորձում են պարզել, թե արդյոք զոհը նման վերաբերմունքի արժանացել է իր պահվածքի պատճառով, թե ոչ, և միայն հետո որոշել՝ բռնություն է դա, թե «արդար պատիժ»։

Եվ եթե «հայկական ընտանիքներում բռնություն չկա» թեզը միամիտ է հնչում և հեշտությամբ հերքվում է վիճակագրական` թեկուզ ոչ շատ ճշգրիտ տվյալներով, ապա այն համոզմունքը, թե որոշ դեպքերում բռնությունը կարող է արդարացված լինել, ակնհայտորեն ցույց է տալիս` ինչպես է այդ թեմայի «փակ լինելը» անխուսափելիորեն հանգեցնում հասարակական բարոյականության աղավաղման։

Այսինքն բնակչության մի մասը կարծում է, որ որոշ դեպքերում կնոջը կամ երեխային կարելի է ծեծել, որ դա «հայկական ընտանեկան ավանդույթների» անբաժան մասն է, իսկ բոլոր օրենքները, որոնք կոչված են կանխելու նման դեպքերը, հորինել են գլոբալիստները, ԼԳԲՏ շարժման առաջնորդները, չար Սորոսը, մասոնները կամ որևէ այլ մեկը` հետապնդելով մեկ նպատակ. վերացնել հայկական ավանդական ընտանիքի ինստիտուտը։

Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

Որպես կանոն` բնակչության այդ «կարծիքային խմբի» ակտիվությունն իր գագաթնակետին է հասնում, երբ ԱԺ նոր օրինագիծ է մտնում, որտեղ նույն նախադասության մեջ գոնե մեկ անգամ հիշատակվում են «ընտանիք» ու «Եվրոպա» բառերը։ Եվ անհասկանալի է, թե ինչի դեմ են հանդես գալիս այդ մարդիկ. Եվրոպական արժեքների՞, բռնության կանխարգելմա՞ն, ԼԳԲՏ հանրությա՞ն, թե՞ հերքում են ընտանեկան բռնության փաստը` որպես այդպիսին։

Նման դեպքերում ընդունված է պնդել, որ մենք «միջնադար ենք գլորվում», սակայն հայ միջնադարյան մտածող Մխիթար Գոշին նման համեմատությունը, հավանաբար, կվիրավորեր։ Նրա «Դատաստանագիրքը», որը գրվել է XII դարի վերջին և կիրառվել Կիլիկյան Հայաստանում ընդհուպ մինչև թագավորության գոյությանը ավարտը, ավելի պրոգրեսիվ էր, քան այն ժամանակ գոյություն ունեցող եվրոպական օրենքների ժողովածուները։

Այսպես, սկսած X–րդ դարից մինչև XVI դարի Ռեֆորմացիայի դարաշրջանը, ամբողջ կաթոլիկ աշխարհում ամուսնալուծությունն արգելված էր, այն դեպքում, երբ Գոշի դատաստանագրքում ամուսնալուծության գործընթացին մի քանի գլուխ է նվիրված։ Կարգավորվում էին ոչ միայն հանգամանքները, որոնց դեպքում ամուսիններից մեկը կարող էր դիմել ամուսնալուծության, այլև գույքի հետագա բաժանումը, ընդ որում այդ գործընթացում Գոշը նույնիսկ փորձում էր պահպանել սեռերի հավասարությունը։

Եվ սա, նկատենք, շուրջ 900 տարի առաջ այն բանից, երբ ՀՀ–ում «տղամարդկանց և կանանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը կանվանեն հարված հայկական ավանդական (երբեմն` քրիստոնեական) արժեքներին` «գենդեր» բառի առկայության պատճառով։

Ստիպողական ամուսնությունները որոշ հայ ընտանիքներում նույնպես ընդունված է համարել ֆեոդալական հասարակարգի մնացուկ, սակայն նույնիսկ այստեղ իրականությունը չի համընկնում տարածված մոլորության հետ: Կամավոր համաձայնությունը դրված է «Դատաստանագրքում» շարադրված ամուսնության վերաբերյալ օրենքների հիմքում։ Ավելին, 9-րդ գլխում Գոշն ասում է, որ ամուսինների փոխադարձ ատելությունը ամուսնալուծության բավարար հիմք է, և «ատելության» մեջ մեղադրվողը պարտավոր է տուգանք վճարել ամուսնալուծությունից հետո։ Հետաքրքրական է, որ ամուսիններից մեկի դավաճանության դեպքում նույն օրենքն էր գործում։ Ոչ թե ծեծի ենթարկել, ոչ թե քարկոծում կամ ապտակ, այլ ամուսնալուծություն։

Սոցցանցում տարածվում է ‪#‎բռնության_ձայնը ու ցնցում բոլորին. ի՞նչ կլինի հետո

Կնոջ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը կարգավորվում էին «Դատաստանագրքի» 15-րդ գլխով։ Այսպես, օրինակ, եթե ամուսինը ծեծել է կնոջը, կոտրել է նրա ձեռքը կամ ոտքը, հանել աչքը, կոտրել ատամը, ապա նա պարտավոր էր 2000 արծաթի դահեկան վճարել` դա մոտավորապես 9 կիլոգրամ է, ինչը ներկայիս շուկայական գներով, շուրջ 2 մլն դրամ է։ Դա ավելին է, քան դատարանի որոշմամբ վճարեց Արմավիրի բնակիչ Սոկրատ Գ.–ն, որին 2017 թվականին դատապարտել էին կնոջը ծեծելու համար (ի դեպ Սոկրատ Գ.–ի դեպքում ևս կային մարդիկ, որոնք լուրերի տակ գրված մեկնաբանություններում համարում էին, որ նախ պետք է պարզել, թե արդյո՞ք տղամարդը տեղին է ծեծել, թե ոչ)։

Կիլիկյան թագավորության անկումից հետո «Դատաստանագրքի» մասին չմոռացան, դրանից օգտվում էին Լեհաստանի հայ գաղութներում (այն ժամանակ` XVI դարում թագավոր Սիգիզմունդ I–ը համայնքին ինքնակառավարվելու իրավունք էր տվել), ինչպես նաև Վրաստանում (որտեղ «Դատաստանագիրքը» ներառվել էր թագավոր Վախթանգ VI–ի օրենքների ժողովածուում)։

Գոշի օրենքների ժողովածուում բռնությանը նվիրված առանձին գլուխների առկայության փաստն ինքնին խոսում է երկու բանի մասին. նախ` ընտանեկան բռնությունը, որքան էլ տարօրինակ չհնչի, հայկական ընտանիքներում գոյություն ուներ, երկրորդը` նման բռնությունն արդարացնելու և ազգային ավանդույթների միջև որևէ կապ չկա։

Հազիվ թե հայկական կամ քրիստոնեական ավանդական արժեքների ջատագովները Հայաստանում XII դարի հասարակության արատների մասին գրող աստվածաբան, մտածող և առակագիր Մխիթար Գոշից ավելի լավ գիտեն Աստվածաշունչը կամ հայերի ավանդույթները։

«Այլևս չի կարող շարունակվել». Արսեն Թորոսյանը սարսափել է բռնության մասին պատմություններից

Ավելին, կարելի է համոզված լինել, որ նրանցից շատերն ընդհանրապես պատկերացում չունեն, թե էլ ինչով էր զբաղվում Մխիթար Գոշը, առակներ հորինելուց բացի։ Հակառակ դեպքում նրանք չէին արդարացնի ընտանեկան բռնությունը, ինչպես նաև չէին մտածի, որ ամուսնալուծությունը ևս հակասում է հայկական հիմնարար արժեքներին, և որ ավելի լավ է ատել միմյանց, բայց պահպանել «ընտանիքը», քան ամուսնալուծվել և հանգիստ ապրել։

286
թեգերը:
Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, տղամարդ, Կին, Բռնություն, Հայաստան
թեմա:
Ստամբուլյան կոնվենցիա (19)
Ըստ թեմայի
Արտաշատում երիտասարդները սեռական հարաբերություն են ունեցել 15–ամյա աղջկա հետ
Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց
Անպայման կանայք. ինչպես է «հատուկ ոստիկանությունը» պարզելու սեռական բռնության հարցերը
ՀՀ հատուկ դպրոցներում երեխաները շահագործվում են, բռնության ենթարկվում ու ապրում կեղտի մեջ