Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. բուժվածների կեսը վերադառնում է «անցյալ»

38
(Թարմացված է 12:39 15.07.2019)
Թմրամոլների գերակշիռ մասը տղամարդիկ են, 6951 հաշվառված թմրամոլներից 116–ն են կանայք։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվը 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 6 տոկոսով. այս տարվա հունվարի դրությամբ ՀՀ–ում 6951 հաշվառված թմրամոլ կա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը։

«6951 հաշվառված թմրամոլներից 2100–ը ներերակային միջոցով է ընդունում թմրանյութերը։ Թմրամոլների գերակշիռ մասը տղամարդիկ են, կանայք վերոհիշյալ թվում ընդամենը 116–ն են։ Հիմնականում 30-40 տարեկանների շրջանում է թմրամոլությունն առավել տարածված։ Բարեբախտաբար, անչափահասների թիվն էլ է քիչ հաշվառված թմրամոլների մեջ` 3 անչափահաս»,–ասաց նա։

Սեմերջյանի խոսքով` 6951 թիվը, սակայն, ամբողջական պատկերը չի արտացոլում, քանի որ հաշվառված թմրամոլներ ասելով նկատի ունեն նրանց, ովքեր տարբեր պատճառներով առողջապահության տեսադաշտում են հայտնվել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ բուժում ստանալուց հաջորդող 5 տարիների ընթացքում թմրամոլների ուղիղի կեսը նորից վերադառնում է իր սովորությանը։ Նրա խոսքով` չնայած հաշվառված թմրամոլների քանակն աճման միտում ունի ՀՀ–ում, սակայն մեր երկիրը տարածաշրջանում ամենաբարվոք վիճակում է։

«Վրաստանում, օրինակ, 400 000 հաշվառված թմրամոլ կա։ Միջազգային կառույցները թե՛ մեզ, թե՛ Վրաստանին չեն հավատում, քանի որ կարծում են` մենք ավելի քիչ տվյալներ ենք ներկայացնում, իսկ Վրաստանը` ավելի շատ»,–ասաց Սեմերջյանը։

Անդրադառնալով մարիխուանայի ազատականացմանն ու օրինականացմանը` Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենը նշեց, որ առողջապահության նախարարությունը դեմ է երկուսին էլ։ Ըստ նրա` կանեփից պատրաստվող որոշ թմրամիջոցների կիրառումը որոշ չափով ազատականացված է ՀՀ–ում, քանի որ այն քրեորեն հետապնդելի արարք չէ, և միայն վարչական տույժեր են վճարում դրա համար։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017 թվականի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1/4 միլիարդ մարդ, նրանցից 29,5 միլիոնն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։

Իրանցին փորձել է «Զվարթնոցով» թմրանյութ առաքել Կանադա. ՊԵԿ-ը բռնել է

38
թեգերը:
երեխա, տղամարդ, Կին, թմրանյութ, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանից փորձել են թմրանյութ ներմուծել Հայաստան
Ռուս սահմանապահները կանխել են թմրանյութը Հայաստան բերելու փորձը
ՀՀ քաղաքացուն 5 կգ թմրանյութով ձերբակալել են ռուս–լեհական սահմանին
Թմրանյութերի մաքսանենգության փորձ` Հայաստան - Իրան սահմանին. ԱԴԾ-ն կանխել է