Самолет Airbus A320 авиакомпании Аэрофлот

«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով

781
(Թարմացված է 23:28 22.06.2019)
Ուղևորները մինչև հուլիսի 8-ը կարող են վերադարձնել տոմսերը կամ մեկնել այլընտրանքային երկու քաղաքներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը Վրաստան մեկնելու արգելքից հետո ուղևորներին այլընտրանք է առաջարկում` Թբիլիսիի տոմսն անվճար փոխել Երևանի կամ Վլադիկավկազի տոմսով։

Երեկ` հունիսի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգությունն ապահովելու մասին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն` հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։

Ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ չվերթերը, որոնք իրականացվում էին շաբաթական 14 անգամ։

«Այս պահից Աերոֆլոտի հիմնական ջանքերն ուղղված կլինեն ՌԴ քաղաքացիներին Վրաստանի տարածքից դուրս բերելուն», – գրված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ` այն ուղևորները, որոնք հուլիսի 8-ի (կամ դրանից հետո) Ռուսաստան վերադառնալու տոմս ունեն, կարող են առանց լրացուցիչ վճարի կամ տույժերի թռիչքը տեղափոխել ավելի վաղ ժամկետի (մինչև ավիահաղորդակցության ամբողջական դադարեցումը) կամ վերադարձնել տոմսի ամբողջ արժեքը` խզելով փոխադրման մասին պայմանագիրը։

Ուղևորները, որոնք Վրաստանի ուղղությամբ ավիատոմս են գնել հուլիսի 8-ի կամ ավելի ուշ ժամկետի համար, ամբողջական գումարը կարող են վերադարձնել տոմսը ձեռք բերելու վայրից կամ անվճար փոխել տոմսը այն ամսաթվի համար, երբ չվերթերը դեռ իրականացվում են։ Որպես այլընտրանք` ուղևորներին կարող է առաջարկվել առանց լրացուցիչ վճար գանձելու փոխել չվերթի ուղղությունը` Թբիլիսին փոխարինելով Երևանով կամ Վլադիկավկազով` նախնական տոմսի ժամանակահատվածում։

Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։

781
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Զախարովան սարսափելի սադրանք է անվանել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել. ԶԼՄ
Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը