Վարորդ

Այ քեզ բան. ռոբոտն աշխատանքի է ընդունում մարդուն, իսկ վարորդը «ոչ» է ասում արագաչափին

145
(Թարմացված է 23:45 08.06.2019)
Ստոկհոլմցի ռոբոտը գրասենյակային աշխատանքի է «ընդունվել», իսկ Huawei-ի «նախկին թշնամին» խոսել է չինական ընկերության ազատության մասին։ Բացի դրանից, այդ նույն ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված իր նոր արագաչափը։ Մանրամասները իմանալու համար մնում է կարդալ հերթական «այ քեզ բան» նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթ պարզվեց, որ Google-ը որոշել է սատարել Huawei-ին, ռոբոտին նստեցրել են գրասենյակային աթոռին, իսկ քարտեզներն էլ կօգնեն վարորդներին, որպեսզի այլևս մեքենայի արագաչափից չօգտվեն: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով:

Գործատու ռոբոտը

Ռոբոտները քի՜չ–քի՜չ, բայց համառ քայլերով մարդկանցից խլում են աշխատատեղերը: Ծանր աշխատանք կատարող ռոբոտներով այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի, բայց մեքենաները գրավում են նաև գրասենյակները: Ստոկհոլմի մոտ գտնվող Ուպլանդս Բրուի քաղաքային վարչությունը աշխատանքի է վերցրել... ռոբոտի: Նրանք, ովքեր կցանկանան աշխատել քաղաքապետարանում, ստիպված կլինեն հարցազրույց անցնել ռոբոտի մոտ: Իսկ ռոբոտի առաջնային խնդիրը կինի համացանցային նախագծերի համակարգողի հաստիքի թափուր տեղի համար հարմար թեկնածու գտնելը: Այս մասին հայտնում է thelocal.se-ն:

Ռոբոտ-զրուցավար Tengai-ին նախագծել են ստոկհոլմյան Արքայական ինստիտուտի ռոբոտատեխնիկայի մասնագետները՝ համագործակելով մի գործակալության հետ, որն աշխատակիցներ է փնտրում: Ռոբոտը հաշվի չի առնում թեկնածուի տարիքն ու սեռը, ուշադրություն չի դարձնում ընտանեկան կարգավիճակին և հոբբիին, որովհետև իր առջև մի խնդիր է դրված` գնահատել թեկնածուի պրակտիկ կարողությունները:

Ռոբոտը շատ արդյունավետ կլինի մեծ ընկերություններում և հեռահար աշխատանքի համար մարդկանց աշխատանքի ընդունելու համար: Փոքր ընկերություններում կարևորվում են թեկնածուի անձնական հատկանիշները, և այս հարցում Tengai-ն հարմար չէ, քանի որ նրան չեն հետաքրքրում կոլեկտիվում դիմորդի ինտեգրվելու հավանականությունն ու ընկերասեր լինելու հատկությունները:

Huawei-ն առանց Facebook-ի

Չինաստանի և Ամերիկայի միջև ընթացող տեխնոպատերազմը նոր երանգ է ստացել: Վերջերս ամերիկյան ընկերություններից շատերն իշխանության սահմանած պատժամիջոցների պատճառով հրաժարվել էին Huawei-ի հետ համագործակցելուց: Հիմա էլ հերթը հասել է Ցուկերբերգի թիմին: Այս մասին տեղեկանում ենք reuters-ից:

Facebook-ը պաշտոնապես արգելել է Huawei-ի նոր սմարթֆոններում նախապես բեռնել Facebook, Instagram և Whatsapp հավելվածները: Իսկ նրանք, ովքեր վաղուց ունեին Huawei կամ Honor սմարթֆոններ, այս խնդրին չեն բախվի:

Ինչպե՞ս է սրան արձագանքել Huawei-ը: Ոչ մի կերպ։ Քար լռություն: Նրանք առանց մի ծպտուն ասելու ինչ-որ թաքուն բաներ են անում, համացանցում են հայտնվում Huawei–ի նոր օպերացիոն համակարգի նկարները, կարճ ասած՝ ամեն բան անում են, որպեսզի պատվով դուրս գան այս իրավիճակից:

Google-ը՝ որպես արագաչափ

Google Maps ծառայությունը այսուհետ հնարավոր կլինի օգտագործել որպես արագաչափ և ոչ միայն: Հավելվածը, բացի արագությունը ցույց տալուց, զգուշացնելու է երթևեկության կանոնների խախտումների մասին: Ծառայությունն առայժմ հասանելի է միայն հավելվածի բետա-թեստավորողների մոտ: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Բացի դրանից, այն դեռ չի սպասարկում Android Auto ծառայությունը: Իրականում դա մեզ համար այդքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ Android Auto-ն մեր երկրում չի գործում:

Նշեմ, որ Հայաստանում կարող եք օգտվել Yandex-ի քարտեզներից, որոնք վաղուց կիրառում են Google-ում նորարարություն համարվող ֆունկցիան:

Իսկ եթե ընդհանրապես հրաժարվեք ճանապարհին գաջեթներից օգտվելու սովորույթից, ապա ձեր ճամփորդությունն ավելի անվտանգ կդառնա: 2019 թվականի ապրիլին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երթևեկության ժամանակ գաջեթներից օգտվելը ավելի վտանգավոր է, քան հարբած ղեկին նստելը: Սմարթֆոնով տարված վարորդները 10%-ով ավելի հաճախ են շեղվում, դանդաղ են արգելակում և մեծ արագություն են հավաքում, ինչը կարող է ճանապարհային պատահարի պատճառ դառնալ:

Խնդրում են Huawei-ին հանել «սև ցուցակից»

Անընդհատ սպասում ենք նորությունների, թե ինչ է տեղի ունենալու ամերիկյան ընկերությունների և Huawei-ի միջև: Եվ ահա հերթական «բոմբը»: Ինչպես հայտնում է Business Insider-ը, Google-ի ներկայացուցիչները դիմել են ԱՄՆ-ի առևտրի նախարարությանը՝ խնդրելով, որ Huawei ընկերության նկատմամբ սահմանափակումները վերացնեն կամ հետաձգեն: Պատճառը, ամենայն հավանականությամբ, չինական ընկերության նոր հիբրիդային օպերացիոն համակարգն է:

Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Google-ն առաջիններից էր արձագանքել ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին և հրաժարվել չինական ընկերության հետ համագործակցությունից: Հիմա Google-ը խնդրում է կառավարությանը հանել սահմանափակումները՝ մեկնաբանելով, որ Huawei-ի հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը, քանի որ որոնողական հսկայի կարծիքով` չինական ընկերության նոր օպերացիոն համակարգը Android-ի հիբրիդային տեսակն է, և հնարավոր է` այն շատ սխալներ ու բացեր պարունակի:

Google-ը պաշտոնապես մեկնաբանել է իր արարքը՝ ասելով, որ իր աշխատակիցների միակ նպատակը Huawei օգտագործող միլիոնավոր օգտատերերի անվտանգությունը պահպանելն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Amazon-ը ցուցադրել է նոր դրոն-առաքիչը

Համացանցում են հայտնվել Huawei-ի նոր օպերացիոն համակարգի սքրինշոթները

Ինչու է երեխան լացում. արհեստական բանականությունը կճանաչի նորածնի լացը

Apple-ը հրաժարվում է iTunes-ից և նորագույն հզոր համակարգիչ է խոստանում

Read more:

145
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (137)