Արայիկ Հարությունյան

Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը բացարձակ կեղծիք էր. նախարար

89
Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի որևէ թեկնածություն հանրային չի մեկնաբանում, որպեսզի դա հետագայում չդիտվի որպես ուղղորդում։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր խորհրդի նիստ է, որի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Ես որպես կրթության և գիտության նախարար մասնակցում եմ ԵՊՀ նոր ռեկտորի քննարկումներին, բայց հանրային չեմ մեկնաբանում որևէ թեկնածություն, որպեսզի դա հետագայում չդիտվի որպես ուղղորդում»,–նշեց նա:

Նշենք, որ մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո այսօր ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԿԳ նախարարությունը փորձում է ռեկտորի ԺՊ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին, որ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի վերաբերյալ որևէ շնորհավորանք չի եղել պետական պաշտոնյաների կողմից` ԿԳ նախարարը նշեց.

«Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ: Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա ԵՊՀ 100-ամյակին: Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար, պետական այրերի մասնակցությունը, նրանց ուղերձները, շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ իր հրաժարականի օրը ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել էր, որ պետական կառույցները որևէ կերպ չեն շնորհավորել Երևանի պետական համալսարանին` 100 ամյակի կապակցությամբ և որ 100 ամյակը պետական մակարդակով չնշելը ազգային ամոթ է։

89
թեգերը:
Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), Արայիկ Հարությունյան, Հրաժարական, Արամ Սիմոնյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան
Ըստ թեմայի
ԵՊՀ 100–ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ է. ռեկտորի հրաժարականի տեսանյութը
Խաչատրյան. «ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի շուրջ հնարավոր են սուր զարգացումներ»
ԵՊՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի մայիսի 30-ին. մանրամասներ