ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սոչիից 800 կմ հեռավորության վրա անցկացված ավտոմրցավազքը խանգարել է Վարդան Երեմյանին տրամադրել իր սպիտակ «Պոբեդան» Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին` ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման համար։
Այդ մասին Երեմյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին։
Վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավարարել է լրագրողների հետաքրքրասիրությունն ու պատասխանել հարցին, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստան կատարած նրա այցի ժամանակ չի դիմավորել «Պոբեդա» սպիտակ ավտոմեքենայով, ինչպես Պետդեպի նախկին ղեկավար Ջոն Քերիին։ 2015 թվականի մայիսին Քերիին դիմավորելիս Լավրովը հանդիպման էր եկել սպիտակ խորհրդային արտադրության «Պոբեդայով» և նրան կարտոֆիլ և լոլիկ էր բերել։
Լավրովը կատակել է. «Չգիտեմ` ուր է անհետացել հայը, որն այդ «Պոբեդան» տվել էր ինձ»։
Sputnik Արմենիան գտել է «անհետացած» հային։
«Նրանք ինձ զանգահարել էին, բայց ես մրցումների էի Սոչիից 800 կմ հեռավորության վրա և չէի կարող ավտոմեքենան տրամադրել։ Ափսոս, իհարկե, բայց ես պատրաստ եմ մեղքս քավել և ավտոմեքենան տալ մեր ու նաև ձեր նախարարին», – կատակում է Երեմյանը։
Նա հիշում է նախարարի հետ իր նախորդ հանդիպումը։ Պատմեց, որ նստել է Լավրովի կողքին, իսկ հետևում նստել է թիկնապահը։ Նա չի հուզվել, բայց շատ հպարտ է եղել, որ հայտնի «պարոն ոչ» երկրորդը հենց իր ավտոմեքենան է ընտրել այդ կարևոր իրադարձության համար։
«Նա ինձ հարցրեց` հայ ես։ Ես պատասխանեցի, որ այո, Սոչիի, իսկ նա ասաց. «Իսկ ես Թբիլիսիի»։ Նա լավ մարդ է, մերոնցից է։ Այդ ուղևորությունից հետո մի քանի անգամ հանդիպել ենք։ Բարևել։ Հանդիպումներից մեկում նա հարցրեց. «Ինչպե՞ս է «Պոբեդան», կա՞»։ Ես պատասխանեցի՝ այո, մնում է», – պատմում է ավտոմեքենայի տերը։
Երեմյանը հպարտանում է իր մեքենայի պատմությամբ, որը քառորդ դար առաջ գնել է մի ծեր պապիկից։ Նրա խոսքով` նախորդ տերը եղել է ԽՍՀՄ հերոս, իսկ մեքենան ստացել է Նիկիտա Խրուշչովից ծովային ավիացիայի ռազմական ինքնաթիռի հաջող փորձարկումների համար։ «Պոբեդան» լավ վիճակում չի եղել, բայց Երեմյանը վերանորոգել է այն և կատարյալ տեսքի բերել։
«Ով ասես չի նստել այս մեքենան։ Ստալինի առանձնատանը ֆոտոսեսիայի ենք մասնակցել և ֆիլմում նկարահանվել», – պատմեց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, որ 1909թ–ին Տրապիզոնից գաղթած պապը Հայրենական մեծ պատերազմ է ուղարկել հինգ երեխաներին, և նրանցից ոչ ոք չի վերադարձել։ Սոչիի փողոցներից մեկը, ի պատիվ նրանց, կոչվել է Երեմյան եղբայրների փողոց։
«Ես ինքս ծնվել և մեծացել եմ Սոչիում։ Ես երեք որդի ունեմ. ավագ որդիս Աբխազիայում ՌԴ դեսպանի վարորդն է, միջնեկս պատրաստվում է ծառայել բանակում, իսկ կրտսեր որդիս իմ օգնականն է։ Ի դեպ, կրտսեր որդիս բացել է «Ֆորմուլա 1»–ի մրցուղին Սոչիում։ Մենք բոլորս սիրում ենք ավտոմեքենաներ», – անկեղծացավ հայը։

Երեմյանը խոստովանեց, որ սիրում է հայրենիքը և նա բազմաթիվ հայ ընկերներ ունի։ Առաջին անգամ Հայաստանում է եղել Սպիտակի երկրաշարժի ժամանակ, իսկ վերջին անգամ` 12 տարի առաջ, երբ վիրահատել են սիրտը։ Հիմա մտածում է ևս մեկ անգամ գալու մասին։ Բայց մինչ այդ նա հրավիրում է բոլորին, մասնավորապես նախարար Լավրովին և Sputnik Արմենիայի թղթակցին։ Նա խոստանում է հյուրասիրել և ման տալ «Պոբեդայով»։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։
Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։
Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։
ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել


